Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1991թ. այդ օրը ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու նպատակով անցկացվեց հանրաքվե, եւ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «այո» ասաց անկախությանը։
1991թ. սեպտեմբերի 23-ին էլ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Հենց 1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1992-ի մարտի 2-ին մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։
Այդ օրից ի վեր սեպտեմբերի 21-ը Հայաստանում տոն է համարվում` համերգներ, զինվորական շքերթներ, տոնախմբություններ են կազմակերպվում: Սակայն 2018-ից հետո, իսկ ավելի ցայտուն՝ 2020-ից ի վեր Անկախության տոնին նման շքեղ տոնակատարություններ չեն կազմակերպվում, զինվորական շքերթներն էլ իսպառ վերացվել են: Այս տարի եւս` նախորդ տարիների նման, Անկախության օրն անշուք է անցնելու:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացանք, որ այդ օրը լինելու են հետեւյալ միջոցառումները․ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես, որի ժամանակ ցուցադրվելու են Լուվրի թանգարանից բերված ցուցանմուշներ` Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) եւ արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) եւ այլն: Ներկայացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Ցուցահանդեսը կգործի վեց ամիս՝ մինչեւ 2026 թվականի մարտը: Արմավիրում կկայանա հերթական «Ֆեստիվառ» փառատոնը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տան դահլիճում կկայանա «Էս գիշեր, աշնան գիշեր» խորագրով համերգ: Սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներ կտա` նվիրված ՀՀ անկախությանը:
Թե ինչ կապ կա վերոնշյալ միջոցառումների, ցուցահանդեսների եւ ՀՀ անկախության տոնի միջեւ, մեզ պարզ չդարձավ:
ՊՆ-ի մեր աղբյուրն ասաց, որ սեպտեմբերի 21-ին որեւէ միջոցառում նախարարությունն այս տարի եւս չի նախատեսել: ՊՆ խոսնակը չպատասխանեց զանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչու: Օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին տեղի կունենա օպերային թատրոնի շենքի լույսերի վառման արարողությունը: «Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, ժամը 21:00-ին սիրով հրավիրում եմ բոլորիդ Ազատության հրապարակ՝ մասնակցելու Օպերայի շենքի լույսերի վառման արարողությանը»,- գրել էր նա:

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել