13/05/2025

Անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը ու գցելու է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայություն չկա, հետևաբար չկա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարց:

Սա առնվազն տարակուսելի հայտարարություն է, ընդ որում՝ մի քանի պատճառով: Նախ՝ արտաքին գործերի նախարարն ինքն է հայտարարում, որ Արցախում հայ չկա, որովհետև տեղի է ունեցել էթնիկ զտում և բռնի տեղահանում:

Երբ որևէ մեկին բռնի ուժով, առավել ևս էթնիկ պատկանելության պատճառով վտարում են իր բնօրրանից, զրկում իր տնից ու տեղից, սպառնում զրկել կյանքից, եթե նա չհեռանա, դա իրավունքների հարց չէ՞:

Այլ հարց է, եթե Երևանը հրապարակավ հայտարարի, որ Արցախի հայության իրավունքների հարց կա, բայց ինքը չէ այդ հարցի հասցեատերը, այլ հենց արցախահայությունը:

Այդ հայտարարությունը կարող է լինել շատերի համար անընդունելի, շատերը կդատապարտեն, կպիտակավորեն, շատերը կարող են համարել հասկանալի, ընկալելի, նույնիսկ տրամաբանական համարողներ կլինեն, բայց այդ հայտարարությունը չի լինի գոնե դիվանագիտական և իրավական անգրագիտություն:

Ավելին՝ հաշվի առնելով որոշակի նրբերանգներ, շերտեր, մեղմ ասած անընդունելի, բայց, դժբախտաբար, պարտության ու ուժերի հարաբերակցության հետևանքով առկա իրողություններ, դա կարող է անգամ լինել դիվանագիտական հմտություն, երբ Հայաստանը, պաշտոնապես չստանձնելով արցախահայության իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը, նվազագույնն այս փուլում, այդուհանդերձ ճանաչելով նրանց իրավունքների գոյությունը՝ հնարավորություն կընձեռի արցախահայությանը այդ իրավունքների պաշտպանությամբ զբաղվել Հայաստանում:

Այո, խնդիրը շատ բարդ է, խրթին, բազմաշերտ, առավել ևս միջազգային կառուցակարգերի փլուզման պայմաններում: Բայց, ըստ էության, ջայլամի քաղաքականության տրամաբանությամբ հնարավոր չի լինելու խուսափել բարդություններից:

Իսկ Հայաստանի ԱԳ նախարարի արտահայտած բանաձևը, ըստ էության, հենց այդպիսին է՝ Արցախում չկա հայ, ուրեմն չկա արցախահայության իրավունքների պաշտպանության հարց:

Այդօրինակ շեշտադրումները չեն կարող լինել Հայաստանի պետական քաղաքականության նժարը ծանրացնող, որովհետեւ որևէ քաղաքականության նժար ծանրացնում են տրամաբանված դիրքորոշումները:

Երբ դրանցում չկա փաստարկվածության և տրամաբանվածության ներդաշնակ կառուցվածք, դիրքորոշումները ոչ թե ծանրացնում են նժարը, այլ թեթևացնում վարկը: Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող արցախյան հարցը և այդ հարցում արցախահայության իրավունքների խնդիրը շեշտադրել այսպես ասած նախապատերազմյան իրողությունների տրամաբանությամբ և տոնայնությամբ:

Բայց մի ծայրահեղությունից մյուսն ընկնելն էլ համարժեքություն չէ: Իսկ անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը, լինի այս, թե այն ծայրահեղության բարձրությունից: