22/10/2026

EU – Armenia

Փաշինյանը բացարձակ անհավասար խաղի կանոններ է ստեղծել

Կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիրների հանդեպ աննախադեպ ճնշումներ են կիրառվում:

Հրապարակ թերթը զրուցել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, «Հայկական քվե» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանի հետ։

– Քարոզարշավի ավարտին 2 օր է մնացել, ինչպե՞ս եք գնահատում ընթացքը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ առաջարկը, որ ճնշումների մասին անձամբ իրեն նամակներ գրեն, եւ այդ ֆոնին ընդդիմադիրներին գաղտնալսելուց անցումը գաղտնի տեսագրել- կալանավորելուն։

– Այդ ամեն ինչը շատ վատ եմ գնահատում, նախ ուզում եմ ասել, որ ցանկացած ընտրակաշառք մենք՝ ինքներս դատապարտում ենք, բնականաբար, մեր գործունեության մեջ մենք ծայրահեղ բծախնդրություն ենք ցուցաբերում, որ ոչ մի գործողություն չլինի, որը կարող է նման մեկնաբանություն ստանալ, որ կարող է ընտրակաշառք լինել կամ բարեգործություն լինել։ Ամբողջ բարեգործական գործունեությունը դադարեցված է, նույնիսկ այն առաջարկները, որ ինչ-որ մի տեղ գնում ենք, ասում են` եկեք սեղան գցենք, ասում ենք` ոչ մի դեպքում, դա կարող է մեկնաբանվել որպես բարեգործություն կամ ընտրակաշառք։ Ավելորդ է անգամ Նիկոլ Փաշինյանին ճնշումների մասին փաստարկներ ուղարկելը, քանի որ ինքը բացարձակ անհավասար խաղի կանոններ է ստեղծել, մեր աչքով ենք տեսնում, թե ոնց են ՔՊ-ականները բերում՝ սեղաններ գցում եւ այլն։ Դա էլ է ընտրակաշառք, բայց դրա վրա աչք են փակում, որ հարցնես էլ, կասեն` դե նորմալ ա, թեկնածուն չի անում, իրեն դիմավորողներն են անում, դրա համար չենք էլ ուզում դրա մեջ խորանանք։

– ՔՊ-ի թեկնածուները կաշ­կանդված չե՞ն այդ ուտուշ-­խմուշ­ներից։

– Նրանք, բնականաբար, դրանից չեն խորշում, ամեն տեղ էլ սեղաններ են գցում, քեֆեր են անում, բայց, բնականաբար, իրենց վրա աչք են փակում, բայց որ մենք անենք, մեզ վրա աչք չեն փակի։ Դրա համար այդ իմաստով ստիպված ենք պայքարել բացարձակ անհավասար պայմաններում։ Բայց դե՝ պայքարում ենք, ի՞նչ անենք։

– Իսկ «Հայկական քվե» կուսակ­ցության անդամները ճնշումների ենթարկվե՞լ են, կա՞ն ինքնաբացարկներ։

– Կոնկրետ թվերով խոսեմ, որ դուք պատկերացնեք․ ես հիմա գտնվում եմ Գորիսում, այստեղ մենք ընտրություններին մասնակցում ենք «Ապրելու քվե» դաշինքով՝ «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Մեր ցուցակում ի սկզբանե եղել է 17 անձ, որից 3-ն ինքնաբացարկ են հայտարարել, եւ ես ենթադրում եմ, որ այդտեղ իրենց վրա ճնշման գործոն եղել է։ Իրենց, իհարկե, որ հարցնես, կասեն` ոչ, բայց եթե սկզբում մտել են ցուցակի մեջ, հետո դուրս են եկել, ենթադրում եմ, որ նման գործոն կա։ Այդ գործոնը գոյություն ունի։

– 2 համայնքում եք առաջադրվել` Գորիս եւ Գավառ։ Ի՞նչ իրավիճակ է այնտեղ։

– Գավառում Գորիսի համեմատ լարվածությունը ցածր է, Գորիսում, այնուամենայնիվ, որոշակի վախի մթնոլորտ գոյություն ունի, իսկ Գավառում այդ կարգի չէ։ Բայց որտեղ մենք կանք, տեսնում ենք, որ մարդկանց փորձում են ինչ-որ իմաստով գլուխները մտցնել, որ անելանելիություն է, այլընտրանքի բացակայություն է, որ ով կա, նա էլ մնալու է։ Մենք դրա պատճառով անհավասար պայմաններում ենք հայտնվել։

– Նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 13-ին էլ են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ սպասվում։ Մասնակցելո՞ւ եք։

– Դրա վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունենք, որեւէ բան չեմ կարող ասել։ Մեղմ ասած, ով որ ընտրություններում հաղթում է մեր երկրում, ձերբակալվում է։ Դրա համար էս ընտրությունները թող անցնեն` նոր։