«ՀՀ կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել՝ այդ տներում արդյոք մարդիկ ապրում են, թե ոչ։
«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի՝ սահմանին քանի մարդ է բնակեցվել։ Թվերը կան, բնակեցման արդյունքը՝ ոչ։
16 մլն դրամով կառուցված տներից քանիսն են բնակեցվել
Խոսքը «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» այն ծրագրի մասին է, որի շրջանակում քաղաքացիներին տրամադրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տուն կառուցելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղղել կառավարությանը՝ պահանջելով հստակ տվյալներ՝ քանի մարդ է դիմել, քանիսն են դարձել շահառու, որքան գումար է հատկացվել, որ մարզերում և որ բնակավայրերում են կառուցվել տներ, և ամենակարևորը՝ այդ տներից քանիսն են բնակեցված։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է, որ աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր ընդգրկվել է 2319 շահառու։ Նույն պատասխանում նշվում է, որ «ծրագրի 2319 շահառուներից 2272-ն արդեն վարկավորվել են (առնվազն 1 փուլ), որոնց ընդհանուր առմամբ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվել է շուրջ 35 մլրդ դրամ կառուցապատման վարկ, որի գծով ամսական մարումներին ծրագրի մեկնարկից մինչ օրս ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 6.8 մլրդ դրամ»։
Այսինքն՝ պաշտոնական տվյալներով ծրագիրն արդեն անցել է խոշոր ֆինանսական շրջանառության փուլ․ բանկային համակարգով տրամադրվել է շուրջ 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկ, իսկ պետական բյուջեից միայն ամսական մարումների ուղղությամբ արդեն հատկացվել է մոտ 6 միլիարդ 800 միլիոն դրամ։ Այսինքն՝ վերցված վարկերի ամսական վճարումները քաղաքացիների փոխարեն անում է կառավարությունը։ Եթե թվերը բաժանենք վարկավորված 2272 շահառուների վրա, ապա կստացվի, որ մեկ շահառուի հաշվով կառուցապատման վարկի միջին չափը կազմել է մոտ 15.4 մլն դրամ։ Թվերը փոքր չեն, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը՝ այս միլիարդների դիմաց պետությունը կոնկրետ ինչ արդյունք է ստացել։
Ում համար են կառուցվում տները, եթե մարդիկ չեն ապրում այնտեղ
Պատասխանը, մեղմ ասած, անհանգստացնող է։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե քանի տուն է կառուցվել և քանի տուն է բնակեցված, նախարարությունը բառացիորեն պատասխանել է․ «կառուցված տան բնակեցված լինելու փաստը չի մտնում ծրագրին մասնակցության պարտադիր պայմանների մեջ»։ Ավելին՝ նույն պատասխանում նախարարությունը նաև արձանագրել է․ «դեռևս չեն իրականացվել համապատասխան ուսումնասիրություններ կամ մոնիթորինգ՝ ավարտական ակտը ներկայացրած շահառուների կողմից կառուցված տներում բնակվելու փաստը ստուգելու համար, քանի որ ծրագիրը գտնվում է ակտիվ շարունակման փուլում, իսկ տների մեծ մասը դեռ կառուցման փուլում են»։
Սա արդեն պարզապես տեխնիկական բաց չէ։ Սա ծրագրի բովանդակային ամենաթույլ կետն է։
Ինչ է ստացվում․ պետությունը միլիարդներ է մտցրել ծրագրի մեջ, բայց չի ստուգել դրա հիմնական արդյունքը՝ կառուցված տունը բնակեցվա՞ծ է, թե՞ ոչ։ Մինչդեռ այս ծրագրի իմաստը միայն տուն կառուցելը չէ, և տրամաբանական հարց է առաջանում՝ այդ տները, որ կառուցվել են, ում համար են կառուցվել։ Ի վերջո՝ ծրագրի քաղաքական, սոցիալական և անվտանգային իմաստը սահմանին մարդ պահելն է, սահմանամերձ գյուղերում բնակեցում ապահովելն է, համայնքները դատարկվելուց պաշտպանելն է։
Կառուցված և կառուցվող տները՝ ըստ մարզերի
Փոխանցված պաշտոնական պատասխանի համաձայն՝ ծրագիրն իրականացվել է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի 77 գյուղական բնակավայրերում։ Կցված ցանկում, ըստ բնակավայրերի, ներկայացված են հաստատված, վարկավորված և ավարտական ակտ ներկայացրած շահառուների թվերը։ Ընդհանուր տողով նշված է՝ 2319 հաստատված շահառու, 2272 վարկավորված, 272 ավարտական ակտ ներկայացրած շահառու։
Սա նշանակում է, որ առնվազն մեկ փուլով վարկավորված 2272 շահառուներից ավարտական ակտ է ներկայացրել ընդամենը 272-ը։ Այսինքն՝ պաշտոնապես ավարտված համարվող արդյունքը կազմում է մոտ 12 տոկոս։ Այլ խոսքով՝ վարկավորվածների շուրջ 88 տոկոսը դեռ ավարտված տուն չունի։
Իհարկե, նախարարությունը նշում է, որ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, և տների մեծ մասը կառուցման փուլում է։ Բայց նույնիսկ այդ դեպքում լուրջ հարց է առաջանում՝ արդեն հատկացված միլիարդների դիմաց ինչ արագությամբ է ծրագիրը վերածվում իրական, ավարտված բնակելի ֆոնդի։
Տավուշ
Օրինակ՝ Տավուշի մարզում որոշ բնակավայրերում ծրագրի արդյունքը համեմատաբար ավելի տեսանելի է։ Այգեհովիտում 179 վարկավորված շահառուից ավարտական ակտ է ներկայացրել 56-ը, Սևքարում՝ 174-ից 41-ը, Սարիգյուղում՝ 118-ից 36-ը, Կողբում՝ 276-ից 29-ը, Բերդավանում՝ 180-ից 17-ը, Այգեձորում՝ 29-ից ոչ մեկը, Ազատամուտում՝ 42-ից 2-ը, Վազաշենում՝ 8-ից 2-ը։ Կան նաև բնակավայրեր, որտեղ հաստատված կամ վարկավորված շահառուներ կան, բայց ավարտական ակտ գրեթե չկա կամ չկա ընդհանրապես։
Վայոց ձոր
Վայոց ձորում Արենիում 221 վարկավորված շահառուից ավարտական ակտ ներկայացրել է 18-ը, Խաչիկում՝ 40-ից 9-ը, Գոմքում՝ 22-ից ոչ մեկը, Սերսում՝ 6-ից ոչ մեկը, Խնձորուտում՝ 2-ից ոչ մեկը, Նոր Ազնաբերդում՝ 7-ից ոչ մեկը։
Սյունիք
Սյունիքում պատկերը ևս խիստ անհավասար է։ Խնձորեսկում 39 վարկավորված շահառուից ավարտական ակտ ոչ մեկը չունի, Քարահունջում՝ 15-ից ոչ մեկը, Տեղում՝ 32-ից 1-ը, Սյունիքում՝ 9-ից ոչ մեկը, Նռնաձորում՝ 10-ից ոչ մեկը։ Մի շարք բնակավայրերում՝ Կոռնիձոր, Որոտան, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դիցմայրի, Կաղնուտ, Ներքին Հանդ, Սզնակ, Սրաշեն, Ուժանիս, Արավուս, Խնածախ, Շուռնուխ, տվյալները զրոյական են։
Գեղարքունիք
Գեղարքունիքում ամենախոշոր թվերից մեկը գրանցված է Սոթքում՝ 746 հաստատված շահառու, բայց վարկավորվածների և ավարտական ակտ ներկայացրածների թիվը զրոյական է։ Ազատում կա 15 հաստատված և 14 վարկավորված շահառու, բայց ավարտական ակտ չկա, Կութում՝ 8 հաստատված, 3 վարկավորված, ավարտական ակտ չկա, Վահանում՝ 86 հաստատված, 5 վարկավորված, ավարտական ակտ նույնպես չկա, իսկ Նորաբակում տվյալները զրոյական են։
Արարատ
Արարատի մարզում ամենացայտուն օրինակը Երասխն է․ այստեղ պաշտոնապես կա 757 հաստատված շահառու, բայց վարկավորվել է ընդամենը 25-ը, իսկ ավարտական ակտ ներկայացրած չկա։ Պարույր Սևակում կա 70 հաստատված շահառու, բայց վարկավորում և ավարտական ակտ չկա, Տիգրանաշենում տվյալները զրոյական են։
Այս թվերը ցույց են տալիս, որ ծրագիրը մարզերից մարզ, գյուղից գյուղ աշխատում է տարբեր արդյունավետությամբ։ Մի տեղ այն հասնում է շինարարական արդյունքի, մյուս տեղում մնում է հաստատված հայտերի մակարդակում, երրորդ տեղում անգամ վարկավորման փուլ չի մտնում։
Սակայն այս ամբողջ պատմության ամենախնդրահարույց հատվածը մնում է անփոփոխ․ կառավարությունը չի կարող ասել, թե ավարտված 272 տներից քանիսում է իրականում կյանք կա, որովհետև չի ստուգել։
Սա նշանակում է, որ ծրագիրը չափվում է ոչ թե իրական սոցիալական ազդեցությամբ, այլ վարչարարական փուլերով։ Այսինքն՝ հայտը կա, վարկը կա, թուղթը կա, բայց արդյունքը՝ մարդը սահմանին մնացե՞լ է, թե՞ ոչ, պետության համար փաստացի չչափված ցուցանիշ է։
Եթե կառուցված տունը չի բնակեցվել, ապա միլիարդների հաշվետվությունը դեռ չի նշանակում իրական անվտանգային և ժողովրդագրական արդյունք։ Սա նման է մսխված գումարների, որոնք չեն էլ փորձել վերահսկել։ Իրականում «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, որ շատ շահառուներ վերցված գումարի մի մասով կառուցել են տներ, որոնք երբեք չեն կարող բնակեցվել։ Միայն դրսից են նորակառույց տուն երևում։ Բայց դեռ սպասում ենք ծրագրի ավարտին։
Ծրագրի արդյունավետությունը չչափած՝ նոր ֆինանսավորում է արվել
Ու թեև կառավարությունը չի ներկայացրել գնահատումը, արդեն որոշել է ծրագիրն ընդլայնել։ Նախարարությունը հայտնել է, որ «2026 թվականի մարտի 19-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում հաստատվել է թիվ 307-Լ որոշումը, որով նախատեսված է 1417 նոր քվոտա հատկացնել ծրագրի շրջանակում վերոնշյալ որոշմամբ սահմանված նոր պահանջներին բավարարող շահառուների համար»։
Այսինքն՝ գործադիր իշխանությունը ծրագրին ավելացնում է ևս 1417 նոր քվոտա, այն պայմաններում, երբ գործող փուլի արդյունավետությունն ամբողջությամբ գնահատված չէ, բնակեցման փաստը ստուգված չէ, իսկ մոնիթորինգ ընդհանրապես չի իրականացվել։
Կարելի է արձանագրել, որ ծրագիրը ամբողջությամբ ձախողված չէ, որովհետև այն իրոք ստեղծել է լայն շահառուների հոսք, բերել է վարկային մեծ ծավալներ և որոշ բնակավայրերում հասցրել է նաև ավարտական փուլերի։ Հատկապես Տավուշի մի շարք գյուղերում որոշակի առարկայական շարժ նկատվում է։
Բայց նույնքան ակնհայտ է նաև հակառակ փաստը՝ այս փուլում ծրագիրը ապացուցված արդյունավետություն չունի։ Ինչու՞։ Որովհետև կառավարությունը չի ստուգել բնակեցման փաստը, ուրեմն չի կարող ապացուցել նաև ծրագրի արդյունավետությունը։ 272 ավարտական ակտը, մեղմ ասած, գոհացուցիչ ցուցանիշ չէ։»։

Բաց մի թողեք
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել
Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը
Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել Արամ Գրիգորյանը. Լուսանկար