Վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր Վահագն Մելիքյանի՝ Վեհափառի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործի տարածքային ընդդատության հարցը, որոշել է, որ քրեական վարույթը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք՝ քրեական գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Սակայն Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո գործը մակագրվել էր նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Սերժ Ռուշանյանը, սակայն, որոշել էր քրեական վարույթն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Երևանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանն էլ, անդրադառնալով գործի տարածքային ընդդատության հարցին, դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով որոշել, թե որ դատարանն է իրավասու քննել քրեական վարույթը։
Վճռաբեկ դատարանը նշել է, որ «ընդդատության հարցը պետք է որոշվի օրենքով սահմանված օբյեկտիվ չափանիշներով», ոչ թե դատարանի սուբյեկտիվ կամ ձևական մոտեցմամբ։ Դատարանն ընդգծել է, որ գործը մեկ դատարանից մյուսը փոխանցելը՝ առանց հստակ իրավական հիմքի, կարող է առաջացնել անհարկի «դատական շրջապտույտ» և վտանգել անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։
Արդյունքում Վճռաբեկ դատարանը որոշել է, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո գործը վերադարձել է Արմավիրի մարզի դատարան և կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը