Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս։
Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:
«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր՝ ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջանում»,- ասվում է հիմնավորման մեջ:
Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026 թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած՝ 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027 թ. դեկտեմբերի 31-ին:

Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի