Օրերս կայացած Վլ. Պուտինի եւ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը, ինչպես եւ վերջինիս ծննդյան օրվա կապակցությամբ հնչած շնորհավորանքը որոշակի աշխուժություն առաջացրին Հայաստանի քաղաքական շրջանակներում։
Ոմանք շտապեցին այդ կարճատև շփումը մեկնաբանել որպես ռուս-հայկական հարաբերությունների վերադարձ «նորմալության» հուն։ Հաջորդիվ Մոսկվայից հնչած պաշտոնական նոր հայտարարություններն ու հայկական արտադրանքի արտահանման հերթական սահմանափակումները ցույց տվեցին, որ նման լավատեսությունը անհիմն էր։ Ստեղծված իրավիճակը վկայում է ոչ թե ճգնաժամի հաղթահարման, այլ կողմերի «ամրության փորձարկման» շարունակության մասին։
Այս դրվագը վերջին տարիներին ձեւավորված կայուն միտման հերթական դրսեւորումն էր. Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավն ավելի է ընկղմվում «նարատիվային աշխարհի» մեջ, որտեղ քաղաքական մարքեթինգը, մեդիա-մենեջմենթն ու PR մեքենան փոխարինում են սթափ վերլուծությանը, իսկ իրավիճակային մանեւրը՝ ռազմավարական տեսլականին։ Մինչդեռ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը կառուցվում է հնարավորությունների ու սահմանափակումների, փոխկախվածությունների եւ ընդունվող որոշումների անխուսափելի հետեւանքների անկողմնակալ համադրման վրա։ Ինչպես բնության հետ, այնպես էլ պետական կյանքում ցանկացած անմիտ քայլ կարող է առաջացնել անկանխատեսելի հետեւանքների շղթա. միջատներից ազատվելու գինը թռչունների դայլայլը լսելուց զրկվելն է։ Ուստի, ներկա իշխանությունների արտաքին քաղաքականության գինը ավելի հստակ դրսեւորվում է ոչ այնքան առանձին ընդունված որոշումների բովանդակությամբ, որքան դրանց կուտակային ազդեցությամբ։
Խորհրդանիշներին հետամուտ քաղաքականության գինը
Իշխանության գալուց ի վեր ՔՊ-ի կառավարությունները պարբերաբար կարեւոր ազդակներ է հղել եւ՜ հայ հանրությանը, եւ՜ արտաքին լսարանին։ Դրանց թվում էին՝
●Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար,
●Արցախի կարգավորման բանակցությունները սկսել եմ իմ «զրոյական կետից»,
●«Ղարաբաղը Հայաստան է, եւ վե՜րջ»»,
●Պետք է բանակցել Արցախի հետ,
●Հայաստանի մասնակցության «սառեցումը» ՀԱՊԿ-ում,
●ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացման ինստիտուցիոնալացումը,
●Հռոմի ստատուտի վավերացումը,
●ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը,
●Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երեւանում եւ այլն։
Այս քայլերից յուրաքանչյուրն՝ ըստ նախաձեռնողի, եղել է տրամաբանական և հիմնավորված, սակայն արտաքին քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է ոչ թե քայլերի առանձին դիտարկմամբ, այլ այն ընդհանուր պատկերի հիման վրա, որը ձեւավորվում է այդ քայլերի հանրագումարից։ Այսպես, մինչ օրս անհասկանալի է, թե Հայաստանի համար ի՞նչ իրական քաղաքական-իրավական արդյունք ունեցավ Հռոմի ստատուտի հապճեպ վավերացումը։ Պաշտոնյաները դա հիմնավորում էին 2020–2023 թվականների աղետալի կորուստներից հետո Հանրապետության շահերի պաշտպանության համար որոշ միջազգային-իրավական գործիքներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ։ Սակայն հետագայում Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը» ամրագրեց կողմերի պարտավորությունը՝ դադարեցնել կամ կարգավորել միջազգային իրավական ատյաններում առկա բոլոր միջպետական վեճերն ու գործընթացները։ Այս առումով օրինաչափ հարց է առաջանում. եթե Երևանի ռազմավարական նպատակն Ադրբեջանի հետ հակամարտության քաղաքական-իրավական կարգավորումն էր, արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումից ակնկալվող օգուտներն արդարացրին այն գինը, որը վճարեց Հայաստանը՝ փչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Եվրոպական ուղու իմիտացիա
Երբ ՀՀ կառավարության եվրաինտեգրման քաղաքականության հռչակված նպատակների եւ ընդունված որոշումների տրամաբանության միջեւ առկա հակասությունները դիտարկում ենք Արեւելյան Եվրոպայի փորձի հետ, նկատում ենք, որ ԵՄ-ին անդամակցության որեւէ նախադեպ գոյություն չունի առանց այդ ԵՄ-ի հետ խոր ինտեգրման երկարատեւ շրջանի։ Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան, Բուլղարիան և Խորվաթիան ԵՄ-ի հետ ունեին Ասոցացման համաձայնագրեր, իսկ ներկայիս թեկնածու երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, Բրյուսելի հետ կապված են ինչպես Ասոցացման համաձայնագրերով, այնպես էլ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով։ Այս մեխանիզմները հանդիսանում են ինտեգրման այն պարտադիր եւ նախնական փուլերը, որի ընթացքում պետությունները համապատասխանեցնում են իրենց ինստիտուտները, նորմերն ու կառույցները եվրոպական միասնական չափանիշներին։ Այս ֆոնին ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքականությունը պարադոքսալ է, քանի որ եվրոինտեգրման մասին հայտարարելով՝ երկրի կառավարությունն անգամ չի հիշատակում ո՛չ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ո՛չ էլ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը՝ այն պարտադիր գործիքները, որոնք պաշտոնական Երեւանը որդեգրել էր մինչեւ 2013 թվականը, և որոնք անփոխարինելի են ԵՄ անդամակցությանը հավակնող բոլոր պետությունների համար։ Այստեղ առաջանում է հարց. արդյո՞ք, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ հանրային քննարկումը, իր բացահայտ հռչակագրային բովանդակությամբ և ակնհայտ խորհրդանշական ձեւով, չի վերածվում սխոլաստիկ վեճի, որը շրջանցում է այն պարտադիր միջանկյալ փուլերը, առանց որոնց ԵՄ անդամակցությունը պարզապես անհնար է։
ԵՄ-ին անդամակցության գաղափարը ցանկացած գնով առաջ մղելու՝ ՀՀ ներկա իշխանությունների ճիգերի կապակցությամբ եւս մեկ դիտարկում։ Ինչպես ցույց է տալիս վերջին քարորդ դարում ԵՄ-ին անդամագրված որոշ պետությունների փորձը, եվրոպական մեծ նախագծի հիմքում ընկած ռոմանո-գերմանական մշակութային-իրավական ավանդույթի մեխանիկական փոխառությունն այն ժողովուրդների կողմից, որոնք պատմականորեն չեն մասնակցել դրա ձևավորմանը, չի կարող դիտարկվել որպես անվերապահ բարիք։ Եթե ազգը պատրաստ չէ այդ ավանդույթը լիարժեքորեն ներքնայնացնել, յուրացնել և զարգացնել, ապա նա վտանգում է փոխառել միայն դրա սուռոգատային ձևը՝ առանց ձեռք բերելու այն ստեղծագործաբար նորացնելու և զարգացնելու կարողություն։ Արդյունքում նա իրեն դատապարտում է մշտական ընդօրինակման և փոխառությունների հերթական ալիքների՝ միաժամանակ թուլացնելով սեփական ինքնատիպ մշակութային հիմքերը պահպանելու և զարգացնելու ներուժը։
Թանկարժեք ազդակներ
Իրականացվող քաղաքականության հակասական արդյունքն այն է, որ քաղաքականապես Ռուսաստանից ավելի ու ավելի հեռանալու փորձերի պայմաններում ՀՀ-ն առևտրատնտեսական իմաստով դարձել է նրանից է՜լ ավելի կախյալ, մինչդեռ ԵՄ երկրներ արտահանումը, հակառակը, լճացել է։
Անշուշտ, Արևմուտքը Հայաստանին ընձեռում է նոր և կարեւոր հնարավորություններ։ Սակայն դրանք դեռեւս չեն ապահովում այն շուկաների, էներգետիկ կապերի, լոգիստիկ, միգրացիայի եւ այլ առավելությունների լիարժեք փոխարինումը, որոնցից օգտվում ենք ԵԱՏՄ-ին մեր անդամակցության շնորհիվ։ Ուստի, բացի այն հարցից, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ ինստիտուցիոնալ առումով շարժվել դեպի Եվրոպա, անհրաժեշտ է սթափ դիտարկել նաեւ մեկ այլ հարց. արդյո՞ք ԵՄ-ն կարող է ժամանակին և համարժեք կերպով փոխհատուցել մեր աշխարհաքաղաքական շրջադարձի այն կորուստները, որոնք անխուսափելի են ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով, և որոնց մասին Մոսկվան բացահայտ զգուշացնում է։ Հենց այստեղ է գտնվում ազդակների քաղաքականության եւ հնարավորությունների քաղաքականության, հռչակվող նպատակների ու դրանց իրագործման համար անհրաժեշտ կարողության միջեւ վտանգավոր ճեղքը։
Անվստահությունից դեպի անկանխատեսելիություն
Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրն այսօր ոչ միայն վստահության, այլեւ ոչ պակաս վտանգավոր՝ կանխատեսելիության ճգնաժամի մեջ է։ Երեւանից միաժամանակ և շարունակ հնչող ազդակները՝ ԵՄ անդամակցելու ցանկության և ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկության բացակայության մասին Հայաստանի ղեկավարությունը ներկայացնում է որպես բազմավեկտոր քաղաքականության դրսեւորում։ Սակայն, ինչպես ցույց տվեց Աստանայի գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությունը, մեր «բնակության միջավայրում» նման մոտեցումը ընկալվում է որպես երկարաժամկետ համագործակցության հանձնառության բացակայության վկայություն։ Այս ախտորոշումն անխուսափելիորեն բարձրացնում է քաղաքական եւ տնտեսական ռիսկերը եվրասիական ինտեգրացիոն գործընթացի բոլոր մասնակիցների համար։
ՀՀ քաղաքական պատասխանատուները ցուցադրում են ակնհայտորեն էկլեկտիկ վարքագիծ. չլքել այն կառույցները (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ), որոնք իրենք ավելի ու ավելի քիչ են համարում իրենց շահերին համապատասխանող, բայց միաժամանակ հետեւողականորեն զարգացնել հարաբերություններն այդ կառույցների աշխարհաքաղաքական հակառակորդների հետ։ Սա առավել վառ դրսեւորվեց ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններում։ ՀՀ կառավարությունը մոգոնել է ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերով չնախատեսված «մասնակցության սառեցման» ռեժիմ եւ, չդադարեցնելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ընդլայնում է ՌԴ-ին «ոչ բարեկամական» ՆԱՏՕ-յի անդամ պետությունների հետ համագործակցությունը։ Նման «լուծումը», առաջին հայացքից թույլ տալով հետաձգել «ընտրության պահը» եւ խուսափել Ռուսաստանի հետ կտրուկ խզումից, անտեսում է հիմնարար հարցը. արդյո՞ք ՀՀ կառավարության հռչակած «բազմավեկտորությունը» զարգացման ռազմավարություն է, թե՞ արտաքին քաղաքական օպորտունիզմ է եւ անխուսափելի ռազմավարական ճամփաբաժանից առաջ խուսանավման հնարք։
Ի՞նչ կարող է անել նոր կառավարությունը
Երկրի նոր ղեկավարությունը, ինչպիսի քաղաքական կազմ էլ այն ունենա առաջիկա ընտրությունների արդյունքում, անխուսափելիորեն առերեսվելու է հետևյալ առանցքային հարցին. ինչպե՞ս է ՀՀ-ն մտադիր համատեղել ԵԱՏՄ-ին իր անդամակցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հետ՝ նվազագույնի հասցնելով ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջացող ռիսկերը։
Խնդրի էությունը, ի թիվս այլ հարցերի, անցումն է ազդակների քաղաքականությունից դեպի շահերի քաղաքականության, այսինքն՝ ազգային նպատակների հետեւողական առաջմղումն իր հնարավորությունների, արտաքին սահմանափակումների եւ առանցքային դերակատարների կենսական շահերի հստակ գնահատմամբ։ Ցանկալի է, որ նոր կառավարությունը վերաիմաստավորի մի քանի կարեւոր ճշմարտություն եւ կատարի որոշ բարդ քայլեր։
Առաջինը։ Անհրաժեշտ է ձեւակերպել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների երկարաժամկետ մոդել՝ 10-15 տարվա հորիզոնով։ Ըստ այդմ, եվրոպական ուղղությունը պետք է դիտարկվի բացառապես որպես Հայաստանի հնարավորությունների ընդլայնման նախագիծ՝ այնպես, ինչպես դա անում են Ղազախստանը եւ Ղրղզստանը, ու ինչին նույնիսկ ձգտում է Բելառուսը։ Եվրոպական ուղղությունը չպետք է ներկայացվի որպես Ռուսաստանի փոխարինման նախագիծ, ինչին Հայաստանին անթաքույց կերպով մղում են մի շարք արտաքին դերակատարներ՝ իրենց ռազմավարական նպատակներն առաջ մղելու համար։
Երկրորդը։ ՀՀ արտաքին քաղաքականությունն ունի կանխատեսելիության ու ռազմավարական հստակության լուրջ դեֆիցիտ։ Միջազգային տուրբուլենտության պայմաններում փոքր երկիրը չի կարող ապավինել բացառապես արտաքին քաղաքական իմպրովիզացիային։ Ճկունությունն, անշուշտ, անհրաժեշտ է, բայց այն պետք է հիմնված լինի հստակ ձեւակերպված շահերի, առաջնահերթությունների դասակարգման և թույլատրելիի սահմանների գիտակցման վրա։
Երրորդը։ Հարաբերությունների դիվերսիֆիկացման ցանկացած ռազմավարություն ենթադրում է զգուշավոր, առավել եւս պատշաճ վերաբերմունք ավանդական գործընկերների նկատմամբ։ Ժողովրդական իմաստություն է՝ Մի թքիր այն ջրհորի մեջ, որից ջուր ես խմում։ Անխոհեմ է՝ գիտակցաբար կամ հետեւանքները գնահատելու անկարողության պատճառով, խարխլել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը մինչեւ իրական ու կենսունակ այլընտրանքների ստեղծումը, այսինքն՝ տեսանելի ապագայում, շարունակելու է Հայաստանի համար մնալ կենսական հնարավորությունների աղբյուր։ Նոր ծրագրերը պետք է կառուցվեն ոչ թե «երկնային մանանայի» սպասումների, այլ իրական հնարավորությունների և արտաքին գործընկերների իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների վրա։
Փոքր պետությունները կայուն զարգացում են ապրում ոչ թե իրենց ընտրության մասին հղվող ուղերձների բարձրագոչության և հաճախականության շնորհիվ, այլ այն բանի, թե ինչ ճկունությամբ ու շրջահայացությամբ են ընդլայնում իրենց հնարավորությունների տարածքը՝ նոր գործընկերությունները չկառուցելով եղածների հաշվին կամ ի հեճուկս նրանց շահերի։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան

Բաց մի թողեք
Մամիկոն Ասլանյան․ Փոփոխությունները գալիս են․ Տեսանյութ
Հաշիվը բացված է. վերլուծաբան Տիգրան Դումիկյան
Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին