ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը, որը հայտնի է հայամետ դիրքորոշմամբ, իր վերջին հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է «ԵՄ, թե ԵԱՏՄ» ընտրության հարցով հանրաքվե անցկացնել՝ վստահ չլինելով իր հաղթանակի հարցում:
Փաշինյանի համար պարտություն կլինի ԵԱՏՄ-ից դուրս չգալու գաղափարի կողմնակիցների հաղթանակը, քանի որ նա Հայաստանի` ԵՄ անդամակցության գաղափարի կողմնակիցն է: Կոնստանտին Զատուլինի ասածի մեջ տրամաբանություն, իհարկե, կա, բայց կա նաեւ հակասություն․ նույն հարցազրույցում նա ասում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը եւ նրա գլխավորած «Քաղպայմանագիր» կուսակցությունը պարտվել են, սակայն մանիպուլյացիաների միջոցով կարողացել են մեծամասնություն ապահովել` Փաշինյանին առաջադրելով վարչապետի պաշտոնում:
Իսկ ի՞նչն է խանգարում նրան՝ կրկնել նույն մանիպուլյացիան եւ այս անգամ էլ կեղծել հանրաքվեի արդյունքները՝ ցույց տալով, որ ՀՀ քաղաքացիները կողմ են Հայաստանի ԵՄ ինտեգրմանը կամ առնվազն ԵԱՏՄ-ից դուրս գալուն: Ինչո՞ւ Փաշինյանը չի գնում հանրաքվեի անցկացման։ Այս հարցը հիմա շատերն են տալիս:
Բանն այն է, որ կազմակերպել հանրաքվե` ԵՄ, թե ԵԱՏՄ հարցադրմամբ, կնշանակի ենթարկվել Ռուսաստանի նախագահի ուլտիմատիվ պահանջին, ինչը Փաշինյանն իրեն թույլ տալ չի կարող: ՌԴ նախագահն ո՞վ է, որ նրան կարողանա ինչ-որ բան առաջարկել կամ, առավել եւս՝ պարտադրել։ Այ, ուրիշ բան, որ դա անում են Էրդողանը, Ալիեւը` պարտադրելով փոխել սահմանադրությունը:
Ռուսաստանի նախագահը եւ, ընդհանրապես, ռուս պաշտոնյաներն ասում են, որ հանրաքվեն կարեւոր է, որպեսզի հայ ժողովուրդն ինքը որոշի իր ճակատագիրը` ուզո՞ւմ է գնալ ԵՄ, թե մնալ իր ավանդական դաշնակից եւ բարեկամ Ռուսաստանի հետ: Փաշինյանն ասում է, թե ժողովուրդն ո՞վ է, որ ինչ-որ բան որոշի, իր ընկալմամբ՝ ժողովուրդը հենց ինքն է, ինքն է միանձնյա հանդես գալիս ժողովրդի անունից եւ իր ցանկացած որոշում ներկայացնում է որպես ժողովրդինը:
Պարտվելու վտանգ, այնուամենայնիվ, կա: Նախ՝ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն պարտվել են, անգամ պաշտոնական արդյունքներով չեն ստացել մեծամասնություն: Բայց նույնիսկ այդ արդյունքները հավաստի չէին, ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր կուսակցությունները Սահմանադրական դատարան էին ներկայացրել ընտրությունների կեղծման բազմաթիվ ապացույցներ, ինչի հիմքով ընդդիմությունը եւ հասարակության ճնշող մեծամասնությունը համարում են, որ այդ արդյունքները կեղծված են: Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր եղավ ձայներ փոշիացնել եւ այլ մանիպուլյացիաներ կիրառել, հիմա դա դժվար կլինի:
Հայ հասարակությունը, հարյուր հազարավոր գյուղացիներ, արտադրողներ հասկացան, որ ռուսական շուկայի փակվելը հարվածում է իրենց տնտեսություններին, իրենց գրպանին, իսկ Եվրամիության առաջարկած այլընտրանքն իրական չէ եւ իրենց ոչ հասանելի: Բյուջետային միջոցներով Փաշինյանը փորձում է այս տարի լուծել գյուղացիական ընդվզումների հարցը, բերքի սպառման եւ մթերման կեղծ տպավորություն ստեղծել, բայց դա չի կարող հավերժ շարունակվել, հետո ի՞նչ է լինելու: Մարդիկ գիտակցված ընտրություն են կատարելու:
Եթե անգամ հնարավոր լինի կեղծիքով եւ մանիպուլյացիաների միջոցով հասնել հաղթանակի, եւ ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցներն ավելի շատ քվե ստանան, քան ԵԱՏՄ-ում մնալու կողմնակիցները, միեւնույն է` ստացվելու է, որ Հայաստանի բնակչության առնվազն կեսը կողմ է ԵԱՏՄ-ում անդամակցությունը շարունակելուն, իսկ մյուս կեսի քվեարկությունը խիստ կասկածելի է եւ կեղծված: Մինչդեռ Փաշինյանն այնպես է ներկայացնում, որ ԵՄ գնալու հարցում կա հանրային լայն համաձայնություն:
Բայց ամենամեծ վտանգն այլ տեղ է թաքնված: Եթե հանրաքվեի արդյունքում հաղթի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալու դիրքորոշումը, ապա Հայաստանում սահմանադրության փոփոխություն անցկացնելու Ադրբեջանի պահանջը կջրվի: Այս մի հանրաքվեն շատ ուղիղ կապ ունի Ադրբեջանի կողմից պարտադրող հանրաքվեի հետ` Ադրբեջանը եւ նրա միջոցով Թուրքիան պահանջում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից եւ ազգային ինքնության այլ բաղադրիչներից, որի արդյունքում Հայաստանը կվերածվի Ադրբեջանին ենթակա տարածքի: ԵԱՏՄ անդամ Հայաստանը չի կարող լինել Ադրբեջանին ենթակա եւ վասալ, դրանք իրար փոխադարձաբար հակասում են:

Բաց մի թողեք
Ընտանիքին «կպնում» են միայն թուրքերը
«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը
Անլուրջ խոսքին լուրջ չեն արձագանքում