Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ Դիլիջանի բնակիչ Նաիրա Ամիրխանյանի։
Հրապարակ թերթը գրել է․ Պահանջել է նրան պարտավորեցնել՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից վիրավորանքի համար, հօգուտ հայցվորի, պատասխանողից բռնագանձել նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափ գումար, պարտավորեցնել՝ հրապարակային հերքել նշված արտահայտությունները, զրպարտության համար էլ բռնագանձել նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափ գումար։
Դատարանի 2026թ. փետրվարի 17-ի եւ մարտի 3-ի որոշումներով հայցադիմումը վերադարձվել է հայցվորին` թերությունները շտկելու համար, մարտի 18-ին Տավուշի մարզի դատավոր Նարինե Անանյանը կրկին ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ: Դատարանի հարցին, թե ինչպես է նույնացնում, որ «nano 7176» օգտատերը նույն ինքը՝ պատասխանող Նաիրա Ամիրխանյանն է, հայցվորի ներկայացուցիչը պատասխանել է, որ Դիլիջան համայնքապետը Ամիրխանյանին է ուղարկել դատարանի ծանուցումը, նա հրաժարվել է ստանալ ծանուցագիրը՝ հայտնելով, որ ցանկության դեպքում կմասնակցի նիստին, հետո որեւէ հետաքրքրություն, դիրքորոշում չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ ընդունել է ներկայացված հայցապահանջը: Բացի այդ, Նաիրա Ամիրխանյանն իր տիկտոկյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ասել է. «Ինձ մի բերեք, ես չեմ վերցնելու: Դավիթ, էլ չուղարկես ոչ մի բան, մեկ ա՝ չեմ վերցնելու»: Սրանով հայցվորի կողմը հիմնավորել է, որ իրենք ճիշտ հասցեատիրոջ են ճանաչել` կեղծանվան ներքո:
Դատարանի հարցին, թե ինչով է հիմնավորվում, որ հրապարակված տեսանյութերի արտահայտություններն ուղղված են Դիլիջան համայնքի ղեկավարին, նրա ներկայացուցիչը պատասխանել է, որ տեսանյութերի համադրությունից է դա ակնհայտ դառնում, քանի որ օգտատերը տեսանյութերում խոսում է պաշտոնատար անձի մասին, որն ապօրինի գործողություններ է կատարել: Նշել է նաեւ, որ տեսաձայնագրությունները կատարվել են օգտատիրոջ բնակարանից, քանի որ գույքը գտնվում է Դիլիջանում, հանդիսանում է համայնքային հող, որի վրա կառուցված է այն, ըստ պատասխանողի՝ համայնքի ղեկավարը պատրաստվում է իր հողը վերցնել ձեռքից: Դատարանի այն հարցին, թե տեսաձայնագրության մեջ որ փողոցն է երեւում, հայցվորի ներկայացուցիչը պատասխանել է` չի կարող ասել, բայց գիտի, որ տեսարանը Դիլիջանի փողոցներից է:
Բայց քանի որ Նաիրա Ամիրխանյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան, նրանից հայցադիմումի պատասխան կամ դիրքորոշում չի ներկայացվել, դատարանը որոշել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրահանգումների եւ դատողությունների վրա, իսկ գործում առկա ապացույցները բավարար չեն՝ ապացուցված համարելու Նաիրա Ամիրխանյանի կողմից Դավիթ Սարգսյանի վերաբերյալ վիրավորական եւ զրպարտող արտահայտություններ արած լինելը: Եվ օգոստոսի 12-ին դատավոր Նարինե Անանյանը վճռել է Դավիթ Սարգսյանի հայցն ընդդեմ Նաիրա Ամիրխանյանի՝ վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող արտահայտությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել։ Դատարանի վճիռը մեկամսյա ժամկետում չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ։

Բաց մի թողեք
Պարգեւատրումներից չեն կշտանում
Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար
Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել