Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Սաքսոնիա-Անհալթում ընտրությունների արդյունքն անվանել է «տեկտոնական տեղաշարժ» և ընդունել է ՔԴՄ-ի դրամատիկ պարտությունը:
Ըստ BILD-ի՝ կուսակցության ղեկավարության հանդիպման ժամանակ նա ասել է, որ AfD-ի հնարավոր կառավարությունը կդառնա «արմատական աջ»։
«Սա ցնցում է մեր կուսակցությունը մինչև իր հիմքը: Մենք չենք կարող սովորականի պես վերադառնալ գործին, ոչ ես, ոչ դաշնային կառավարությունը», – ասել է Մերցը:
Նա նաև խոստովանել է, որ ՔԴՄ-ն չի կարողացել էմոցիոնալ կապ հաստատել ընտրողների հետ, և կուսակցության ղեկավարությանը կոչ է արել ներքին հակասությունները չմտցնել հանրային տարածք։
Ըստ Մերցի՝ ընտրությունների արդյունքները կունենան միջազգային հետևանքներ։
«Այսօր առավոտյան ՔԴՄ նախագահության, ապա նաև դաշնային խորհրդի նիստում մենք մանրամասն քննարկեցինք այս ընտրությունների արդյունքները։ Եվ կարող եմ ձեզ ասել. մենք բոլորս խորապես ցնցված ենք։ Մենք դա այս տեսքով չէինք սպասում։ Անշուշտ, մենք պարտավոր ենք ընդունել այս արդյունքը՝ այդպիսին են մեր ժողովրդավարության կանոնները», – ասել է Մերցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
«Պետք է խոստովանեմ. սա ՔԴՄ-ի կրած ամենավատ ընտրական պարտությունն է տասնամյակների ընթացքում», – հայտարարել է նա։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ տեղի ունեցածը պետք է հետևանքներ ունենա։ Երկու շաբաթից, Մերցի խոսքով, Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանում և Բեռլինում տեղի կունենան ևս երկու նահանգային խորհրդարանական ընտրություններ։
Մերցը ընդգծել է, որ Սաքսոնիա-Անհալթում անցկացված ընտրությունները փոխել են իրավիճակը ոչ միայն այդ տարածաշրջանում, այլև ամբողջ Գերմանիայում։ «Եվ այս ընտրությունների արդյունքները հետևանքներ կունենան։ Դրանք նաև կազդեն միջազգային իրավիճակի վրա», – հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Բաց մի թողեք
«Միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ». Ինչպես է արձագանքել Գերմանիայում ընտրություններին Տուսկը
Գերմանիան և Իտալիան արգելափակել են Կալլասի կողմից պաշտպանական խումբ ստեղծելու գաղափարը
Նորվեգիան զորք է կուտակում ՌԴ-ի հետ սահմանին․Կրեմլի արձագանքը