04/09/2026

EU – Armenia

Թուրք գործարարներին հրավիրել են ում հաշվին

150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում:

«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է, դրամաշնորհ է ստացել Եվրոպական Միությունից` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։

Ինչ վերաբերում է թուրք գործարարների այցին, ապա պարզեցինք, որ հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Միայն հրավերներ է ուղարկել հայ գործարարներին, եւ 140 անձ հաստատել է իր մասնակցությունը ֆորումին, սակայն միջոցառմանը ներկա է եղել շուրջ 120 գործարար։

Ընդ որում, թուրքական կողմի բոլոր ծախսերը, ներառյալ սնունդը, Երեւանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ եւ այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։

Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երեւան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել։ Մեզ չասացին, թե որքան գումար է հատկացրել ԵՄ-ն, որքան հասկացանք` խոսքը հարյուր հազար, գուցե ավելի դոլարի մասին է։