Մայիսի 1-ին Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տվյալ, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։
«Պարզվել է նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել են Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։
Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում՝ տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։
Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմել են փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեք անձ հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Factor.am-ի տեղեկություններով՝ թիրախում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգսյանը։
Ըստ լրատվամիջոցի՝ այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը, պատուհանի ապակին իջեցնելով, բղավել է ու երկու անգամ կրակել է օդ։
«Մեզ հայտնի չէ՝ արդյոք միջադեպն անձնական հարցի է առնչվում, թե կապված է Գևորգ Սարգսյանի քաղաքական գործունեության հետ»,- ասվում է հրապարակման մեջ:

Բաց մի թողեք
Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. Լուսանկար
Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. կան ձերբակալվածներ