21/04/2026

EU – Armenia

«Պատերազմը դեռ չի ավարտվել, կան չլուծված խնդիրներ»

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վստահեցրել, որ Իսլամաբադը «շարունակում է մնալ որպես անկեղծ միջնորդ և ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:

Իրանի նախագահն իր հերթին ասել է, որ «պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում և լարվածությունը թուլացնելու համար պետք է գործի դրվեն դիվանագիտական բոլոր ռացիոնալ հնարավորությունները»: Փեզեշքիանը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ նկատմամբ «անվտահությունը պահպանվում» է:

Israel Inside-ը հայտնել է, որ ապրիլի 20-ին Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նակվին հանդիպել է Իսլամաբադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Նատալի Բեյկերի հետ:

Պաշտոնապես «քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր», բայց փաստացի հանդիպումը նվիրված է եղել իրանա-ամերիկյան բանակցությունների նախապատրաստմանը: Պակիստանի ՆԳ նախարարը վստահեցրել է, որ «օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը ապահովելու համար բոլոր պայմանները ստեղծված» են:

Նույն աղբյուրը, հղելով արաբական լրատվամիջոցներին, հավելել է, որ «բանակցությունները փակուղային են դարձել»: ԱՄՆ-ը «պահանջում է միջուկային ծրագրի երկարատև սառեցում»: Ամերիկյան կողմը նաև «պահանջում է իրեն հանձնել հարստացված ուրանի պաշարները»:

Ըստ տեղեկությունների, Իրանը համաձայն է «հինգ կամ տասը տարով սառեցնել միջուկային ծրագիրը, բայց հարստացված ուրանի պաշարները կարող է դեպոզիտով հանձնել միայն Ռուսաստանին կամ Չինաստանին»:

Իրանը «ոչ մի փոխզիջում չի ընդունում» Հորմուզի նեղուցի հարցում և «պնդում է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի նեղուցի նկատմամբ իր բացարձակ իրավազորությունը»:

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ: Հայտնի է դարձել, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բանակցային թիմում ընդգրկված չէ:

Թեհրանը դեռևս պաշտոնապես չի հաստատել բանակցություններին մասնակցությունը: Արևմտյան և իսրայելական աղբյուրները տպավորություն ունեն, որ Իրանի «ռազմաքաղաքական վերնախավը վերջնականապես տրոհվել է և անորոշ է, թե իրականում ով է ներկայացնում բարձրագույն իշխանությունը»:

Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իրանը «կընդունի գործարքի պայմանները»: Հակառակ դեպքում նա սպառնացել է «ոչնչացնել բոլոր էլեկտրակայանները և կամուրջները»: Փորձագետների զգալի մասը, դատելով արեւմտյան և իսրայելական մամուլի հրապարակումներից, հակված է ենթադրել, որ «ԱՄՆ-ը և Իրանը կարող են հասնել հրադադարի երկարաձգման համաձայնության, որպեսզի դիվանագետները բոլոր մանրամասնությունները քննարկելու հնարավորություն ունենան»:

Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «պատերազմը դեռ չի ավարտվել, կան չլուծված խնդիրներ»: