Ըստ մեղադրական եզրակացության՝ Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ, 2026թ․ ապրիլի 3-ին Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ինքնակամ հրաժարական տված, Պտղավան գյուղի բնակիչ Մհեր Աղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված կուսակցության անունից, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում 2026 թ․ հունիսի 7-ին նշանակված իններորդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաեւ Դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով, ընտրակաշառք է տվել ընտրող Գուրգեն Ռուբենի Մակյանին:
Մ․ Աղամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 2-րդ մասով («Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որեւէ ձեւով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք` գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»)։ Սույն հոդվածը, որպես պատիժ, նախատեսում է ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նոյեմբերյանի Դեբեդավան գյուղի բնակիչ Գուրգեն Մակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի, 2026 թ․ հունիսի 7-ին նշանակված ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու, ինչպես նաեւ Դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուից իր եւ որդիների համար պահանջել է առավելություն, այն է՝ խնդրել է կազմակերպել եւ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 1-ին մասով («Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որեւէ ձեւով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք` գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը»)։ Սույն քրեական հոդվածը, որպես պատիժ, նախատեսում է ազատության սահմանափակում` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում` 1-2 ամիս, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով:
Մհեր Աղամյանը մեզ ասաց, որ մեղավոր չէ` Գուրգեն Մակյանին ինքն այդ օրը՝ մայիսի 24-ին, կյանքում առաջին անգամ է տեսել։ Մակյանի 2 որդիները Ռուսաստանում գտնվել են կալանքի տակ՝ Ղրիմի կամրջի պայթեցման գործով։ Նրանք եղել են էվակուատորի վարորդներ, պայթյունի կազմակերպման, իրականացման հետ առնչություն չունեն, հետո նրանց առաջադրված մեղադրանքը փոխվել, մեղմացվել է։
Մհեր Աղամյանը հույսով է, որ դատարանում կապացուցվի իր անմեղությունը։ Սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ նախնական դասալսումների նիստ է կայացել, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 30-ին։ Մ․ Աղամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը սեպտեմբերի 4-ին փոխարինվել է վարչական հսկողությամբ: Գ․ Մակյանն էլ 3 ամիս է գտնվել անազատության մեջ, հետո նրա խափանման միջոցը նույնպես փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Ահա թե ինչպիսին են «Ուժեղ Հայաստանի» կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքները:

Բաց մի թողեք
«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են»
Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները
Երբ սկսեցին համայնքապետեր նշանակել եւ ընտրվածներին հետապնդել, ՏԻՄ-ը քայքայվեց