«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։
– Հայաստանն առեւտրային կապեր է զարգացնում Ադրբեջանի հետ: ՔՊ-ականներն ասում են, որ Ռուսաստանի ստեղծած «տնտեսական փակուղուց» դուրս ենք գալու հարեւան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելով։
– Ես «տնտեսական փակուղի» ձեւակերպումը չափազանցված եմ համարում։ Հայաստանի տնտեսությունը, իհարկե, ունի լուրջ կառուցվածքային եւ սահմանային խնդիրներ՝ արտաքին շուկաներից կախվածություն, արտահանման սահմանափակ դիվերսիֆիկացում, ներմուծման մեծ կախվածություն, բայց փակուղու մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի շուկայի հետ հարաբերություններում արդեն իսկ ստեղծվել է իրական տնտեսական ռիսկ։ 2026-ի հուլիսին Համաշխարհային բանկը նույնպես արձանագրել է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների սահմանափակումների շարունակումը կարող է հարվածել ոչ միայն արտահանմանը, այլեւ տնտեսական աճին, գնաճին, սոցիալական վիճակին։ Հետեւաբար, երբ ՀՀ իշխանությունները խոսում են հարեւանների հետ առեւտրի ընդլայնման մասին, այդտեղ կա 2 բաղադրիչ։ Առաջինը․ իրական տնտեսական անհրաժեշտություն է շուկաները դիվերսիֆիկացնելը: Երկրորդը․ սա ակնհայտորեն քաղաքական ուղերձ է նաեւ Ռուսաստանին։ Հայաստանի տնտեսությունը չի կարող կախված լինել մեկ շուկայից, հատկապես երբ այդ շուկան կարող է վարչական կամ քաղաքական որոշումներով սահմանափակել հայկական ապրանքների մուտքը։ Թվերը ցույց են տալիս, թե ինչ մեծ կախվածության մասին է խոսքը. 2026-ին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը կազմել է Հայաստանի ընդհանուր շրջանառության 29 տոկոսը: Այսինքն, ավելի շուտ՝ կարելի է բնութագրել ոչ թե որպես «Ռուսաստանին սպառնալիք», այլ որպես Երեւանի կողմից բանակցային դիրքի ուժեղացման փորձ. Հայաստանի նման փոքր տնտեսությունը կամ երկիրը չի կարող սպառնալ Ռուսաստանին: Այո, մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք, որպեսզի որեւէ գործընկեր չկարողանա մեզ տնտեսական առումով պատանդ պահել։
– Բաքվում էլ են գոհ (Ալիեւն էլ է խոսել) հայ-ադրբեջանական առեւտրային կապերի զարգացման հեռանկարի մասին՝ շեշտելով Ադրբեջանի տարածքով ռուսական եւ ղազախական ապրանքների կանոնավոր ներմուծումը Հայաստան։ Կարո՞ղ ենք թվեր նշել՝ ի՞նչ շահ է ունեցել հայկական կողմը։
– Այս հարցում պետք է խուսափել քաղաքական հայտարարությունները տնտեսական իրականության հետ նույնացնելուց։ Այս պահին հայ-ադրբեջանական երկկողմ առեւտրի ծավալները դեռ շատ փոքր են։ Մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար նշանակալի արտահանման կամ ներմուծման շուկա։ Այն, ինչ արդեն ավելի հետաքրքիր է, Ադրբեջանի տարածքով իրականացվող տարանցումն է։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից հայկական շուկա ապրանքների ներմուծումը ցույց է տալիս, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է ունենալ շատ կոնկրետ տնտեսական արդյունք։ Բայց Հայաստանի շահը պետք է չափենք ոչ միայն ներկրված ապրանքի արժեքով։ Եթե Ադրբեջանով անցնող ճանապարհները թույլ տան կրճատել տրանսպորտային ծախսերը, ժամանակը, ապահովագրական եւ լոգիստիկ ռիսկերը, ապա դա արդեն կարող է էական տնտեսական էֆեկտ ստեղծել։ Միաժամանակ, Հայաստանի համար շատ ավելի կարեւոր է սեփական արտահանման հնարավորությունը։ Եթե մեր արտադրողը կարողանա Ադրբեջանի տարածքով դուրս գալ դեպի նոր շուկաներ, այդ ազդեցությունը կարող է բազմապատիկ ավելի մեծ լինել, քան այսօր արձանագրվող երկկողմ առեւտրի թվերը։ Այսինքն՝ այս պահին մենք ավելի շատ խոսում ենք ձեւավորվող հնարավորության, քան արդեն ստացված խոշոր տնտեսական շահի մասին։ Երկու երկրների միջեւ առեւտուրը դեռեւս միակողմանի է եւ ավելի շատ քաղաքական բովանդակություն ունի, քան՝ տնտեսական:
– Զուգահեռաբար, Փաշինյանը դիմեց ՌԴ իշխանություններին՝ խնդրելով ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարումը հանձնել երրորդ կողմի, ակնարկեց էներգետիկ ոլորտում մեզ համար այլընտրանքային գործընկերների անհրաժեշտության մասին։ Երեւանը սրանով «ատա՞մ է ցույց տալիս» Մոսկվային՝ խորացնելով հարաբերություններում առկա ճգնաժամը։
– Խնդիրը կարելի է դիտարկել ոչ թե «ատամ ցույց տալու», այլ տնտեսական անվտանգության տեսանկյունից։ Եթե որեւէ երկրի ենթակառուցվածքային, էներգետիկ կամ լոգիստիկ համակարգը չափազանց կախված է մեկ արտաքին գործընկերոջից, ապա դա ռիսկ է։ Հայաստանի դեպքում այդ կախվածությունը պատմականորեն բավական բարձր է եղել` պայմանավորված նաեւ տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներով: Հետեւաբար, այլընտրանքների ձեւավորումը բնական եւ անհրաժեշտ գործընթաց է։ ՀԿԵ-ի դեպքում երրորդ կողմի ներգրավումը կարող է իմաստ ունենալ, եթե դրա արդյունքում երկաթուղային համակարգը դառնա ավելի արդյունավետ, ներդրումները մեծանան, իսկ Հայաստանը կարողանա իր տարանցիկ ներուժն օգտագործել` դառնալով Արեւելք-Արեւմուտք տարանցիկ երկիր: Նույնը վերաբերում է էներգետիկային։ Մենք պետք է ունենանք ոչ միայն մեկ, այլեւ մի քանի հնարավոր մատակարարներ եւ ուղղություններ։ Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք Ռուսաստանից, նշանակում է, որ ոչ մի գործընկեր չպետք է ունենա այնպիսի դիրք, որ Հայաստանի տնտեսության վրա միակողմանի ճնշում գործադրի` օգտվելով իր «մոնոպոլ» դիրքից: Ի վերջո, դիվերսիֆիկացիան հակառուսական քաղաքականություն չէ։ Ցավոք, դա շատ հաճախ չեն հասկանում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում: Դա ցանկացած երկրի տնտեսական անվտանգության տարր է։
– Ռուսաստանը շարունակում է քննադատել, թե, ձգտելով եվրաինտեգրման, Հայաստանը շրջանցում է ԵԱՏՄ-ի առավելությունները, ու նրան անխուսափելի տնտեսական ճգնաժամ է սպասվում։ Եվ պահանջում է` ընտրեք կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ՝ ԵՄ։ Երկվության այս քաոսն ինչո՞վ կավարտվի։
– ԵԱՏՄ-ն այսօր Հայաստանի համար գործող տնտեսական տարածք է, որտեղ մեր տնտեսվարողներն արդեն աշխատում են, որտեղ ունենք շուկաներ ու տնտեսական կապեր։ Դրանցից հրաժարվել՝ առանց այլընտրանքը լիարժեք ձեւավորելու, տնտեսապես ռիսկային եւ անտրամաբանական կլինի: Մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը նույնպես բխում է ՀՀ շահերից։ Եվրոպական շուկան ավելի մեծ հնարավորություններ է տալիս տեխնոլոգիաների, ներդրումների, արտադրողականության բարձրացման եւ արտահանման դիվերսիֆիկացման առումով, ուստի Հայաստանի համար ավելի ճիշտ ռազմավարություն եմ համարում ոչ թե «ընտրել Ռուսաստանը կամ Եվրոպան», այլ հնարավորինս մեծացնել տնտեսական կապերի աշխարհագրությունը։ Մենք պետք է կարողանանք միաժամանակ աշխատել Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների, ԵՄ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ շուկաների հետ։ Իսկ եթե ինչ-որ փուլում աշխարհաքաղաքական հանգամանքները մեզ պարտադրեն վերջնական ընտրություն, այդ որոշումը պետք է ընդունել ոչ թե էմոցիաներով, այլ հստակ եւ սառնասիրտ հաշվարկով՝ հասկանալով, թե ինչ ենք կորցնում եւ ինչ ենք ձեռք բերում։ Այսօր Հայաստանի հիմնական խնդիրը հենց դա է՝ ստեղծել այնպիսի տնտեսություն, որ որեւէ մեկ շուկայի կորուստն աղետ չլինի։ Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը կձեւակերպեի շատ պարզ․ մենք պետք է անցնենք կախվածությունից դեպի դիվերսիֆիկացիա։ Եթե դա հաջողվի, ապա Հայաստանը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ տարածաշրջանի մյուս երկրների հետ հարաբերություններում ավելի ուժեղ դիրք կունենա։

Բաց մի թողեք
Առաջին փուլում ազգային փոքրամասնություններն են համայնքապետ ընտրում
Ֆրանսիայի հետ այսօր կառուցվում է հարաբերություն, որն ունի դաշնակցության իրական բովանդակություն
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ Լուսանկար