17/06/2025

Կրեմլը իրավունքի ուժին հակադրում է ուժի իրավունքը

Ռուսաստանի պետական լրատվամիջոցները հրապարակել են հրադադարի հաստատման սկզբունքների մասին Մոսկվայի հուշագիրը, որ Ստամբուլում փոխանցվել է ուկրաինական կողմին:

Այդ փաստաթուղթը, ըստ էության, համադրում է քաղաքական բոլոր հայտարարությունները, որ ավելի քան երեք տարի է՝ հնչեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ավելի բաց՝ արտգործնախարար Լավրովը: Դա կապիտուլյացիայի վերջնագիր է, որ արդեն ներկայացվում է ոչ միայն Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը:

«Ստամբուլի բանակցությունները նրա համար չեն, որպեսզի ինչ-որ մեկի կողմից հնարած սկզբունքների հիման վրա փոխզիջումային խաղաղություն հաստատվի: Բանակցությունները Ռուսաստանի հաղթանակի և Կիևի նեոնացիստական իշխանության լիակատար ոչնչացման համար են»,-հունիսի 3-ին թելեգրամյան գրառում է կատարել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևը:

Ստամբուլի բանակցություններին ընդառաջ նա սպառնացել էր, որ եթե Ուկրաինան «ողջամիտ պայմանները չընդունի, ապա կկորցնի հարավի խոշոր քաղաքները և Սև ծովի հետ ցամաքային կապը»: Այդ առթիվ արևմտյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Քելոգը ՌԴ նախագահ Պուտինին «խնդրել է խելքի բերել Մեդվեդևին»:

Երևում է՝ Ռուսաստանի նախագահն իր տեղակալին ոչ թե «խելքի գալու», այլ միջազգային հանրությանը միջուկային պատերազմով սպառնալու հերթական խորհուրդն է տվել: Հակառակ պարագայում նա թույլ չէր տա դիվանագիտության պատմության մեջ նախադեպը չունեցող՝ «բանակցություններ՝ հանուն հաղթանակի» վերջնագրային լեզվով խոսել ոչ միայն Ուկրաինայի, այլև արդեն իսկ Միացյալ Նահանգների, Եվրոպայում նրա դաշնակիցների, վստահաբար կարելի է ասել՝ ողջ միջազգային հանրության հետ, որովհետև ներգրավված բոլոր դերակատարները ձգտում են ոչ թե լեգիտիմացնել Ռուսաստանի ագրեսիան, այլ հասնել փոխզիջումային կարգավորման, որ Պուտինին դեմք փրկելու հնարավորություն կընձեռի:

Կարելի է, թերևս, Մեդվեդևի գրառումը համարել ցնցակաթվածի հետևանք, հունիսի 1-ին Ուկրաինայի իրականացրած «Սարդոստայն» հատուկ գործողությունը դեռ շատ երկար է «նյարդայնացնելու» Կրեմլին, բայց ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը հազիվ թե չի հասկանում, որ «բանակցություններ՝ հաղթանակն ամրագրելու համար» դիրքորոշումը լիովին լեգիտիմացնում է ուկրաինական ապագա հարվածները և հատուկ գործողությունները, ինչպես նաև՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը, որովհետև Մեդվեդևի, այսինքն՝ Պուտինի կողմից միջազգային քաղաքականության ընդունված սկզբունքների կոպիտ ոտնահարումն արդեն շոշափում է եվրոպական երկրների անվտանգությունը, Միացյալ Նահանգների հեղինակությունը:

Կրեմլը Մեդվեդևի կողմից գործածված «ինչ-որ մեկի կողմից հնարված ոչ իրատեսական սկզբունքներ» ձևակերպմամբ փաստացի ապալեգետիմիացնում է Պուտին-Թրամփ դիվանագիտական «մարաթոնը», որ պետք է ավարտվեր նրանց հանդիպմամբ և «գործարքի կնքմամբ»: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ինչպես և կանխատեսում էին միջազգային հեղինակավոր փորձագետները, առնվազն մինչև աշուն շարունակելու է պատերազմը:

Այլ տարբերակ Վլադիմիր Պուտինը պարզապես չունի: Ռուսաստանում ազգայնական իմպերիականությունը հասել է մի կետի, որից նահանջը նրան կարժենա պատմական ֆիասկո: Բայց Պուտինի հաղթանակն էլ կնշանակի միջազգային իրավունքի ֆիասկո, համաշխարհային քաղաքականության բոլոր ավանդույթների չեղարկում:

Կրեմլը իրավունքի ուժին հակադրում է ուժի իրավունքը: Ո՞վ և ինչպե՞ս կընդունի այդ մարտահրավերը: Իսկ եթե չընդունի՞: