10/09/2026

EU – Armenia

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Ուկրաինան մտադիր է առաջիկա երկու ամիսները՝ սեպտեմբերն ու հոկտեմբերը օգտագործել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում դիվանագիտական կարգավորման բանակցությունները վերականգնելու եւ պատերազմի ավարտին հասնելու համար։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգների հետ նոր բանակցությունների հարթակ կարող է ծառայել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, որը տեղի է ունենալու այս ամսին՝ Նյու-Յորքում։

«Մեր տրամադրության տակ կա սեպտեմբերն ու հոկտեմբերը, որպեսզի ինչ որ կերպ բանակցային հնարավորություն գտնենք։ Առանց երկխոսության մենք արդյունք չենք ունենա»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ իր կարծիքով նախագահ Թրամփը կարող է գտնել իրական հնարավորություն բանակցային գործընթացը վերականգնելու՝ նախքան եւս մեկ ցուրտ ձմռան գալուստը։

Զելենսկին չի բացառել, որ կարող է եւս մեկ բանակցային փուլ լինել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի մասնակցությամբ, սակայն վերջնական որոշում այդ հարցով դեռ կայացված չէ։ Ուշագրավ է այն, որ նման հայտարարություն նախագահ Զելենսկին հնչեցրել է ամերիկյան հատուկ դեսպանորդների՝ Մոսկվա եւ Կիեւ օրերս տեղի ունեցած այցերից հետո։