Բյուրեղավան համայնքում այս տարի արդեն աղիքային վարակի դրսևորմամբ թունավորման երկրորդ մեծաթիվ դեպքն է գրանցվում։
Բյուրեղավան քաղաքում, Նուռնուս և Արզնի գյուղերում, որոնք ընդգրկված են համայնքի կազմում, ըստ Առողջապահության նախարարության տեղեկատվության, աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որոնցից 6-ի դեպքում քաղաքացիները հոսպիտալացվել են: Հիմնական ախտանիշներն են` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում և ցավ որովայնի շրջանում: Հաղորդագրության համաձայն՝ հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Նրանք այս պահին ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից հետո էլ քաղաքացիները նույն ախտանիշներով շարունակում են դիմել պոլիկլինիկա, և ախտահարման նոր դեպքեր են արձանագրվում։ Ցերեկվա դրությամբ, նրա հավաստմամբ, արդեն 30 քաղաքացի էր դիմել իրենց, իսկ ահազանգերն ու շտապօգնության կանչերը սկսվել էին դեռ նախորդ երեկոյան։ Նա չբացառեց, որ մարդիկ հնարավոր է դիմեն նաև այլ բժշկական հաստատություններ, ուստի տուժած քաղաքացիների հստակ թիվը դեռ հայտնի չէ։
Նախնական վարկածով՝ թունավորման պատճառը կարող է խմելու ջուրը լինել, որի որակի ու սպասարկման պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Նման կասկած են հայտնել նաև այսօր Բյուրեղավանի համայնքապետարանի մոտ «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ բողոքի ակցիա իրականացնող բյուրեղավանցիները: Նրանք համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանից պահանջում են կտրուկ մոտեցում ցուցաբերել ընկերության նկատմամբ, քանի որ համայնքում ջրից թունավորման առաջին դեպքը չէ։
Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքում հատկապես ամառային ամիսներին, երբ սկսվում է ամառանոցային սեզոնը և ջրի պահանջարկը մեծանում է, բնակիչները ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են ունենում. ջուրն ըստ գրաֆիկի չի մատակարարվում, և հաճախ տևական ջրանջատումներ են լինում։ Նրա հավաստմամբ՝ այսօր համայնքապետարանի մոտ հավաքված մարդիկ բողոքում էին նաև ջրի սպասարկման որակից: Այդ դժգոհությունը, տևական ժամանակ է, ինչ հասունանում էր, և թունավորման դեպքերն առիթ դարձան, որպեսզի ի վերջո բնակիչների զայրույթը պոռթկա։ Այդուհանդերձ, նրանք լիահույս չեն, որ խնդիրը կլուծվի, քանի որ նախկինում էլ նման դեպքերի ժամանակ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել ո՛չ թունավորումների, ո՛չ էլ ջրամատակարարման սպասարկման որակի համար։
Համայնքում արձանագրված թունավորման աշխարհագրությունը հուշում է, որ բնակիչները կարող էին հենց ջրից թունավորված լինել, քանի որ որևէ այլ աղբյուր չէր կարող միանգամից երեք բնակավայր ընդգրկող նման մեծ տարածվածություն ունենալ։ Տուժած բուժառուներն իրենք էլ չեն նշել որևէ հստակ մթերք, որը բոլոր թունավորվածները միաժամանակ կարող էին օգտագործած լինել։
Մերի Կարապետյանը խուսափեց հստակ նշել թունավորման աղբյուրը՝ ասելով, որ դա հնարավոր կլինի պարզել միայն փորձաքննության արդյունքներով։ Նա միայն հավելեց, որ ջրի ակունքը Նուռնուսում է, և ջուրն այնտեղից է մատակարարվում համայնքի բնակավայրերին։
Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ առավոտվանից «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) մասնագետներն իրականացնում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր քննություն՝ հիվանդության հավանական աղբյուրն ու փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Ըստ ԱՆ մամուլի քարտուղարի՝ լաբորատոր և համաճարակաբանական հետազոտության արդյունքների վերաբերյալ հստակ պատասխան հնարավոր կլինի տալ միայն երեք օրից։
Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունն, ինչպես միշտ, այս անգամ ևս հապշտապ հայտարարություն տարածեց՝ հերքելով ջրի պատճառով թունավորման մասին տեղեկությունները։
«Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը նմանատիպ հայտարարությամբ հերքել էր իր մեղավորությունը նաև այս տարվա ապրիլին համայնքի նույն բնակավայրերում գրանցված թունավորման դեպքերի ժամանակ։ Հիշեցնենք, որ ապրիլին ևս Բյուրեղավան քաղաքում, Նուռնուս և Արզնի գյուղերում նման ախտանշաններով թունավորման դեպքեր էին արձանագրվել։ Այն ժամանակ հոսպիտալացվել էր 11 հոգի, այնինչ ահազանգ էր եղել 30 դեպքի մասին։ Հիվանդության նախնական աղբյուր կրկին նշվել էր խմելու ջուրը։
Եվ մինչ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» վարակի բռնկման վայրերում ջրից և հիվանդներից կենսանմուշների լաբորատոր փորձաքննություն կիրականացներ, «Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդամենը ժամեր անց շտապել էր հաղորդագրությամբ հերքել ջրից վարակվելու նախնական վարկածը՝ հավաստիացնելով, թե իրենք ջրի փորձաքննություն են իրականացրել և պարզել, որ որակի հետ կապված որևէ շեղում չի եղել։ Մինչդեռ օրեր անց ՀՎԿԱԿ-ի իրականացրած փորձաքննության արդյունքում ջրի մեջ կոլիֆորմ մանրէներ էին հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել էին նաև ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ, որոնք վտանգավոր են մարդու օրգանիզմի համար և մի շարք հիվանդությունների հարուցիչներ են։
Թեև պետական կառույցը հաստատեց ֆրանսիական ընկերության մեղավորությունը Հայաստանի բնակիչների թունավորման հարցում, ստացվում է, որ մեր պետության մյուս գերատեսչությունները, որոնք պատասխանատու են «Վեոլիա Ջրի» գործունեությունը վերահսկելու համար, հավատացին մասնավոր ընկերությանը, և Բյուրեղավանում պատահածը որևէ արձագանք չստացավ։
Ավելին՝ ապրիլին արձանագրված դեպքից երկու օր անց կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց ֆրանսիական ընկերության փաստաբանի դերը։ Պատասխանելով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչների թունավորման հարցում ընկերության պատասխանատվության մասին հարցին՝ նա հայտարարեց, թե «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար․ շատ դեպքերում դա կապված է մեր մոտեցումների և ստորագրված պայմանագրերի անհամապատասխանության հետ։ Փաշինյանը հորդորեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը չդեմոնիզացնել, քանի որ ջրի հետ կապված մեր պետական մոտեցումներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել։
««Վեոլիա Ջուր» ընկերությանը բերել, դրել ենք հնամաշ, քայքայված ջրային համակարգի վրա։ Պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է ներդրումներ անենք, որպեսզի այդ գումարը հետ գա ու արդյունք բերի», – նշել էր Փաշինյանը։
Այս հայտարարությամբ՝ փաստորեն ՀՀ վարչապետն իր վրա է վերցրել խմելու ջրից թունավորումների ողջ պատասխանատվությունը՝ հայտնելով, որ իրենք «Վեոլիա Ջրի» համար համապատասխան պայմաններ չեն ստեղծել, որպեսզի ընկերությունը կարողանա որակյալ ու անվտանգ ջուր մատակարարել հայ բաժանորդներին։ Բայց դե պետական իրավասու գերատեսչություններից ո՞ր մեկի ղեկավարը ռիսկ կանի նրան պատասխանատվության ենթարկել։

Բաց մի թողեք
Միգրանտները կպարտավորվեն հեռախոս գնել Ռուսաստան ժամանելուն պես․ նոր կանոններ են գործելու ՌԴ-ում
Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կարևոր դեր ունեն Վրաստանի տարանցիկ ներուժի զարգացման գործում․ Կոբախիձե
Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը