23/06/2025

Գեղեցիկ է դառնում կյանքը, երբ կողքիդ մաքուր հոգիներ կան …

Ասում են՝ տգեղ ու գեղեցիկ բառեր չկան, ուղղակի ամեն բառ իր տեղը պիտի ունենա խոսքում: Նույնպես կարող եմ ասել, որ տգեղ ու գեղեցիկ մարդիկ չկան, արտաքուստ անգեղ մարդն էլ կարող է դուրեկան լինել, եթե նրա հոգին գեղեցիկ է: Բայց արդյո՞ք միշտ է հրաշալի արտաքինով մարդը գեղեցիկ լինում, երբ նրա հոգին մաքուր չէ:

Երբեմն անտրամադիր ես տեսնում մարդուն, բայց ձգտում ես վերականգնել նրա աչքերի փայլը, հեռացնել նրա պղտոր հոգու խռովքը, ուզում ես բերկրանքով լցնել նրա հուզումնառատ հոգին, եթե սիրազուրկ է, ցանկանում ես քո սիրով սփոփել նրան… Երբ ձեռք մեկնել գիտես, դու գեղեցիկ ես հոգով, որ ամենեւին կապ չունի գեղեցիկ արտաքինի հետ:

Անցնում ես մարդկանց կողքով՝ հանկարծ տեսնում ես մեկը գռեհիկ հայհոյանքներ է թափում, ամաչում ես. գռեհիկ մա՞րդն է գռեհիկ խոսում, թե՞ նրա հոգին է գռեհիկ: Նայում ես՝ արտաքինը գեղեցիկ է, բայց ինչո՞ւ է այդպես խոսում, երբ նրա խոսքում բառերը կորցնում են իրենց տեղն ու փայլը:

Ովքե՞ր են խոսում հոգու մաքրությունից, մաքուր հոգին ո՞րն է… Տեսե՞լ ես մարդու հոգու ցավը, սրբի՛ր նրա աչքերի արցունքը, եթե քո հոգին մաքուր է: Մարդը ծիծաղում է երբեմն իր սրտում ունեցած կորստյան վշտից, ծիծաղել պետք չէ, կանգնեցրու՛ այն անզուսպ ծիծաղը, որ արցունքներից էլ սուրբ է ու ցավոտ:

Բարեւի՛ր նրան, ով շրջապատում անտեսված է, նա ուրախությամբ եւ ծիծաղով կհամակվի, դու ապրի՛ր այդ օրը հենց այդ ծիծաղով, որ անկեղծ է ու կենսալից:

Գլուխ բարձրացնել պետք չէ՝ երկնքին հասնելու համար, գլուխդ իջեցրու՛, որ երկինքը խոնարհվի քո առջեւ, եթե դու խոնարհվելու ընդունակ ես: Գեղեցիկ արտաքի՞ն ունես, մի՛ ծաղրիր այն մեկին, ով գեղեցիկ դեմքի կարոտ ունի, փնտրի՛ր եւ նրա մաքուր հոգին գտի՛ր, որ բռանդ մեջ մեկնես նրան՝ որպես սպեղանի:

Ասում են՝ մարդու դեմքն իր ներաշխարհի արտացոլումն է, նրա դեմքն ու դիմագիծը մշակվում են նրա արարքների, մտածումների համեմատ: Բարեկիրթ մարդու հետ խոսելը դուրեկան է, բայց պետք չէ ծիծաղել այն մարդու վրա, որ խոսելիս երբեմն իրեն կորցնում է:

Ամաչե՞լ գիտի մարդը, հարգի՛ր նրան, զարմանա՞լ գիտի, դու էլ զարմացի՛ր, արտասվե՞լ գիտի, եթե պետք է, դու էլ արտասվի՛ր, իսկ երբ ծիծաղում է արցունքի միջից, դու էլ ծիծաղի՛ր, մինչեւ արտասվես:

Գեղեցիկ է դառնում կյանքը, երբ կողքիդ մաքուր հոգիներ կան, երբ ծիծաղել գիտեն՝ անզուսպ ու մաքուր, սիրել գիտեն՝ հոգու նրբությամբ, ապրել գիտեն՝ մեծ կյանքի սիրով…