«Իմ բալի ապրած ամեն րոպեն ու վայրկյանն եմ հիշում։ Մանկության տարիներին շատ հանգիստ երեխա էր Սաքս։ Մենակով եմ մեծացրել իմ տղային, շատ բարդ ճանապարհ ենք միասին անցել, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլին՝ Սարգիսի մայրիկը։
Սարգիսը ծնունդով Արագածոտնի մարզից է՝ Բյուրական գյուղից, բայց վաղ տարիքից մայր ու որդի տեղափոխվել են մայրաքաղաք։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին հրաշալի ունակություններ ուներ մաթեմատիկայից, նաև օտար լեզուներ և ծրագրավորում էր ուսումնասիրում։
Տիկին Լիլին Իրանում է աշխատել, և որդին էլ պարբերաբար նրա հետ մեկնել է այնտեղ։ «Անկեղծ լինեմ՝ որոշել էի, որ այնտեղ մնանք մշտական բնակության, ասեմ, թե ինչու։ Մանկուց իր մեջ նկատում էի հայրենասիրությունը, փոքր տարիքից միշտ ասում էր՝ զինվոր եմ դառնալու։ Ես էլ արձագանքում էի՝ մեծացիր, որ գնաս բանակ։ Պատանի էր, մեկնեցինք, ես Իրանում արդեն բնակարան էի վարձել այն մտքով, որ այնտեղ ենք ապրելու։ Բայց իմ տղան չէր հարմարվում, ինձ ասում էր. «Մամա՛, գիտեմ, թե ինչի ես ինձ այստեղ բերել։ Ես պետք է գնամ Հայաստան, որ ծառայեմ»։ Վերադարձանք Հայաստան, ես մեկնում էի աշխատանքի։ Իր բանակ զորակոչվելու օրերն էին մոտենում։ Իրեն ասել էի՝ հենց ծանուցագիրը գա, ինձ տեղյակ կպահես, որ վերադառնամ։ Այդ օրն ինձ ճանապարհում էր, հասանք ավտոբուսի մոտ, Սաքիս զանգ եկավ։ Ինձ ասաց, որ ընկերներն են։ Այնինչ, ինձ ճանապարհեց, ես նստեցի ավտոբուս, իսկ ինքը մեկնեց բանակ։ Իր ողջ կյանքում տղաս ինքնուրույն է եղել։ Փոքր տարիքից աշխատում էր, ասում էր՝ իմ գումարը պետք է վաստակեմ»։
Սարգիսը ծառայել է նախ Ստեփանակերտի Հայկազովի զորամասում։ «Մեկ տարի երեք ամիս այնտեղ ծառայեց։ Սաքս հրետանավոր էր։ Մի օր շարք են կանգնեցնում և հարցնում՝ ո՞վ կգնա Մատաղիս։ Շարքից 15 հոգի են դուրս եկել, մեկը Սարգիսս է եղել։ Երկու տարվա ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ ինձանից ինչ-որ բան է խնդրել, ես էի իրեն ամեն ամիս քաղցրեղեն և այլ անհրաժեշտ իրեր ուղարկում։ Բայց դրանից հետո ինձ հետ երեք օր չէր խոսում, միշտ ասում էր. «Մամա՛, ես ոչ մի բանի կարիք չունեմ»։ Շատ սիրված է եղել բոլորի կողմից, իր ծառայակից ընկերները հիմա էլ հաճախ պատմում են Սաքիս, նրա հումորների մասին»։
2020 թվականի հուլիսին Սարգիսն ամուսնանում է։ «Իր աշխատանքից դուրս եկավ։ Ֆիլմում նկարահանվելու առաջարկ ուներ։ Սկսվեց պատերազմը։ Սաքս որոշեց, որ պետք է մեկնի մարտի դաշտ։ Իրեն ասում էի՝ ո՞ւր ես գնում։ «Մամա՛, ախպերներս են զոհվում»։ Լաց էի լինում, փորձում իրեն համոզել, հետ պահել, բայց ապարդյուն։ Նա հաստատակամ էր իր որոշման մեջ։ Միայն ասաց. «Մա՛մ, ես հետ եմ գալու, քեզ մենակ չեմ թողնի»։
Սեպտեմբերի 29-ի երեկոյան Սարգիսը մեկնում է Արցախ։ «Դռան մոտ իրեն ճանապարհում էի, գրկեց ինձ, պտտեցրեց։ Բայց ես այդ օրը զգացողություն ունեցա, կարծես նշան տեսա, որ գուցե Սաքիս կորցնեմ։ Սաքս ամեն օր զանգում էր։ Տանից ու անգամ սենյակիցս դուրս չէի գալիս։ Սաքս գիտեր, որ եթե ես ամեն օր իր ձայնը չլսեմ, կխելագարվեմ, կհասնեմ Ղարաբաղ։ Հոկտեմբերի 8-ի ցերեկը՝ ժամը տասներկուսից մինչև մեկը, զրուցել ենք։ Իրեն ասում էի՝ բալես, հետ արի, դա ուրիշ պատերազմ է։ «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք։ Ես նահանջեմ, մյուսը նահանջի, թուրքը հասնի Երևա՞ն»։
Հոկտեմբերի 8-ին է անմահացել Սարգիսը «Մարտունի 2»-ում։ «Այդ օրը յոթ անց կես էր, հարսիկիս ձայն տվեցի, որ սուրճ եփի։ Րոպեներ անց հյուրասենյակի կենտրոնում կարծես հարված զգայի գլխիս ու ցավ՝ կոնքերիս հատվածում։ Զգացի, որ որդուս հետ մի բան պատահեց։ Հարսիկս հանգստացնում էր ինձ, որ նոր ենք խոսել Սաքիս հետ, որ ամեն ինչ կարգին է։ Սկսեցի զանգել տղայիս։ Իր համարն արդեն անհասանելի էր, հեռախոսը վնասվել էր, հիմա տանն է, վրան մինչև հիմա իր արյունն է… Մյուս համարներով էի զանգահարում, որոնցով Սաքս զանգել էր։ Զանգերիս չէին պատասխանում։ Բոլորին իրար էի խառնել։ Շատ անհանգիստ էի, այս ու այն կողմ էի գնում, նստեցի, մի պահ աչքս կպել էր։ Տեսիլք ունեցա, Սաքս պատուհանը ծեծեց, բացեցի, ասաց. «Մա՛մ ջան, կներես ինձ, չեմ կարող գալ, ինձ չսպասես»։ Վեր եմ թռել կարծես երազից ու ասել՝ բալես չի գալու։ Հետո եղբորս տղայի հետ էին կապվել, ասել, որ Սաքս զոհվել է։ Դիրքում հինգ հոգով էին եղել, երկու տղաները զոհվել էին, երեքը՝ վիրավորվել։ Նրանց բոլորին կարողացել էին դուրս բերել։ Հետո արդեն պարզեցի՝ հարվածը դիպել էր որդուս գլխին և կոնքերի հատվածում»։
Սարգիսը տիկին Լիլիի միակ երեխան է։ «Մենք շատ մտերիմ ենք եղել, ոչ միայն մայր ու որդի ենք եղել, այլև ընկերներ։ Ամեն դժվարության միջով միասին ենք անցել։ Հիմա էլ որդիս ամեն պահ ինձ հետ է, իր մասին երբեք անցյալով չեմ խոսում։ Իրարից հեռու էինք մնում, հիվանդանում էինք։ Հիմա կարծես չապրեմ։ Առաջին տարին ուշքի չէի գալիս, բայց Սաքս անընդհատ գալիս էր երազներումս, ասում՝ ես իմ Լիլիին եմ ուզում, մա՛մ։ Սկսեցի խնամել ինձ, հոգ տանել իմ մասին։ Փորձում եմ ոտքերիս վրա ամուր մնալ հանուն Սաքիս»։
Հ. Գ.- Կամավոր Սարգիս Դավթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Բյուրականի գերեզմանատանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Բաց մի թողեք
Մակրոնի դաշնակիցները հերքում են, որ Բրիժիտը Ֆրանսիայի նախագահին ապտակել է իրանցի դերասանուհու հետ հաղորդագրությունների համար
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում