Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը.
Սպիտակ տանը կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Իր խոսքում վարչապետը նշել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ, Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում։
Այս բեկումնային առաջընթացը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։
Այսօրվա հռչակագրերը, որ անձամբ կստորագրի նաև նախագահ Թրամփը և ստորագրման արարողությանը նա անձամբ ներկա կլինի, վստահություն և երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը:

Այս համատեքստում թույլ տվեք ընդգծել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա: Ես հատկապես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի հետ միասին Հայաստանը կաշխատի՝ կյանքի կոչելու TRIPP-ը՝ Թրամփի ուղին՝ խաղաղության և բարեկեցության համար․ կապակցման նախագիծ, որը կապաշրջափակի ողջ տարածաշրջանը: TRIPP-ը կբացի ռազմավարական տնտեսական հնարավորություններ, որոնք կբերեն երկարաժամկետ օգուտներ: Այն կնպաստի ենթակառուցվածքային ներդրումներին, կխթանի տարածաշրջանային կապակցվածությունը և կամրապնդի ԱՄՆ-ի՝ որպես հակամարտությունների լուծման կարևորագույն դերակատարի առաջատարությունը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին և նրա թիմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ողջ իրողությունը փոխակերպող այս արդյունքին հասնելու գործում ունեցած միջնորդական դերակատարման համար։ Սա լրջագույն գործարք է, որը մենք կնքեցինք այսօր։ Սա հաջողություն է մեր երկրների և տարածաշրջանի համար։ Եվ հաջողություն աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի անվտանգ աշխարհ։ Մեկ նախադասությամբ սա կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ուժ, որը հանգեցնում է խաղաղության։
Պարոն նախագահ, Այսօրվա մեծ նվաճումը հերթական անգամ վկայում է Ձեր համաշխարհային առաջնորդության և համաշխարհային ասպարեզում պետական գործչի և խաղաղարարի՝ Ձեր ունեցած պատմական դերակատարման մասին։ Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է տեսլական, քաղաքական խիզախություն և վճռականություն։ Իսկ ամենակարևորն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է հավատ գործի նկատմամբ։
Ինչպես Սուրբ Աստվածաշնչում է ասվում. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք կկոչվեն Աստծո որդիներ»։ Թող Աստված լուսավորի այս ճանապարհը։ Շնորհակալություն։ Եվ շնորհավորում եմ բոլորիս, Նախագահ Ալիևին, Ձեզ, Ադրբեջանից գործընկերներին, Հայաստանից, ԱՄՆ-ից գործընկերներին, մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, մեր երկրների ժողովուրդներին, շնորհավորում եմ աշխարհին, որովհետև ինչպես ասացի, սրա արդյունքում միանշանակորեն աշխարհն ավելի լավն է դառնալու»:


Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում