14/05/2026

EU – Armenia

Կենտրոնական Ասիայում Թուրքիան այլևս աշխարհաքաղաքական դերակատար է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պետական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա։

Ինչպես հայտնել է tengrinews-ը, նրան ուղեկցում է առաջին տիկին Էմինե Էրդողանը։ Թուրքիայի նախագահական զույգին օդանավակայանում անձամբ դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։

Հաղորդվել է, որ Աստանայում կկայանան Տոկաև-Էրդողան բանակցություններ, ապա կգումարվի երկու երկրների տնտեսական համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստ։ Էրդողանի Աստանա այցի ինտրիգը, սակայն, մայիսի 15-ին գումարվող՝ Թուրքական պետությունների կազմակերպության «ոչ պաշտոնական գագաթաժողովն» է։

ԹՊԿ անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղըզստանը։ Կազմակերպության դիտորդ են Թուրքմենստանը և Հունգարիան։ Անցած երկու տարիներին ԹՊԿ գագաթաժողովներին հրավիրվում է նաև «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»։

Էրդողանի Աստանա այցից երկու օր առաջ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Արևմուտքին մեղադրել է Կենտրոնական Ասիան Ռուսաստանի դեմ «հարթակի վերածելու ջանքերի» մեջ։ Մայիսի 27-28-ին Աստանայում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթաժողովը։ Այդ շրջանակներում նախատեսված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ղազախստան պետական այցը։

Միխայիլ Գալուզինը Կենտրոնական Ասիան անվանել է «Եվրասիայի սիրտը»։ Տարածաշրջանի «սիրտը», ըստ այդմ, Ղազախստանն է, որ ոչ պաշտոնապես համարվում է Թուրքական պետությունների կազմակերպության «ֆինանսական մայրաքաղաքը»։

Թուրքական մամուլի տեղեկացվածությամբ՝ ԹՊԿ Աստանայի գագաթաժողովը «կարող է քննարկել ՄԱԿ-ում կազմակերպության իրավական կարգավիճակի հարցը»։ Կազմակերպությունը մեկ տարի առաջ մշտական քարտուղարություն է ձևավորել և ընտրել գլխավոր քարտուղար, բայց դեռևս միջազգային կարգավիճակ չունի։

Տնտեսական, առևտրային, ներդրումային և կոմունիկացիոն համատեղ ծրագրերից բացի ԹՊԿ-ն քննարկում է «թուրանական բանակ» ստեղծելու հեռանկարը։ Ադրբեջանը և Թուրքիան, Թուրքիան և Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները, ինչպես նաև Ադրբեջանը և Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը արդեն իսկ անվտանգային և ռազմական ոլորտում համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրային հարաբերություններ են հաստատել։

Էրդողանի Աստանա այցը ժամանակային առումով համընկել է ԱՄՆ նախագահի Չինաստան այցին։ Միջազգային փորձագիտական շրջանակները Սի Ժինփին-Դոնալդ Թրամփ բանակցություններից մեծ ակնկալիքներ չունեն։ Տպավորություն է, որ Թուրքիայի նախագահի Աստանա այցը, բայց հատկապես ԹՊԿ «ոչ պաշտոնական գագաթաժողովի» գումարումը հստակ ազդակ է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին, որ Թուրքիան աշխարհաքաղաքական դերակատար է և բոլոր միջոցներով հետամուտ է լինելու իր շահերի իրացմանը։