19/08/2026

EU – Armenia

Վրաստանում Ռուսաստանի «դեմ երկրորդ ճակատի» թեմայի շուրջ իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը վերստին սրվել է

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը աշխարհում հինգերորդն են։ Նա վկայակոչել է Global Firepower-ի վարկանիշային տվյալները։ Այդ մասին հայտնել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն։

Ըստ նախագահի՝ Հարավային Կորեան «սպառազինությունների համակարգվածության և ռազմական հզորության» առումով «համաշխարհային առաջատարների թվում» է։ Այդ հայտարարությունը հնչել է կառավարության նիստի ընթացքում։ Լի Չժե Մյոնը առաջարկել է, որ իրեն «ռազմական դրության պայմաններում զինված ուժերի հրամանատարի լիազորություն վերապահվի՝ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»։

Հարավային Կորեայի նախագահը, ըստ էության, խոսել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «ռազմական դրության հնարավորություն» մասին։ Չափազանց կարեւոր է, որ նա այդ և զինված ուժերը «մասնագետներով համալրելու անհրաժեշտության» հարցերը կառավարության նիստի քննարկմանն է ներկայացրել Իտուրուպ կղզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից մի քանի օր հետո, հանգամանք, որ վկայում է հարևան երկրների մտահոգվածությունը։

Հարավային Կորեայի դեպքում դա հատկապես հիմնավոր է, որովհետև Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ռազմավարական դաշնակիցներ են և ունեն փոխադարձ օգնության պարտավորություններ։

Ըստ տեղեկությունների, վերջին օրերին Ռուսաստանը Ուկրաինայի դեմ «հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ է օգտագործել», իսկ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «հյուսիսկորեացի երեսունից հիսուն հազար զինվորականներ տեղաբաշխվել են Ուկրաինային սահմանամերձ մարզերում»։

Այս ֆոնին ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցի մասին «առայժմ ոչինչ ասել չի կարող»։ Ըստ Ուշակովի, այդ այցի մասին այնպես են խոսում, «ասես Կալուգայից հարազատներ են Մոսկվա գալիս, հասկանո՞ւմ եք, դա միջազգային լուրջ հանդիպում է, որ պետք է նախապատրաստվի»։

Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Լավրովը ասել է, որ «նախագահ Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել Ուիթկոֆին և Քուշներին, այլ բան է, թե նրանք ինչ առաջարկությամբ կգան Կրեմլ»։

Վերջին օրերին պաշտոնական Մոսկվան ուկրաինական հարցում դիրքորոշումը ավելի է կոշտացրել։ Reuters-ի գնահատմամբ՝ «դա կարող է հանգեցնել զինված հակամարտության ևս մեկ աստիճանով բարձրացման»։ ՌԻԱ Նովոստիի մեկնաբանը իր հերթին ակնարկել է, որ Ուկրաինային «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր «ամենալուրջ փորձությունն է սպասում»։

Նման իրավիճակում միջնորդական ցանկացած նախաձեռնություն, ամենայն հավանականությամբ, ապրիորի դատապարտված է, և ԱՄՆ նախագահը հազիվ թե ևս մեկ անգամ իր հեղինակությունը «փորձության ենթարկի»։

Մնում է, երևի, փորձել հասկանալ, թե ռուս-ուկրաինական պատերազմը մինչև ո՞ր «աստիճանի բարձրանալու և աշխարհագրական ի՞նչ տարածք ընդգրկելու» սպառնալիքներ ունի կամ կարող է ձեռք բերել «երրորդ ուժի ներգրավմամբ»։

Շաբաթասկզբից Վրաստանում Ռուսաստանի «դեմ երկրորդ ճակատի» թեմայի շուրջ իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը վերստին սրվել է։