08/09/2026

EU – Armenia

ՀԿ-ն առողջապահության կառավարիչներ է պատրաստում` 1 միլիոն դրամ վարձի դիմաց․ Լուսանկար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ «ժողի» նախկին ռեկտոր Դիանա Գրիգորյանի հրամանով եւ «Ազգային բժշկական պալատ» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Վանեսյանի նախաձեռնությամբ ՀՊՏՀ կազմում արդեն 7 տարի է՝ իրականացվում է բժշկական համալսարանին կրկնօրինակող մի դասընթաց՝ «նախապատրաստում են» առողջապահության կառավարիչներ:

Հրապարակ թերթը գրել է․ Նարեկ Վանեսյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում մի հավակնոտ գրառմամբ է հանդես եկել՝ հայտարարելով «Առողջապահության կառավարում եւ վարչարարություն» մագիստրոսական ծրագրի ընդունելության ավարտի մասին:

Ըստ Վանեսյանի՝ իրենց է միացել արդեն 7-րդ սերունդը՝ 50 նոր սան։ Լսարանի լուսանկարն էլ կցել է իր էջին ու գրել. «Այս լսարանում պարզապես դասեր չեն անցկացվելու։ Այստեղ արդեն կայացած մասնագետները կուժեղացնեն իրենց կառավարչական կարողություններն ու առաջնորդական հմտությունները, իսկ մյուսները կձեւավորեն դրանք՝ պատրաստվելով ապագայում ստանձնել պատասխանատվություն եւ առաջնորդել ոլորտը։ Այստեղ ծնվելու են նոր գաղափարներ եւ մշակվելու են լուծումներ, որոնք վաղը կարող են փոխել մեր առողջապահական համակարգը»։

«Հրապարակ»․ ՀԿ-ն առողջապահության կառավարիչներ է պատրաստում` 1 միլիոն դրամ վարձի դիմաց

Գրառման մնացյալ՝ առավել պաթետիկ հատվածը բաց ենք թողել: Կարդալով այն՝ մարդը պարզապես ապշում է. այդ երբվանի՞ց է սովորական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) դարձել բարձրագույն ուսումնական հաստատություն եւ սկսել մագիստրոսներ «նախապատրաստել»։ Ի՞նչ իրավական հիմքով կամ լիցենզիայով է մի ՀԿ, թեկուզ պետական բուհի պատերի ներսում, իրեն վերապահում նման գործառույթ իրականացնելու իրավունք։
Պարզվում է՝ ոչ թե Վանեսյանի ղեկավարած ՀԿ-ն է մագիստրոսի կոչումներ տալիս ու դիպլոմներ բաժանում, այլ Տնտեսագիտական համալսարանը, իսկ Ազգային բժշկական պալատն ընդամենը համագործակցում է բուհի հետ: «Մենք դիպլոմներ չենք տալիս, մենք դիպլոմ տալու իրավունք չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Վանեսյանը, բայց չցանկացավ հստակ ձեւակերպել, թե այդ դեպքում կոնկրետ ինչով է զբաղված իր հասարակական կազմակերպությունը: Փոխարենը՝ նա մեզ «ուղղորդեց» դեպի Տնտեսագիտական համալսարան. «Քանի որ ծրագիրը, այնուամենայնիվ, ՀՊՏՀ-ինն է, Դուք պետք է այնտեղ դիմեք: Մասնագիտական ցանկացած պրոցես անում ենք մենք, դասախոսները գալիս են մեր միջոցով, ես ծրագրի ընդհանուր համակարգումն եմ անում: Այնքան շատ բան ենք անում… ես չեմ հասկանում՝ Ձեր հարցի կոնտեքստն ուր է տանում: Մենք մեծ մասնագիտական միություն ենք՝ առողջապահության ոլորտում՝ տարբեր կրթական ծրագրերով, եւ մենք մի քանի բուհերի հետ ունենք հուշագրեր, դրանցից մեկը Տնտեսագիտական համալսարանն է: 7 տարի է՝ իրար հետ իրականացնում ենք առողջապահության կառավարման եւ վարչարարության մագիստրոսական ծրագիրը, որը շատ հաջողված է: Այս տարի էլ «պերեբոռ» ենք ունեցել, մի մասն էլ չի ընդունվել»:

Այդ «պերեբոռը»` դիմորդների ավելցուկը, նա բացատրում է նրանով, որ «մարդիկ կան, որոնք համընդհանուր ապահովագրման ներդրմամբ ուզում են ադմինիստրատիվ աշխատանքով զբաղվել, կան մարդիկ, որոնք ուզում են բիզնես ստեղծել»: «Ի վերջո, ես հո չե՞մ հարցնելու, թե ինչու է ուզում սովորել»,- ասաց Նարեկ Վանեսյանը՝ առաջարկելով, որ մի օր գնամ առողջապահության կառավարման մասնագիտություն սովորեմ, ու չի բացառվում նույնիսկ, որ փոխեմ ոլորտս:

Թե աշխարհում կամ Հայաստանում էլ որտեղ կա նմանատիպ փորձ, երբ առողջապահության ոլորտի սովորական ՀԿ-ները բուհերում մագիստրոսներ են կրթում, Վանեսյանը չգիտեր, օրինակներ չհիշեց։ «Եթե ուրիշները չեն անում, չի նշանակում, որ մենք էլ պետք է չանենք: Ամբողջ աշխարհում կան առողջապահության կառավարման բարձրագույն դպրոցներ, մեր դեպքում նման բան չկա: Այստեղ հուշագրի մեխանիզմով, իմ առաջարկով է ստեղծվել դա»,- նշեց նա:
Այս ծրագրի վերաբերյալ մենք հարցուփորձ արեցինք «ներսի» մարդկանց եւ տեղեկացանք, որ բոլոր դասախոսները, ներառյալ Նարեկ Վանեսյանը՝ որպես ծրագրի ղեկավար, աշխատավարձ են ստանում ՀՊՏՀ-ից: Նրանք համարվում են ոչ թե պալատի, այլ՝ ՀՊՏՀ դասախոսներ: «Ռեալն այն է, որ սա կրթության նախարարությունում հաստատված Տնտեսագիտական համալսարանի ծրագիրն է: Որոշակի բաներ կան գուցե, բայց զաչյոտնիկը ժողինն է, լիկվիդը դեկանի որոշմամբ ես տալիս: Պարզապես սոցցանցերում ուզում են պալատը ռեկլամել, թե տեսեք՝ ինչ կարեւոր գործեր ենք անում: Իր՝ Նարեկ Վանեսյանի նախաձեռնությամբ է արվել, բայց պալատն ո՞վ է, որ մագիստրոսական կոչում տա, միայն կրթական կառույցը կարող է դա անել»,- ասաց մեր աղբյուրը եւ նշեց նաեւ, որ իրականում սա բավականին թանկ ծրագիր է. «1 տարվա ուսուցման համար մարդիկ 1 միլիոն դրամ են վճարում Տնտեսագիտական համալսարանին: Բացակաների դեպքում լիկվիդ ես հանձնում, ու էդ խստությունն էլ «ժողի» դրվածքն է»:
Առողջապահության կառավարումն առանձին եւ պահանջված մասնագիտություն է դառնում: Առողջապահական համակարգում լուրեր են տարածվում, թե շատ շուտով, եթե մարդը չունենա կառավարման մագիստրոսի որակավորում, ԲԿ-ում անգամ բաժնի վարիչ կամ ծառայության ղեկավար չի կարող նշանակվել:

«Օրինակ՝ հիմա եթե ՓԲԸ-ների տնօրենների մրցույթի ես մասնակցում ու ունես կառավարման մագիստրոսի կոչում, դու ունենում ես առավելություն: Շուտով սա լինելու է օրենքի պահանջ, եւ հիմա դրա վրա աշխատում են»,- ասում է մեր աղբյուրը:

Դե իսկ Նարեկ Վանեսյանի մասին կարելի է ասել, որ իր ղեկավարած ծրագրում նա ամենաշատ դասավանդող դասախոսներից է։ «Կարդում» է մենեջմենթ, ունի բժշկական կրթություն, մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է, միաժամանակ աշխատում է ՀՖՖ-ում:

Ասում են, որ նա նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է, սակայն այս լուրերը թերեւս փոքր-ինչ հնացել են: Ավելի ջերմ են Վանեսյանի հարաբերությունները Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ. 2022 թվականից նա ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական բաժինը եւ համակարգում է մարզական բժշկության ոլորտը: Իշխանափոխությունից անմիջապես հետո նա նշանակվել էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, իսկ համավարակի ժամանակ եղել է առողջապահության նախարարության կարանտինային ծառայությունների ղեկավարն ու կազմակերպիչը: