20/05/2025

Նոր Պապը խորհրդանշում է Վատիկանի հանդեպ ԱՄՆ նոր վարչակազմի ազդեցության շղարշը

Սուրբ Աթոռն ունի նոր գահակալ, որն առաջին անգամ ներկայացնում է Հյուսիսային Ամերիկան, ԱՄՆ-ն: Կարդինալ Ռոբերտ Պրևոստն այլևս Լեո 14-րդ Պապն է, և ինչպես արձանագրել է միջազգային մամուլը, և ինչպես նախօրեին դիտարկեցինք մենք, նոր Պապը, թերևս, խորհրդանշում է Վատիկանի հանդեպ ԱՄՆ նոր վարչակազմի ազդեցության շղարշը:

Իհարկե, գուցե կոռեկտ չէ այդ արձանագրումը դիտարկել այն տրամաբանությամբ, որ Սուրբ Աթոռն անցնում է Վաշինգտոնի աշխարհաքաղաքական «ենթակայության» ներքո, բայց ընդհանուր քաղաքական պրոցեսների տրամաբանության համատեքստում պատկերը, անշուշտ, բավականին նկատելի է և ուշադրության արժանի:

Ինչ տրանսֆորմացիա է ենթադրելու այդ հանգամանքը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդության վարքագծում՝ Վատիկանի քաղաքականության մեջ, դեռ պետք է հետևել:

Ենթադրվում է, որ Վատիկանը կդառնա թե՛ ներարևմտյան, թե՛ համաշխարհային նոր հարաբերություններին այն ճարտարապետության մասնակիցը, որ պատկերացնում է Դոնալդ Թրամփը և նրա թիմը:

Բոլոր դեպքերում, Վատիկանի նոր գահակալի հանգամանքը ուշադրության է արժանի Հայաստանում, որը ակնհայտորեն բաց է թողել սուրբ Աթոռի հետ հարաբերությունների համակարգը վերջին տարիներին: Այն դեպքում, երբ Ադրբեջանի պարագայում տեղի է ունեցել հակառակը և Բաքուն սերտացրել է հարաբերությունը Վատիկանի հետ:

Նոր Պապի հանգամանքը, թերևս, նոր հնարավորություն է Հայաստանի համար, ոչ միայն ինքնին նոր լինելու առումով, այլ նաև այն տրամաբանության ու փիլիսոփայության, որի կրողն է Լեո 14-րդ Պապը՝ Ավգուստինյան միաբանության «աղքատության ուխտի» անդամը:

Սա թերևս նշանակում է, որ նոր Պապն իր աշխարհայացքում ունի էական այլ առաջնորդողներ, քան նյութական ֆինանսական կռվանները, որոնք գերակա են Ադրբեջանի գործիքակազմում: Դա բոլորովին չի նշանակում, որ պետք է հանգել միամիտ եզրակացության, թե կբարդանա Ադրբեջանի գործը:

Ի վերջո, Վատիկանը լոկ Պապը չէ, այլ համակարգ, որի շահերի հետ հաշվի կնստի նաև նոր գահակալը:

Իսկ այդ շահերը երբեք չեն կտրվելու ֆինանսատնտեսական ասպեկտներից: Հարցն այն է, որ նոր Պապի գաղափարական շրջանակը բացում է այլ արժեքների համատեքստում աշխատանքի ավելի մեծ տարածություն, որից օգտվելը, թերևս, պետք է լինի Երևանի նպատակներից և դիվանագիտական առաջադրանքներից մեկը:

Մյուս կողմից, ԱՄՆ հանգամանքը ևս էական է: Թե այն իմաստով, որ նոր վարչակազմը համաշխարհային քաղաքականության կառուցվածքի մասին իր պատկերացումներում նկատելի շեշտ է դնում դավանա-քաղաքական բաղադրիչի վրա, և թե այն իմաստով, որ Հայաստանն ԱՄՆ հետ ունի ռազմավարական գործընկերության հեռանկար ապահովող փաստաթղթային բազա, որի առարկայացումը կարող է օգտակար լինել նաև այսպես ասած «հարակից էֆեկտների», այդ թվում՝ Սուրբ Աթոռի հետ հարաբերության տեսանկյունից: