17/07/2026

EU – Armenia

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը շնորհվել է Արամ Աբրահամյանին․ Լուսանկար

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը շնորհվել է շատ հարգված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։ Մրցանակը շնորհվել էր դեռ մայիսի 26-ին` Դուլյանի ծննդյան օրը, իսկ այսօր տեղի ունեցավ մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողությունը։

Մրցանակը շնորհվել է Հայաստանի ժուռնալիստների միության և մրցութային հանձնաժողովի կողմից` «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր Վարդան Ալոյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Հակոբ Բադալյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանը, 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան Նարեկ Գալստյանը, լրագրող Ալիսա Գևորգյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան Արտակ Հերիքյանը և լրագրող Դավիթ Սարգսյանը։

Մրցանակը շնորհվել է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանին՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար: Հայաստանի ժուռնալիստների միությունից հիշեցրել են, որ 2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնել են մրցանակային արձանիկի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի դրա կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։

Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվել է reArmenia-ի հարթակում` հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026–ի պատճենը։ Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝ «Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։ 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ Մահացել է 2025 թվականի հունվարին՝ 71 տարեկանում։

Արմեն Դուլյանի այրին՝ լրագրող Ռուզան Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ Արմեն Դուլյանն ու Արամ Աբրահամյանը մի շարք ընդհանրություններ, նմանություններ ունեն․ «Նրանք ոչ միայն որպես լրագրողներ են իրար շատ նման, այլև երկուսն էլ գրեթե բոլոր հեռուստակայաններում և ռադիոկայաններում, ինչպես նաև թերթերում աշխատել են, միևնույն ժամանակ երկուսն էլ եղել են մամուլի քարտուղար։ Ինչպես տղաս՝ Հովհաննեսն է ասում Արմեն Դուլյանը պատերազմների հաղթանակների խոսնակն էր․․․․»։

Ռուզան Խաչատրյանն ասում է, որ մրցանակաբաշխությունն ամենամյա է, սակայն այս տարի մայիսը քանի որ նախընտրական շրջան էր, որոշվեց մրցանակը հանձնել հուլիսին․ «Մայիսի 26-ին՝ Արմեն Դուլյանի ծննդյան օրը հայտարարվեց, թե ով է ստանալու մրցանակը, բայց մրցանակաբաշխության հանդիսությունը հետաձգեցինք ավելի հարմար ժամանակի համար։ Գաղափարը՝ առաջին անգամ ծագեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի գլխում, նա բացի ինձանից նաև խորհրդակցել էր Սաթիկ Սեյրանյանի հետ, նաև իմ որդին՝ Հովհաննես Իշխանյանը ուներ նման մտահղացում, արդյունքում Հովհաննեսի և Հարությունից գաղափարը որոշեցինք կյանքի կոչել։ Մրցանակի արձանիկի համար դրահամահավաք կազմակերպեցինք, այն ստեղծեցինք բարձր մակարդակով։ Երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանը շատ տաղանդավոր տղա է։ Սաթիկ Սեյրանյանի, Շաքե Ավոյանի, Հովհաննես Շողիկյանի, Աննա Իսրայելյանի, Հովհաննես Իշխանյանի և էլի շատերի հետ քննարկումներ արեցինք, որի արդյունքում արձանիկը բերեցինք վերջնական տեսքին։ Բնօրինակը միշտ մնալու է ինձ մոտ, իսկ կրկնօրինակը ամեն տարի մրցանակաբաշխության շրջանակներում կշնորհենք հաղթողին։ 600 հազար դրամ մրցանակը, որը հատկացվեց Արամ Աբրահամյանին, ես այնքան էլ մեծ գումար չեմ համարում, կցանկանայի, որ գումարի չափը ավելի մեծ լիներ, սակայն Հայաստանի պայմաններում սկսեցինք փոքր գումարից։ Ես շատ էի ուզում, որ առաջին մրցանակակրի նշաձողը բարձր լիներ, և հենց այդ պատճառով էլ այն շնորհվեց Արամ Աբրահամյանին։ Այն շատ բարձր նշաձող է, ես շատ կուզեմ, որ հետագայում էլ ստանան մրցանակ բոլոր նրանք, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում աչքի են ընկել լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով, անաչառությամբ, և մնացյալ բոլոր այն հատկանիշներով, որոնք նաև դավանում էր Արմեն Դուլյանը։ Դուլյանն ուներ լրագրողական տասը պատվիրան, Արամը լրիվ համապատասխանում է այդ պատվիրաններին, իր վաստակով ու էությամբ, ի դեպ մրցանակը պետք է ստանա Արմեն Դուլյանին գնահատող անձ։ Դուլյանը երբ աշխատանք չուներ, և նրան հեռացրել էին «Շանթ» հեռուստաընկերությունից, Արամը նրան հրավիրեց իր մոտ գրելու, մինչև նոր աշխատանք կունենար»։

Ռուզան Խաչատրյանն ասաց, որ մրցանակաբաշխության երկրորդ մեկնարկը կտրվի 2027-ի հունվարին, իսկ մրցանակակրի անունը հայտնի կդառնա Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ հաջորդ տարի մայիսի 26-ին։

Դուլյանն ուներ լրագրողական 10 պատվիրան, Արամը լրիվ համապատասխանում է դրանց