Հայաստանի համար Իրանի հետ կապը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հատկապես արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու և այլընտրանքային ճանապարհներ ապահովելու տեսանկյունից։
Այս մասին անդրադարձ է եղել «Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» և ՀԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը նվիրված քննարկման ընթացքում։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում հասնել կայուն խաղաղության և հարաբերությունների կարգավորման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Սակայն, նրա կարծիքով, այդ գործընթացը չպետք է հանգեցնի Հայաստանի՝ մեկ կամ երկու հարևան երկրներից կախվածության խորացմանը։
Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների այն մոդելը, որի շրջանակում Հայաստանի հիմնական ռազմավարական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի տարածքով, կարող է ստեղծել միակողմանի կախվածության ռիսկեր։ Այդպիսի իրավիճակը, ըստ Զուրաբյանի, երկարաժամկետ առումով կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի պետական շահերի և ինքնուրույն քաղաքականության համար։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Իրանի ուղղությունը։ Իրանի հետ հաղորդակցությունը Հայաստանի համար հնարավորություն է պահպանելու դեպի արտաքին աշխարհ այլընտրանքային կապը և խուսափելու տարածաշրջանային մեկ կենտրոնից չափազանց մեծ կախվածությունից. «Հայաստանին, իհարկե, պետք է հաշտություն և խաղաղություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց պետք է նաև հասկանանք, որ չի կարող այդ խաղաղությունը կառուցված լինել Հայաստանի միակողմանի կախվածության վրա»։
Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցության օրակարգը առաջ մղելու նպատակով ձևավորվում է համապատասխան ինստիտուցիոնալ համակարգ։ Նա այս մասին ասել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինիի հետ համագործակցության հուշագրի ստորագրման արարողության ժամանակ։
Ներկայացնելով հուշագրի հիմնական դրույթները՝ Զուրաբյանը նշել է, որ նախատեսվում է համագործակցություն մի քանի ուղղություններով։
Դրանցից մեկը Հայաստանի և Իրանի քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ կարծիքների փոխանակումն ու խորհրդակցությունների անցկացումն է։ Նախատեսվում է նաև երկու երկրների միջև տարբեր միջոցառումների և սեմինարների կազմակերպման փոխադարձ աջակցություն։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է նպաստել նաև Հայաստանի և Իրանի տնտեսական, մշակութային ու քաղաքական հաստատությունների միջև կապերի դյուրացմանը։
Զուրաբյանի ներկայացմամբ՝ կարևոր ուղղություն է լինելու նաև տեղեկատվության և փորձի փոխանակումը՝ ընդհանուր նպատակների իրականացման համար։
ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ համագործակցության այս ձևաչափի նպատակն է ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ, որը հնարավորություն կտա ձևավորել հայ-իրանական համագործակցության օրակարգ և հետևողականորեն առաջ տանել այն։
Այսպիսով, հուշագրով նախատեսվում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը զարգացնել մի քանի ուղղություններով՝ քաղաքական խորհրդակցություններից և միջոցառումներից մինչև տնտեսական, մշակութային ու քաղաքական կառույցների միջև կապերի ամրապնդում և տեղեկատվության ու փորձի փոխանակում։
Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախացումից հետո Իրանը կարևոր դեր է ունեցել երկրի անկախության ամրապնդման գործում։ Նա այս մասին ասել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինիի հետ համագործակցության հուշագրի ստորագրման արարողության ժամանակ։
Զուրաբյանի խոսքով՝ հայերն ու իրանցիները եղբայրական ժողովուրդներ են, իսկ երկու երկրների միջև համագործակցության հիմքերը ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախության առաջին տարիներից։
Նա հիշեցրել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Արաքս գետի վրա կառուցվել է կամուրջ, որից հետո Հայաստանի և Իրանի միջև սկսվել է փոխշահավետ համագործակցություն։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ այդ հարցում Իրանի քաղաքականությունը եղել է հավասարակշռված։ Նրա խոսքով՝ Իրանը փորձել է նպաստել տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հաստատմանը։
Զուրաբյանն անդրադարձել է նաև իրանահայերի նկատմամբ Իրանի վերաբերմունքին՝ նշելով, որ Իրանը հոգատար վերաբերմունք է ցուցաբերել իրանահայ համայնքի նկատմամբ։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը և Իրանը փոխադարձաբար ունեն միմյանց կարիքը, ուստի անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ Հայաստանի անկախության ամրապնդման ուղղությամբ։ Այս համատեքստում նա կարևորել է Իրանի հնարավոր դերակատարությունը։
Զուրաբյանը նաև նշել է, որ հայ-իրանական համագործակցության հնարավորությունները բազմաթիվ են։ Հուշագրի ստորագրման արարողության ընթացքում քննարկվել են այդ համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ հայ-իրանական երկաթգծի կառուցումը, ինտերնետային մալուխի ստեղծումը, ինչպես նաև Իրանի տարածքով չինական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման համակարգի ձևավորումը։

Բաց մի թողեք
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը
Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին