06/09/2026

EU – Armenia

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, կոտրվել են գազախողովակներ, քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կարգադրությամբ ժամանել են մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ովքեր այս պահին վարչական շրջանի ղեկավար Նորայր Հակոբյանի գլխավորությամբ հաշվառում են վնասները։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։