19/08/2026

EU – Armenia

Թող չբզբզան. ես լինելու եմ ակտիվ Անվտանգության խորհրդի քարտուղար. Ալեն Սիմոնյան

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին և շեշտել, որ չի պատրաստվում չարձագանքել, երբ իր մասին խոսում են։

Նրա խոսքով՝ ինքը կարձագանքի այնպես, ինչպես տվյալ պահին ճիշտ կհամարի։

«Ես հանրային քաղաքական գործիչ եմ շատ վաղուց և կրկնում եմ՝ թող չբզբզան»,- 24News-ի հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

Նա նաև անդրադարձել է այն կարծիքին, թե Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ենթադրում է ավելի փակ ու զուսպ հանրային վարքագիծ։

«Ես լինելու եմ ակտիվ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Իմ խոսքն ասելու եմ ներքաղաքական դաշտի հետ կապված, երբ որ հարկ կհամարեմ։ Ձեզ հարցազրույցներ եմ տալու»,- ընդգծել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ պաշտոնյաների շուրջ ձևավորված որոշ «միստիկ» պատկերացումներ և կարծրատիպեր պետք է կոտրվեն։

«Վերջացրեք։ Գիտեք, մեր կուրսում երեխաներ կային, որ 16 տարեկանում ընդունվել էին իրավաբանական ֆակուլտետ արդեն կոստյում, գալստուկով էին գալիս, գիտեին՝ իրենք բոլորը դատախազ են: Եթե դուք չեք ուզում լուսաբանել, մի լուսաբանեք, եթե դա հետաքրքիր չէ, մի լուսաբանեք։ Բայց կարծում եմ՝ դա կարծրատիպ է և հնացած կարծիք»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

«Ես Հայկ Կոնջորյանին շատ լավ գիտեմ, ճանաչում եմ որպես պարկեշտ, լավ ընկերոջ, որը ամենադժվար պահին իմ կողքին է եղել: Թող որևիցէ մեկը չասի, որ իր հետ չի կարող նմանատիպ դեպք տեղի ունենալ»:

Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված հարցին:

«Չեմ պատրաստվում մտնել մանրամասների մեջ: Դա իմ գործը չէ: Դուք ելնում եք այն վարկածից, որ պաշտոնյայի հետ կապված դեպքը քննարկվում է և քաղաքական որոշում է կայացվում: Ես հասկանում եմ, որ 30 տարի գուցե այդպես է եղել, բայց վարչությունը, Ալեն Սիմոնյանը կամ որևէ կուսակցական մարմին չի քննարկում ինչ-որ մեկի ախպոր, քրոջ կամ հարսնացուի… մենք մեզ վրա դատավորի ֆունկցիա չենք վերցնում: Մենք դատավորներ չենք», ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը՝ կապված նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքի հետ, ԱԽ քարտուղարը ընդգծել է՝ դա ներկուսակցական դեպք էր:

«Արմենը մեր ընկերն է, և ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց ինքը ինչ-որ այլ տեղ կվերադառնա, ես վստահ եմ, որ նա մեկընդմիշտ չի հեռացել»:

Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Արմեն Գրիգորյանին այդ պաշտոնում փոխարինելու մասին։

Առաջիկա իր անելիքների մասին Սիմոնյանը շատ մանրամասներ չի հայտնել:

«Շարունակվելու է մեր հարևան բոլոր երկրների հետ համագործակցությունը, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն, և կտեսնեք առաջիկայում»,- ասել է նա։