08/09/2026

EU – Armenia

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել

72-ամյա Կարինե Մանանյան Գորիսում ապրում է հայրական տան մեկ սենյակում՝ եղբոր ընտանիքից առանձին։ Փաստացի միայնակ ապրող այս կինը առաջին կարգի հաշմանդամ է և շուրջ 50 տարի գամված է անկողնուն։

Կարինեի միակ եկամուտը 52 հազար դրամ թոշակն է։ Սոցիալական գնահատման արդյունքում նրան զրկել են նպաստից՝ փաստացի համարելով, որ այս կնոջ սոցիալական վիճակն այնքան էլ ծանր չէ, և նա պետական աջակցության կարիք չունի։

Թե ինչպես է անկողնուն գամված, առաջին կարգի հաշմանդամ կինը հայտնվել «բարեկեցիկների» շարքում, դեռ կպարզվի։
Բայց այստեղ ամենաանհեթեթը դեռ առջևում է։

Նպաստը վերականգնելու համար Կարինեն պետք է լուծի ժառանգության հարցը, դիմի նոտարի, ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր և անցնի պետական համակարգի սահմանած ընթացակարգերը։

Միայն թե կա մի «փոքր» խնդիր՝ Կարինեն անկողնուց չի կարողանում վեր կենալ։

Այսինքն՝ պետությունը մի կողմից նրան զրկում է սոցիալական աջակցությունից, մյուս կողմից պահանջում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ֆիզիկապես անհնար են նրա համար։

Սա՞ է այն մարդակենտրոն և սոցիալական պետությունը, որի մասին ամեն օր խոսում են իշխանության ներկայացուցիչները։
Եթե առաջին կարգի հաշմանդամ, անկողնուն գամված 72-ամյա կինը ձեր չափանիշներով «բարեկեցիկ» է, ապա ո՞վ է ձեր պատկերացմամբ իսկապես անապահով։

Կարինե Մանանյանն ապրում է Գորիս քաղաքում՝ Մամիկոնյան 32 հասցեում։

Իրավասու մարմինների պատասխանատուներին հորդորում եմ գործով զբաղվել, ուսումնասիրել իրավիճակը և օրենքով սահմանված կարգով անհապաղ լուծում տալ նրա խնդրին։

Անձամբ հետամուտ եմ լինելու հարցի լուծմանը։

Իրիան Յոլյան