01/09/2026

EU – Armenia

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր:

2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 10 ամիս տնային կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը վերջերս Արզումանյանի խափանման միջոցը փոխել է վարչական հսկողությամբ։ Սա նշանակում է, որ նա այլեւս ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի:

Ավելի վաղ մենք գրել էինք, որ պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացնում տնային կալանքը փոխարինել ազատությունը չսահմանափակող այլ խափանման միջոցներով, սակայն դրանք մերժվում էին։

Հիշեցնենք, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի պաշտպանության և Թալիշի ուղղությամբ ենթադրյալ անփութության համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով հակառակորդին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Շուշին։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում։

Միաժամանակ, Շուշիի դրվագով անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում այդ դրվագով նա չի կարող ազատազրկվել։