Ընտրություններում հաղթանակի առթիվ, թերևս, առաջինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորելուց հետո Վրաստանի վարչապետ Կոբախիձեն այցելել է Բիշքեկ։
Դիվանագիտական հարաբերությունների երեսունչորսամյա պատմության մեջ դա Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի Ղրղըստան առաջին այցն է, որի արդյունքներով նա հյուրընկալ երկրի նախագահ Ժապարովի հետ ստորագրել է մի շարք փաստաթղթեր, որ վերաբերելի են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հեռանկարին։
Փորձագետները, սակայն, առավել ուշադրություն են դարձրել Ղրղըզստանի նախագահի հայտարարությանը, որ իր երկիրը ձգտում է Վրաստանի ծովափնյա ենթակառուցվածքների հետ հաղորդակցություն ապահովել, որպեսզի կապվի եվրոպական շուկաներին։
Խոսքը, ինչպես մամուլին հայտնի է դարձել, «ավելի լայն համատեքստի» մասին է։ Տեղեկություն է տարածվել, որ Թբիլիսի-Բիշքեկ հաղորդակցության թիկունքում կանգնած է Չինաստանը», որ ծրագրում է «մինչև Ղրղըզստան երկաթգիծ կառուցել»։
Թբիլիսի-Բիշքեկ բանակցությունները մեկնարկել են ԵԱՏՄ -ում Հայաստանի «կարգավիճակի հարցով» քննարկումներին զուգահեռ։ Կարելի է ենթադրել, որ Ղրղըզստանը լրջորեն քննարկում է Եվրոպայի հետ Ռուսաստանը շրջանցող հաղորդակցության խնդիրը։
Վրաստանը, որ Չինաստանի հետ բավական սերտ համագործակցություն ունի, իր հերթին ձգտում է կարևորել սեփական ենթակառուցվածքները։ Saqinform-ի գլխավոր տնօրեն Խիդիրբեգաշվիլին շտապել է «Հայաստանի մտահոգությունները փարատել» և կանխատեսել, որ Վրաստանը «չի կարող ապահովել Եվրոպայի հետ Չինաստանի և Կենտրոնական Ասիայի առևտրա-տնտեսական հաղորդակցությունը, զգալի բաժին կիրականացվի TRIPP-ի միջոցով»։
Հունիսի 15-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսենբուրգում մասնակցել է ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Կալասը վստահեցրել է, որ ԵՄ-ն Հայաստանին կօգնի՝ պաշտպանելու ինքնուրույնությունը։
Անշուշտ, գնահատելի է, որ Հայաստանի ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման հաջորդ օրը Եվրամիությունը Երևանին աջակցություն է հայտնում։
Այդուհանդերձ, ԵՄ -ն ունի սկզբունքներ և չափանիշներ, որ ենթադրում են համագործակցության «փորձաշրջան» և բյուրոկրատական գործընթացներ, որ կարող են տարիներ տևել։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի անմիջական հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի, հետ Եվրահանձնաժողովի հարաբերությունները զգալիորեն բարդ են։
Ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ Դոնալդ Թրամփին հղած շնորհակավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը TRPP նախագիծը կարեւորել է «Նախիջևանի տարածաշրջանի հետ ուղղակի հաղորդակցության» առումով։ Կարելի՞ է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ձգտում է Հայաստանի հարավում հաղորդակցությունը «դուրս թողնել» Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա աշխարհաքաղաքական «միջանցքից»։
Ի՞նչ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում է նոր «գործարքներ» կնքելու պատրաստակամության մասին։

Բաց մի թողեք
Մեդվեդևի գրքով են այսուհետ կրթվելու Ռուսաստանում
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հարցը
Նաթանյահուի ձգտումներն ու Իսրայելի նկրտումները զրոյի հավասարեցնելու Թրամփի ձգտումը