«Բյուրեղավանում ջրի որակի շուրջ առաջացած մտահոգությունները նոր թափ են ստացել։ Սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, և նախնական տվյալներով՝ նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավիճակի ֆոնին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը, Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման նպատակով։
Ավելի ուշ ՀՎԿԱԿ-ը տեղեկացրել է, որ ծորակի ջուրը բնակիչները կարող են օգտագործել միայն եռացնելուց հետո։ Այս հանգամանքը, սակայն, մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ ՀՎԿԱԿ-ի առաջին նախազգուշացումը տարածվել է այն ժամանակ, երբ ջրի լաբորատոր հետազոտության վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն եղել։
Այսինքն՝ բնակիչներին ջուրը չօգտագործելու հորդորը տրվել է նախքան հետազոտությունների վերջնական պատկերի ստացումը։ ArmLur.am-ը Բյուրեղավանում զրուցել է համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ։
Զրույցի ընթացքում նկատելի էր համայնքապետի ընդգծված վերաբերմունքը ջրամատակարարման, ջրի որակի և այդ հարցերում համայնքապետարանի ու «Վեոլիա Ջուր»-ի պատասխանատվության մասին մեր հարցադրումներին։ Մասնավորապես, համայնքապետի դժգոհությունն առաջացրին այն հարցերը, որոնցում մենք բարձրաձայնում էինք քաղաքացիների բողոքները՝ ջրի որակի, հնարավոր աղտոտվածության, ջրամատակարարման և ջրատար խողովակների մաքրման ժամկետների վերաբերյալ։
Բալասյանը պնդում էր, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որն է քաղաքացիների առողջական խնդիրների պատճառը, և այդ պատճառով չի ցանկանում թիրախավորել ջրի որակը։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց․ եթե խնդրի պատճառը դեռ հայտնի չէ, ապա ի՞նչ հիմքով է ՀՎԿԱԿ-ը բնակիչներին նախ հորդորել ընդհանրապես չօգտագործել ծորակի ջուրը, իսկ ավելի ուշ թույլատրել այն օգտագործել միայն եռացնելուց հետո։
Հատկանշական է նաև, որ Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ հարցերը նոր չեն։ Նախորդ հետազոտությունների ընթացքում ջրի մեջ հայտնաբերվել էր երեք տեսակի վիրուս։
Հետևաբար, այսօրվա իրավիճակը ևս բնականաբար առաջացնում է բնակիչների և հանրության մտահոգությունը՝ արդյոք առողջական խնդիրները որևէ կապ ունեն ջրի որակի կամ ջրամատակարարման համակարգի հետ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը դիմել է ՀՎԿԱԿ-ին։ Կենտրոնից մեզ հայտնեցին, որ լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, և մոտավորապես 4-5 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր կլինի ստանալ վերջնական պատկեր։ ՀՎԿԱԿ-ից ընդգծեցին, որ իրականացվել է նմուշառում, իսկ հետազոտությունների արդյունքները համապատասխան մարմիններին կներկայացվեն իրենց իրավասությունների շրջանակում։
Կենտրոնից նաև պարզաբանեցին, որ այս փուլում տարբեր ենթադրություններ կարող են լինել, սակայն մասնագիտական մեկնաբանությունները պետք է հիմնված լինեն ապացույցների և փաստերի վրա։ Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ անհրաժեշտ է սպասել լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, այնուհետև դրանք համադրել մյուս իրավասու մարմինների տվյալների հետ՝ իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու համար։
Այս ամենին զուգահեռ նկատենք, որ Բյուրեղավանի բնակիչների հիմնական հարցը շարունակում է մնալ նույնը՝ եթե ջրի հետ կապված որևէ վտանգ չկա, ինչո՞ւ է ՀՎԿԱԿ-ը նախազգուշացրել բնակիչներին այն չօգտագործել, իսկ հետո թույլատրել միայն եռացնելուց հետո։ Իսկ եթե վտանգի հավանականությունը կա, ապա ինչո՞ւ դրա մասին հստակ և ամբողջական տեղեկատվություն չի ներկայացվում հանրությանը։ Այս հարցերի պատասխանները կարող են տալ միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքները և տարբեր պատասխանատու մարմինների տվյալների համադրումը։ ArmLur.am-ը հետևողական կլինի խնդրին և ՀՎԿԱԿ-ի կողմից ախտորոշման պատասխանները հայտարարելուց հետո կհայտնի այդ մասին»։

Բաց մի թողեք
Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել
ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ Լուսանկար
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը