Ինչպես ավելի վաղ հայտնել էի, հունիսի 18-ին իմ կողմից դատական հայց է ներկայացվել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում հնչեցված կեղծ մեղադրանքների ու վիրավորանքների համար պաշտոնական ներողություն խնդրելու պահանջով։
Հայցը վարույթ ընդունելուց հետո նրա փաստաբանը դիմել է դատարան՝ հայցը մերժելու խնդրանքով։
Ն․ Փաշինյանի վիրավորանքներն ու ագրեսիվ հայտարարությունները՝ «փախած», «ինչու չես զոհվել», Հայաստանից ինձ վտարելու սպառնալիքները,․․․ վարչապետի փաստաբանը, կեղծելով իրականությունը, մատուցում է որպես օրինավոր քաղաքական վեճ՝ նշելով․ «Արտուր Օսիպյանը հանդիսանում է քաղաքական գործիչ, և կողմերի միջև ծավալվել է քաղաքական բանավեճ»։
Դրա հետ մեկտեղ իմ բացառապես քաղաքական հարցադրումները որակվեցին որպես «սադրանք» և «քարոզարշավի խոչընդոտում»։ Դատախազությունը հարուցեց քրեական գործ՝ դարձնելով այն հատուկ ծանր հանցագործությունների բաժնի քննման առարկա։ Դատարանի ապօրինի որոշմամբ արժանացա կալանավորման և ստիպված դիմեցի 24-օրյա հացադուլի, քանի որ զրկված էի իրավունքներս պաշտպանելու այլ իրավական մեխանիզմներից։
Իմ խափանման միջոցի փոփոխումը հնարավոր դարձավ միայն համառ դիմադրության շնորհիվ․ տասնյակ, միգուցե հարյուրավոր մարդիկ պայքարում էին փողոցում, իսկ հազարավոր քաղաքացիներ լուրջ աջակցություն էին ցուցաբերում տեղեկատվական դաշտում։ Կարևոր դեր ունեցան եվրոպական երկրների և ԵՄ-ի դեսպանները, ինչպես նաև հեղինակավոր միջազգային իրավաբանական կազմակերպությունները։ Կատարվածը շատերը որակեցին որպես Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդում։ Նույնիսկ եթե ենթադրենք, թե դատախազությունն ու դատարանը գործում էին անկախ և առանց Փաշինյանի հրահանգի են շինծու քրեական վարույթ նախաձեռնել, ապա այդ դեպքում վարչապետը՝ որպես Սահմանադրության երաշխավոր, ուղղակի պարտավոր է օրենքով պատժել ապօրինի որոշում կայացրած դատավորին և դատի տալ դատախազությանը՝ նման անհեթեթ մեղադրանքների համար։
Զարմանալին այն է, որ վերոնշյալ պայմաններում դատարանին միջնորդում են մերժել վարչապետի դեմ ներկայացված հայցը, սակայն միաժամանակ ուժի մեջ է թողնվում իմ դեմ հարուցված շինծու քրեական գործը։ Իշխանությունները, ոչ մի բանից չխորշելով, ակնհայտորեն վարում են ընտրովի արդարադատության քաղաքականություն, կարծես թե այդպես էլ պետք է լինի, և հենց դրան է արժանի ՀՀ քաղաքացին։
Տեքստը չծանրաբեռնելու համար մանրամասնությունները չեմ շարադրում, դրանց կանդրադառնամ սեպտեմբերի 24-ին կայանալիք դատական նիստին։
Արթուր Օսիպյան

Բաց մի թողեք
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր
Ադրբեջանում նորածին աղջիկ երեխաներին սկսել են անվանակոչել «Մարիամ»
ՔՊ-ականները միայն տիրադավների մոտ են մկրտվում. Լուսանկար