03/09/2026

EU – Armenia

11 ամիս է մրցույթ չեն հայտարարում

2025-ի հոկտեմբերին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց պատմաբան Լիլիթ Մկրտչյանը:

Հրապարակ թերթը գրել է․ Մինչ այդ նախկին ռեկտորը, պրոռեկտորն ու մի խումբ դասախոսներ աղմուկով ձերբակալվել էին` յուրացումների, վատնումների մեղադրանքով, ինչից հետո Սրբուհի Գեւորգյանին հեռացրին ռեկտորի պաշտոնից, եւ արդեն մեկ տարի է՝ Լիլիթ Մկրտչյանն է:

Բայց, չգիտես ինչու, 11 ամիս է՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ չեն հայտարարում: Հնարավոր է` Մկրտչյանի տվյալները չեն բավարարում մրցույթին մասնակցելու համար, հարմար թեկնածու էլ չեն գտնում:

Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրային կապերի կենտրոնից հարցին, թե ինչու ռեկտորի մրցույթ չի հայտարարվում, եւ արդյո՞ք ԺՊ Լիլիթ Մկրտչյանն առաջադրելու է թեկնածությունը, պատասխանեցին. «Մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մենաշնորհը հոգաբարձուների խորհրդինն է, եւ համալսարանն իրավասու չէ եւ տեղեկություն չի էլ կարող ունենալ մրցույթի հայտարարման ժամկետների մասին: Ինչ վերաբերում է ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանի առաջադրման խնդրին, ապա երբ հոգաբարձուների խորհուրդը հայտարարի մրցույթ, այդ ժամանակ էլ տիկին Մկրտչյանը կորոշի` մասնակցել դրան, թե՝ ոչ»:

Մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է: Ի դեպ, կրթական համակարգում խոսում են, որ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին կարող է մանկավարժականի ռեկտոր նշանակեն, բայց դա ցանկությունների կամ ենթադրությունների մակարդակում է: