Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հիմք ընդունելով Մաքսային կոմիտեի հրապարակած տեղեկությունները, գրում է, որ ադրբեջանական նավթի գնորդների ցուցակում Իսրայելը ներառնված չէ, մինչդեռ մշտապես գտնվել է առաջին հնգյակում և ավելացնում, որ պատկան մարմնին հղած հարցումը՝ «դադարեցվա՞ծ է Իսրայելին ադրբեջանական նավթի մատակարարումը» մնացել է անպատասխան:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Իսրայելը 2024 թվականին Ադրբեջանից գնել է 1,173 միլիոն տոննա նավթ, որի արժեքը կազմել է ավելի քան 713 միլիոն դոլար:
Անկասկած, ադրբեջանական լրատվամիջոցը նավթի վաճառքի մասին տեղեկատվությունը հրապարակել է միայն նրա համար, որպեսզի բացահայտի գնորդների ցանկում Իսրայելի բացակայության փաստը:
Գազայի հատվածում իրավիճակի սրացումից ի վեր առնվազն երկու անգամ Իսլամական համերաշխության կազմակերպության համաժողովի քննարկումներում Իրանը շատ կոշտ քննադատության է ենթարկել մուսուլմանական երկրներին, որ շարունակում են Իսրայելին նավթ վաճառել:
Իշխող գնահատական է, որ Իսրայելը նավթի ներքին սպառման կարիքները գրեթե կիսով բավարարում է Ադրբեջանից գնումների հաշվին, իսկ բեռնափոխադրումներն իրականացնում են թուրքական լցանավերը՝ Ջեյհան նավահանգստից:
Անցյալ տարի Թուրքիայում Ադրբեջանի Rocar պետական նավթային ընկերության գրասենյակը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել: Թուրք ազգայնական երիտասարդները պահանջել են, որ Բաքուն դադարեցնի Իսրայելին նավթի մատակարարումները:
Ադրբեջանական նավթի գնորդների ցանկում Իսրայելի բացակայության մասին տեղեկությունը տարածվել է Երուսաղեմ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի այցից երկու օր անց և Բուդապեշտում Թուրքական պետությունների գագաթաժողովին ընդառաջ:
Արժե այդ համատեքստում ընդգծել նաև արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի Թեհրան այցը, որի ընթացքում նրան ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ըստ երևույթին՝ թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի հետ հարաբերություններում իսրայելա-ադրբեջանական համագործակցության թեման քննարկվել է բավական լուրջ շեշտադրումներով: Ադրբեջանում, իհարկե, վիճակագրական տվյալներին ոչ ոք լիարժեք հավատ չի ընծայում:
Ամենևին էլ բացառված չէ, որ Մաքսային կոմիտեն ունի այլ իրական տվյալներ, բայց հրապարակել է այն, ինչ տվյալ փուլում քաղաքական նշանակություն ունի. Իլհամ Ալիևը հրապարակայնացնում է, որ իսլամական համերաշխությունը բարձր է գնահատել Իսրայելի հետ համագործակցությունից:
Բաքվի իշխանական լրատվամիջոցն առանձնացրել է Իտալիայի կողմից ադրբեջանական նավթի գնումների կտրուկ ավելացման մասին տեղեկությունը, հիմնական գնորդների շարքում նշելով Հունաստանին, Մեծ Բրիտանիային, Իռլանդիային և Ռումինիային: Բացառված չէ, որ մաքսային ձևակերպումներն արվել են այդ երկրների հետ, բայց նրանցից որեւէ մեկի և Իսրայելի միջև պայմանավորվածությամբ տեղի է ունեցել «վերավաճառք»: Նման հարցերը, որպես կանոն, չափազանց դժվար են պարզաբանվում:
Տվյալ դեպքում ուշագրավ է, թե ի՞նչ քաղաքական նպատակ է հետապնդում Իսրայելի հետ հարաբերություններում «առկա սառնության» բացահայտումը և արդյոք այդ տեղեկությունների հրապարակայնացումն իսրայելա-ադրբեջանական պայմանավորվածությունների դրսևորում չէ՞:
Շատ դժվար է հավատալ, որ Ադրբեջանից նավթի գնումները դադարեցրած լինելու դեպքում Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Բաքու այցի կնախապատրաստվեր: Իսկ գուցե այդ այցի նպատակներից մեկն էլ Ադրբեջանից նավթի մատակարարումների վերականգնո՞ւմն էր:
Ադրբեջանի և Իսրայելի միջև նավթային գործարքների իրականացման «հաբը» թուրքական է՝ Ջեյհան նավահանգիստը: Գուցե Թուրքիա՞ն է հրաժարվել ադրբեջանական նավթը Ջեյհանից իսրայելական նավահանգիստներ հասցնելուց:
Բաց մի թողեք
Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթները
Ճգնաժամը խորանում է ռուս – ամերիկյան հարաբերություններում
Հայաստանի անկարողությունների շղթան, այս անգամ նույնիսկ Վրաստանի հետ