28/05/2026

EU – Armenia

«Ռոսատոմը» Հայաստանին նոր ատոմային հզորություններ է առաջարկում

«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է ատոմային նոր էներգետիկ հզորությունների կառուցման տարբեր՝ համակցված տարբերակներ։

Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Ինչ վերաբերում է 2036 թվականից հետո Հայաստանում ատոմային էներգետիկայի գործունեությանը՝ հարցը բաց է մնում։ Կան տարբեր՝ համակցված առաջարկներ՝ և՛ փոքր հզորությամբ, և՛ մոդուլային, և՛ միջին հզորության, և՛, իհարկե, հզոր՝ գիգավատանոց դասի ռեակտորներով», – ասել է նա։

Լիխաչովի խոսքով, «տասնամյակի կտրվածքով, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման 4-5 տոկոսանոց աճը, Հայաստանի լրացուցիչ պահանջարկը կհասնի մինչև 1 ԳՎտ ընդհանուր հզորության»:

Նա նաև ընդգծել է, որ «Ռոսատոմը» պատրաստ է գնել և հարևան երկրներ արտահանել հայկական ատոմակայանի ավելցուկային էլեկտրաէներգիան:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ատոմակայանը չի տուժել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, սակայն 2 ամիս անց՝ 1989 թվականի փետրվարին կանգնեցվել է և վերագործարկվել 1995 թվականին:

Ի սկզբանե կայանի շահագործման վերջնաժամկետը 2016 թվականն էր, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ ԱԷԿ-ի աշխատանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համալիր միջոցառումների իրականացման համար։