Թաթարստանում «հալալ-արդյունաբերությունը թափ է հավաքում»,- գրել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա հազետա»-ն և ահազանգել, որ խոսքը միայն մուսուլմանների համար ընդունելի սննդի մասին չէ, առհասարակ «տարածաշրջանում հալալ-ապրելակերպի համալիր քարոզչություն է իրականացվում»։
Դիվանագիտորեն ձևակերպված այս միտքը եթե «վերծանվի», ապա կստացվի, որ ՌԴ սուբյեկտ հանդիսացող Թաթարստանում պետական մակարդակով ներմուծվում են մուսուլմանական կենցաղավարության սկզբունքներ։
Խնդրի լրջությունը պատկերացնելու համար բավական է անդրադառնալ իրավիճակի շուրջ նույն պարբերականին Թաթարստանի մուֆթի Քամիլ Սալիգուլինի հարցազրույցի էական ընդգծումներին։
«Ռուսաստանում մուսուլմանները եկվոր չեն, ինչպես՝ Ֆրանսիայում, մենք այլ հայրենիք չունենք, մենք՝ թաթարներս ծնվել ենք այստեղ և այս տարածքում իսլամ ընդունել ենք ավելի վաղ, քան ռուսները՝ ուղղափառություն»,- ասել է նա և մանրամասնել, որ Ռուսաստանում «իսլամը եկվոր, ներդրված կրոն չէ, խորապես ինտեգրված է հանրային կյանքում, եթե մենք նայենք հատկապես թաթար բնակչությանը»։
Ինչ վերաբերում է սննդին, ապա Թաթարստանի մուֆթին նկատել է տվել, որ ուղղափառությունը «մսի օգտագործման սահմանափակում չունի, և եթե հանրապետության մեր հարևանները ցանկացած մսեղեն սննդում օգտագործում են, ապա «հալալը» հենց այն է, որ մեզ միավորում» է։ Այս միտքը հիմնավորելու համար նա բերել է օրինակ:
«Ենթադրենք մենք միասին գտնվում ենք մանկապարտեզում կամ նույն դպրոցում։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է սնվել «հալալով, իսկ երբ դուք բերում եք միս, որ օգտագործում են միայն ոմանք, իսկ մյուսները՝ ոչ, ապա դա արդեն տարբերակում է, բաժանում»։
Ավելին, մուֆթի Սալիգուլինը պարզորոշ ասել է: «Մենք այլ սնունդ չենք ընդունի, եթե անգամ դա մեզնից պահանջվի, որ «հալալ» չօգտագործենք։ Ինչքան էլ այդ մասին ասվի, մենք չենք փոխվելու, պարզապես հակամարտությունը կսրվի։ Ուժի դիրքերից հարաբերությունները չեն գործում։ Եվ եթե անգամ ուղղափառները թվաքանակով շատ են, միեւնույն է, նրանք պետք է մուսուլման հարեւանների հանդեպ ընկալունակ գտնվեն»։
Թաթարստանի մուֆթին փաստացի ասում է, որ Ռուսաստանի տարածքում թաթարները նախաբնիկ են, ունեն իրենց առանձին դավանանքը, որ ավելի վաղ են ընդունել, քան ռուսները՝ ուղղափառություն, և նրանք երբեք իրենց կրոնից, կենցաղավարության սկզբունքներից չեն հրաժարվելու, իսկ եթե ենթարկվեն պարտադրանքի, ապա դա միայն խնդիրը սրելու է, հասցնելու է հակամարտության, ուստի Թաթարստանի ուղղափառ բնակիչներին մնում է «ընկալունակ գտնվել»։ Այսինքն, ճանաչել իրողությունը և համակերպվել։
Շուրջ քառասուն տարի Հրանտ Մաթևոսյանը հարցազրույցներից մեկում օգտագործել է «Ռուսաստանի ներքին Թուրքիա» ձևակերպումը։ Կարելի է ասել, որ նրա կանխատեսումը այսօր իրականություն է։
Ուղղափառ Ռուսաստանը ինչպե՞ս է կարգավորելու «ներքին Թուրքիայի» հետ հարաբերությունները, կարգավորելո՞ւ է, արդյոք, ցույց կտա ժամանակը։ Բայց իրականությունը փաստել պետք է, որովհետև խնդրի այս կամ այն «մատրիցայով» հանգուցալուծումը վճռորոշ է լինելու նաև Հարավային Կովկասի համար։

Բաց մի թողեք
Ութերորդ անգամ … ընդամենը այս տարվա ընթացքում
Մեկը բեղով, մեկը անբեղ, երկուսն էլ՝ մի բոյի. Րաֆֆի Հովհաննիսյան
Ինչո՞ւ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը