18/08/2026

EU – Armenia

Ո՞վ է երես տալիս առանց վարորդական վկայականի երթևեկող վարորդներին

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանի տեղեկացմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ:

Նախորդ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդպիսի 4 343 դեպք է հայտնաբերվել, իսկ 2026-ին՝ 7 574: Փաստորեն, հայտնաբերված դեպքերն այս տարի գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը 3 231-ով կամ 74.4%-ով։

Ոստիկանապետի հրապարակած տվյալները մտահոգիչ են այն համատեքստում, որ վարորդների կողմից մեքենա վարելու նկատմամբ նման անպատասխանատու վերաբերմունքի պայմաններում, նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, վարորդական իրավունքից զրկված վարորդների հետ հանդիպելուց հետո, առաջադրանք տվեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ որևէ լուծում գտնել վարորդական իրավունքը նորից ստանալու համար քննություն հանձնելուց խուսափող վարորդների խնդրի համար ու փարատել նրանց մտահոգություններն օրենսդրական նախաձեռնությամբ։ Երկար ժամանակ չպահանջվեց նախագիծ ներկայացնելու համար, որով, մասնավորապես, խմած վիճակում ղեկին նստելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներն ազատվեցին քննություն հանձնելու պարտավորությունից՝ փոխարենը պարտավորվելով պետական բյուջե որոշակի գումար վճարել և տույժի ժամկետը լրանալուց հետո վերականգնել մեքենա վարելու իրավունքը։

Արդյո՞ք նման փոփոխությամբ կառավարությունն ավելի չի շահագրգռի ճանապարհատրանսպորտային երթևեկության ոլորտում քաղաքացիների կողմից օրինազանց վերաբերմունքը։

Հաշվի առնելով առկա վիճակագրությունը՝ գոնե հայտնաբերված դեպքերի առնչությամբ, կառավարությունը պետք է հակառակ մոտեցում ցուցաբերեր՝ ավելի խստացնելով նման վարորդների նկատմամբ տույժերն ու սահմանափակումները, որպեսզի ամեն օրենք խախտելուց առաջ վարորդը վախենար ռիսկի դիմելուց, այլ ոչ թե հանգիստ ձեռքը թափ տար ու մտածեր, որ գումար կվճարի ու կվերականգնի վարորդական իրավունքը: Մինչդեռ այդ ընթացքում էլ նա կփորձի առանց վկայականի երթևեկել՝ հույս փայփայելով, որ պարեկներն իրեն չեն կանգնեցնի, մանավանդ որ այժմ, տեսախցիկների ու արագաչափերի առկայության դեպքում, պարեկների կողմից մեքենաները կանգնեցնելու լուրջ առիթ պետք է լինի։ Այնպես որ, հավանականությունը, որ տվյալ օրինազանց վարորդի բախտը կբերի և նա աննկատ կմնա պարեկների աչքից, բավականին մեծ է։

Օրինախախտ վարորդների ներկայությունը ճանապարհներին ավելի է մեծացնում տարատեսակ պատահարների հավանականությունը։ Ստացվում է, որ այդ պատահարների տխուր վիճակագրության պատճառներից մեկն էլ այդ ոլորտում տարվող մեղմ քաղաքականությունն է։