Ամառային շոգը զգալիորեն մեծացնում է սննդային թունավորումների վտանգը։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում սննդամթերքը շատ արագ է փչանում, իսկ դրա պահպանման կամ ընտրության նույնիսկ փոքր սխալները կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
Սննդաբան Հասմիկ Աբովյանը նշում է, որ սննդային թունավորումների ամենահաճախ հանդիպող պատճառները կաթնամթերքը, ձուկը, ձուն և միրգ-բանջարեղենն են։ Սակայն, նրա խոսքով, խնդիրը շատ դեպքերում ոչ թե հենց մթերքն է, այլ դրա ոչ ճիշտ պահպանումն ու մշակումը․ «Ամռանը մարդիկ նախընտրում են ավելի շատ մրգեր և բանջարեղեն օգտագործել, սակայն պետք է հիշել, որ նույնիսկ ամենաթարմ սնունդը շոգ եղանակին կարող է շատ արագ դառնալ վտանգավոր, եթե չի պահպանվում համապատասխան պայմաններում։ Այդ պատճառով կարևոր է մթերքները մշտապես պահել սառնարանում»։
Հասմիկ Աբովյանը հատուկ ուշադրություն է հրավիրում նաև մրգերի և բանջարեղենի ընտրությանը։ Նրա խոսքով՝ գնում կատարելիս անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել դրանց արտաքին տեսքն ու ամբողջականությունը։ Եթե պտղի վրա կան ճաքեր կամ վնասված հատվածներ, մեծ է հավանականությունը, որ մանրէներն արդեն ներթափանցել են ներս, և նույնիսկ մանրակրկիտ լվանալը չի կարող լիովին վերացնել վտանգը։ Սննդաբանը նաև զգուշացնում է, որ սննդամթերքը պետք է գնել միայն հատուկ նախատեսված վաճառքի կետերից։ Փողոցային, չվերահսկվող պայմաններում վաճառվող սննդամթերքը կարող է չպահպանվել անհրաժեշտ ջերմաստիճանում և դառնալ թունավորման աղբյուր․ «Շատերը շուկայում կամ փողոցում նախ համտեսում են միրգը, ապա նոր գնում։ Դա նախ հիգիենիկ չէ և, երկրորդ, անթույլատրելի է։ Իսկ արդեն կտրատված ձմերուկը կամ սեխը գնելն ընդհանրապես պետք է բացառել։ Ձմերուկի և սեխի կեղևի վրա կարող են լինել բազմաթիվ մանրէներ, որոնք կտրելու ընթացքում անցնում են պտղի մեջ։ Այդ պատճառով դրանք կտրելուց առաջ անհրաժեշտ է պարտադիր մանրակրկիտ լվանալ, քանի որ անհնար է իմանալ, թե ինչ պայմաններում է եղել և ինչ ճանապարհ է անցել տվյալ միրգը մինչև մեզ հասնելը»։
Սննդաբանի խոսքով՝ ամռանը սննդային թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը պարզ կանոնների պահպանումն է՝ մթերքը գնել վստահելի վայրերից, ուշադրություն դարձնել դրա թարմությանն ու արտաքին տեսքին, պահպանել համապատասխան ջերմաստիճանում և չանտեսել նույնիսկ ամենապարզ հիգիենիկ կանոնները։ Հենց այս սովորությունները կօգնեն ամառվա ընթացքում պահպանել առողջությունն ու խուսափել անցանկալի հետևանքներից։

Բաց մի թողեք
Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը. Լուսանկար
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել