24/07/2026

EU – Armenia

Ռուս – ամերիկյան «մեծ գործարք է պատրաստվում» Թրամփի թեթև ձեռամբ

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացել է ՌԴ արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հանդիպումը։ Դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին ասել է, որ «նախաձեռնություն ցուցաբերել է ամերիկյան կողմը»։

Լավրովը և Ռուբիոն Մանիլայում մասնակցել են ASEAN-ի նախարարական խորհրդաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռուսաստանյան կողմից հանդիպմանը մասնակցել են փոխարտգործնախարար Ռուդենկոն և ԱԳՆ արտաքին քաղաքականության ծրագրավորման դեպարտամենտի տնօրեն Դրոբինինը և ASEAN-ում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Զագայնովը։ Ամերիկյան կողմից ներկա են գտնվել փոխպետքարտուղար Հուկերը և նախագահի հատուկ բանագնաց Գորը։

Բանակցությունները տեւել են ընդամենը 35 րոպե, Լավրովը և Ռուբիոն մամուլի համար հայտարարություն չեն արել։ Լրագրողներին թույլատրվել է բանակցությունների սենյակում գտնվել տանսհինգ վայրկյան։

Այդ ընթացքում ամերիկացի լրագրողներից մեկը պետքարտուղարին հարցրել է՝ արդյոք պատրաստվո՞ւմ է Լավրովից բացատրություն ստանան Իրանին Ռուսաստանի ռազմական աջակցության մասին, ինչին Ռուբիոն չի արձագանքել։

Ըստ ՏԱՍՍ-ի, Լավրով-Ռուբիո բանակցություններում քննարկվել է երեք հարց՝ Ուկրաինա, Պարսից ծոց և կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի բարելավում։ Լավրով-Ռուբիո հանդիպման նախօրեին ուկրաինական թելեգրամյան ալիքները գրել են, որ Սպիտակ տունը Կրեմլին առաջարկել է «գործարքը ընդլայնել և ներառնել նաև իրանական կարգավորումը, բայց մերժում է ստացել»։

Մանիլայի բանակցությունների օրակարգում Ուկրաինայի և Պարսից ծոցի հարցերի ընդգրկումը, կարծես, վկայում է, որ այդ տեղեկությունը մոտ է իրականությանը։ Այս ենթադրության օգտին է խոսում ՌԴ ԱԳՆ հրապարակած տեղեկությունը, ըստ որի արտգործնախարար Լավրովը վերահաստատել է «ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը Ռուսաստանի պատրաստակամությունը և Անքորիջի գագաթաժողովում ամերիկյան առաջարկություններին հավատարմությունը»։

Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Անքորիջում «համաձայնություններ ձեռք չեն բերվել, եղել են քննարկումներ»։

Ավելի վաղ Լավրովը ասել է, որ Անքորիջի «ոգին ցնդել» է, իսկ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպումը պայմանավորել է Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի «դիրքորոշումը պարզելու» անհրաժեշտությամբ։ Երևում է, ամերիկյան կողմը ընտրել է «ծառայություն՝ ծառայության դիմաց» սկզբունքը։

Անքորիջի «ոգին ցնդել» է, երբ, ինչպես Մոսկվան է ներկայացրել, ԱՄՆ նախագահը «Կիևի վարչախմբի նկատմամբ բավարար ճնշումներ չի գործադրել»։ Վաշինգտոնը, կարծես, առնվազն ակնկալում է, որ Ռուսաստանը գործի կդնի Իրանի նկատմամբ «ազդեցության լծակները»։

Իրանի հարցում Դոնալդ Թրամփը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, բայց Ռուսաստանը Իրանին «սեղմելու» մտադրություն կունենա՞ կամ Թեհրանը կընդունի՞, որ իր համար էքզիստենցիալ նշանակության հարցերը կարգավորվեն ռուս-ամերիկյան համաձայնությամբ։ Այս հարցերի պատասխանը, ամենայն հավանականությամբ, բացասական է։