15/05/2025

Եվրամիության առաջատար երկրները նախընտրելու են Թուրքիայի հետ հարաբերությունների գործնական նշանակությունը

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը ներկա հանգամանքներում չի կարող վերսկսվել՝ չնայած թուրքական հանրության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին:

Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի մայիսի 7-ի լիագումար նիստի մասին մամուլի հաղորդագրության նախաբանում: Եվրախորհրդարանը քննարկել է ԵՄ-Թուրքիա բանակցություններ վերսկսելու նպատակահարմարության հարցով զեկույց, որի հաստատմանը կողմ է քվեարկել 367 պատգամավոր դեմ՝ 74-ը, իսկ 188 եվրախորհրդարանական ձեռնպահ է մնացել:

«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես անհանգստացած են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ձայների հետևողական լռեցմամբ»,- ասված է փաստաթղթում:

Եվրախորհրդարանը դատապարտել է վերջին խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունները և «հարյուրավոր հապշտապ կազմակերպված դատավարությունները, որոնց ընթացքում ոչ մի քրեական հանցանք չի ապացուցվել»:

Որպես գլխավոր եզրակացություն, Եվրախորհրդարանը ձևակերպել է, որ Թուրքիայի կառավարությունը «չի կարողացել վերացնել ժողովրդավարության արմատական թերությունները, որ Եվրամիությանն անդամակցության գործընթացի պարտադիր պայման է»:

Եվրախորհրդարանի այս եզրակացությունն ընդունվում և հրապարակայնացվում է մի փուլում, երբ Թուրքիան բախվում է ներքին լուրջ մարտահրավերների: Երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կստեղծի խորհրդարանական ճգնաժամ՝ հրաժարվելով պատգամավորական մանդատներից, ինչը կհարթի արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհ:

Հանրային կարծիքի հարցման արդյունքներով ԺՀԿ-ի վարկանիշը շուրջ հինգ տոկոսով բարձր է, քան ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Դրան գումարվում է նաև «Քրդական բանվորական կուսակցության» լուծարման հետ ստեղծված իրավիճակը: Թուրքիայում ակնկալիքներ կային, որ ապրիլի վերջին ՔԲԿ-ն համագումար կանցկացնի և կհայտարարի ինքնալուծարման և զինված խմբավորումները կազմացրելու մասին:

Մամուլը նույնիսկ նշել էր, որ համագումարը կհրավիրվի Իրաքի Սուլեյմանիե քաղաքում, բայց տեղի է ունեցել անսպասելի շրջադարձ. քրդական մի քանի կազմակերպություններ սիրիական Կամիշլիում խորհրդաժողով են անցկացրել և բարձրացրել ինքնավար կազմավորում հռչակելու հարց:

Թուրքիան կտրուկ դեմ է Սիրիայում քրդական ինքնավարության ֆորմալ ճանաչմանը և արաբական հանրապետության տարածքային և քաղաքական ամբողջականությունը, նրա ժողովրդի միասնականությունը հռչակել է իր համար կարմիր գիծ:

Այս ֆոնին կարևորություն են ստանում Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաայի Փարիզ այցը, Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունները: Մի քանի օր առաջ ֆրանսիական նավագնացային ընկերությունը ձեռք է բերել Լաթաքիայի նավահանգստի երեսնամյա կառավարման իրավունք:

Եվրամիության առաջատար երկրներից Ֆրանսիան և Գերմանիան շահագրգռված են Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համալիրի հետ ինտեգրացիոն նախագծերով: Թուրքիայի նախագահը վերջերս մի քանի անգամ հայտարարել է, որ առանց Թուրքիայի մասնակցության Եվրոպան չի կարող լուծել սեփական անվտանգության ապահովման հարցը:

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թուրքական տեսլականը բավական մոտ է եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մոտեցումներին:

Այս համատեքստում Եվրախորհրդարանի տարածած տեղեկատվությունը, կարծես, հասցեագրված է առաջին հերթին Թուրքիայի ընդդիմությանը, որ վերջին մի քանի օրերին զգալիորեն թուլացրել է զանգվածային միջոցառումների թափը և ծավալները: Ըստ երևույթին, ոստիկանության կողմից իրականացված հազարավոր ձերբակալությունները հանրության վրա ծանր ազդեցություն են գործել:

Բայց Եվրախորհրդարանի եզրակացությունը գործնականում ի՞նչ կարող է տալ թուրքական ընդդիմությանը: Եվ որքանո՞վ է այդ փաստաթուղթը համապատասխանում եվրոպական «եռյակի» աշխարհաքաղաքական շահերին:

Իր ներկայիս հնարավորություններով Թուրքիան ընտրության տեղ միշտ կարող է ունենալ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ գործարքի գնալու հնարավորությամբ, բայց Եվրամիության այլընտրանքի «միջանցքը» չափազանց սահմանափակ է: Թուրքիան Եվրախորհրդարանի եզրակացությանը դեռևս չի արձագանքել, հայտնի չէ նաև, թե ինչ վերաբերմունք ունի Եվրահանձնաժողովը:

Ավելի հավանական է թվում, որ Եվրամիության առաջատար երկրները նախընտրելու են Թուրքիայի հետ հարաբերությունների գործնական նշանակությունը: Այս ենթադրության օգտին է խոսում անոնսը, որ մոտ ապագայում կկայանա Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հանդիպումը: