06/09/2026

EU – Armenia

Ռուսաստանցի վարորդները կկարողանան երթևեկել Չինաստանի տարածքում, իսկ չինացի վարորդները՝ Ռուսաստանում

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Չինաստանի իշխանությունների հետ քննարկում է երկկողմ համաձայնագրի նախագիծ, որը թույլ կտա ֆիզիկական անձանց սեփական մեքենաներով հատել պետական սահմանը։

Ինչպես Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, խոսքը մինչև ութ նստատեղ ունեցող մարդատար տրանսպորտային միջոցների մասին է։

Նախաձեռնությունն ընդգրկելու է սահմանային առանցքային մի քանի անցակետեր, այդ թվում՝ «Забайкальск», «Староцурухайтуйский», «Пограничный», «Краскино», «Кани-Курган» անցակետերը։ Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ սահմանային այդ կետերն արդեն իսկ տեխնիկապես պատրաստ են նոր ընթացակարգերի ներդրմանը, և ենթակառուցվածքային որևէ խոչընդոտ չկա։

Այժմ կողմերի միջև բանակցությունների առանցքում վարորդական իրավունքի վկայականների գործողության ժամկետների հարցն է։ Մասնավորապես՝ հստակեցվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ռուսաստանցի վարորդները կկարողանան երթևեկել Չինաստանի տարածքում, իսկ չինացի վարորդները՝ Ռուսաստանում։

Վլադիվոստոկում անցկացվող ամենամյա համաժողովի հարթակում շարունակվում են երկկողմ գործակցությանն ու ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցերի քննարկումները։ Փաստաթղթի վերջնական ստորագրումից հետո հայտնի կդառնան նոր կարգավորման գործարկման հստակ ժամկետները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը պատրաստ է համատեղ աշխատել Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմը մշտական հիմունքներով դարձնելու ուղղությամբ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։