07/09/2026

EU – Armenia

«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար

Արցախին սահմանակից Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ունենալ, բայց հայ սահմանապահները թույլ չեն տալիս։

Այս մասին, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, Կոռնիձոր այցելած լրագրողներին ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։ «Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։

Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- ասաց Սուրեն Ամարյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը Կոռնիձոր համայնքում է՝ 18 կմ։ «Այլ բնակավայրերում այդքան երկար սահման չկա։ Չորս տարուց ավելի է՝ մեզ մոտ սահմանապահ զորքերն են կանգնած, մեզ համար խաղաղություն է, կրակոցներ չկան՝ ոչ Ադրբեջանի, ոչ մեր կողմից։ Մարդիկ աշխատում իրենց համար ապրում են»,- հավելեց նա։

«Առավոտ»-ի հարցին, թե արդյոք դա խաղաղությո՞ւն է, եթե թշնամին փորձում է առաջխաղացում ունենալ, Սուրեն Ամարյանը պատասխանեց․ «Դե հիմա իրենք ձգտում են առաջանալ, մենք էլ ենք ձգտում։ Բայց փաստորեն առանց կրակոցների է դա տեղի ունենում, միայն լեզվակռիվ է։ Ես հավատում եմ խաղաղությանը, որովհետեւ վարչապետի ասածը ճիշտ է, որ օգոստոսի 8-ից այսկողմ Հայաստանի համարյա բոլոր սահմաններում էլ խաղաղություն է։ Իսկ օկուպացված տարածքների հարցը Կոռնիձորի վարչական ղեկավարի պրոբլեմը չէ, պետության, կառավարության պրոբլեմն է»։ «Մենք չենք վախենում, թշնամին միշտ մեր կողքին է եղել, 30 տարի առաջ էլ այդ թշնամին մեր գերեզմաններից 200 մետր հեռավորության վրա է եղել»,- հավելեց Սուրեն Ամարյանը։ Անվտանգային հարցերը փոխել են կոռնիձորցիների կյանքը, գյուղում գոյատեւելու տարբերակներ են փնտրում, ասում է Սուրեն Ամարյանը։

«Նկատի ունենալով, որ ադրբեջանցին եկել, մեր սահմանին նստել է, մենք մտածում ենք ոչ թե վարելահողերը շատացնել կամ ցորեն ցանել, այլ այնպիսի տնտեսություն վարել, որը շահավետ կլինի գյուղում ապրելու համար։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսություններ։ Մարդիկ ոչ թե արոտավայրում պետք է անասուններ պահեն, այլ խելացի անասնագոմերում՝ տոհմային ու ցեղական անասուններ։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մենք մտածում ենք՝ ինչպես անենք, որ էլի այստեղ ապրենք»,- ասաց նա։ Թեեւ համայնքային պաշտոնյան հավաստիացնում էր, թե Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Կոռնիձորից արտագաղթ չի եղել, բայց գյուղացիները «Առավոտ»-ի հետ զրույցում այլ բան փաստեցին։ «Կոռնիձորից արտագաղթ չի եղել, Կոռնիձորը միշտ եղել է այստեղ եւ լինելու է, մենք այստեղ ենք ծնվել, այստեղ էլ ապրելու ենք։ Ոչ մի կոռնիձորցի գյուղից չի գնացել, ընդհակառակը, Արցախից բռնագաղթած ընտանիքներ են ապրում գյուղում․ Կոռնիձորում 27 արցախցի ընտանիք կա։ Հինգ-վեց ընտանիք արդեն իրենց հավաստագրերով բնակարան են գնել»,- ասաց Սուրեն Ամարյանը։

Կոռնիձորում գրանցված է 1239 բնակիչ, այսօր ապրում են մոտ 1000 մարդ։ Գյուղի դպրոցում սովորում է 123 աշակերտ, մոտ 30 երեխա էլ հաճախում է մանկապարտեզ։ Այս թվերը ներկայացրեց վարչական ղեկավարը։ Կոռնիձորի բնակչուհի Նատաշա Դանիելյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ երիտասարդները կամաց-կամաց դուրս են գալիս գյուղից, քանի որ աշխատատեղ չկա։ Հիմնականում գնում են Կապան, Գորիս ու Երեւան։ Մեծահասակները մտածում են, որ Կոռնիձորում ծնվել են, Կոռնիձորում էլ կմահանա, բայց երիտասարդներն արտագաղթում են։ «Երբ Արցախը կար, ռիսկով անասուններ էինք պահում, բայց անձամբ մենք մեր կովերը ծախել ենք, որովհետեւ վախենում ենք դաշտ տանելուց, թուրքերը սարերի վրա են։ Մեր գյուղում չէ, բայց հարակից գյուղերում դեպքեր են եղել, որ թուրքերն անասուններին տարել են։ Մարդիկ էլ արդեն վախենում են անասուն պահել։ Գյուղում շատ քիչ ընտանիքներ են հիմա անասուն պահում, օրինակ, մեր փողոցում երեւի մի 4 ընտանիք է, որ անասուն է պահում, այն էլ քիչ քանակով։ Գյուղում հսկա դպրոց են սարքում, բայց աշակերտ չկա, դրա փոխարեն թող մի գործարան սարքեին, ջահելներն աշխատեին, դուրս չէին գա գյուղից»,- ասաց նա։

Նատաշա Դանիելյանի խոսքով՝ եթե աշխատատեղ լինի, գյուղի երիտասարդները հիմնականում կմնան գյուղում, թեեւ անվտանգային հարցերը եւս ազդում են արտագաղթի տեմպերի վրա։ «Մենք քնում ենք վախենալով։ Ասում են՝ խաղաղություն է, բայց դա նշանակություն չունի, թուրքը քո կողքին է, ո՞նց կարաս հանգիստ քնես։ Գյուղում պարեկներ չեն շրջում, որ գոնե զգանք, որ հսկում են մեզ»,- նշեց նա։ Տեղ համայնքի հողերը օկուպացված են թշնամու կողմից։ Հարցին, թե ի՞նչ լուծում են տեսնում Տեղ գյուղի դեպքում, Սուրեն Ամարյանը պատասխանեց․ «Տեղ համայնքում պետք է լինի սահմանազատում, որ ժամանակ կճշտվի՝ իրենք են մեր սահմանն անցել, թե մենք։ Առայժմ տեղեկություններ չկան, թե երբ կլինի սահմանազատում»։

Մարմամասները՝ www.aravot.am կայքում

Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ասված է համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։

Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշվում է գրառման մեջ։

Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել «Առավոտ»-ի՝ «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է․ Կոռնիձորի վարչական ղեկավար» հոդվածի առնչությամբ։

Հերքման տեքստում նշվում է, թե ««Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»։ «Պարոն Ամարյանը հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, եւ ներկայումս որեւէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ սահմանապահ զորքերի կողմից։ Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշում է Տեղի համայնքապետարանը։

Ի պատասխան «Առավոտ»-ը հրապարակում է Սյունիքի մարզ այցելած լրագրողների եւ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի զրույցի ձայնագրությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/09/06/1578228/