Երեկ Հայաստանի Կամերային նվագախմբի համերգը ինձ համար պարզապես հերթական երաժշտական երեկո չէր։ Այն նաև վերադարձ էր մի նվագախմբի աշխարհ, որի համերգներին, խոստովանեմ, վաղուց չէի եղել։
Հիշողությանս մեջ դեռ կենդանի են դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարության տարիները, երբ Կամերայինը ինձ համար Երևանի երաժշտական կյանքի այն առանձնահատուկ կետերից էր, որտեղ կարելի էր ոչ միայն երաժշտություն լսել, այլև զգալ նրա շունչը։
Երեկ առաջին տպավորություն – արձագանքս ֆեյսբուքի անձնական էջումս էր․ Բրամսն ու Չայկովսկին՝ երկու տարբեր բնավորություն, մեկ երեկո․ Բրամսը՝ ներսում պահված խոստովանություն, Չայկովսկին՝ նույն զգացումը՝ արդեն բաց պատուհանի տակ։ Այսօր Բրամսն ու Չայկովսկին միևնույն բեմում էին՝ կարծես այն երկու մեծերը, որոնց երաժշտական աշխարհները միշտ մի փոքր հեռու էին իրարից, բայց երբեք՝ միմյանցից անտարբեր։ Բրամսի Դաշնամուրային կվինտետը՝ Արմինե Գրիգորյանի նուրբ ու խորքային դաշնամուրով, իսկ հետո Չայկովսկու «Սերենադը»՝ որպես զգացմունքի բացվող գիշեր։
Եվ ահա՝ Բրամս ու Չայկովսկի։ Երկու անուն, որոնք կողք կողքի դնելիս առաջին հայացքից կարող են նույնիսկ անհամատեղելի թվալ։ Երկուսն էլ ռոմանտիզմի մեծագույն ներկայացուցիչներ են, երկուսն էլ խորապես զգացմունքային են, երկուսն էլ երաժշտության մեջ մարդուն են փնտրում։ Բայց որքան տարբեր է նրանց խոսելու ձևը։
Բրամսը ներս է խոսում․ Չայկովսկին՝ դեպի դուրս
Բրամսի երաժշտության մեջ զգացմունքը կարծես երբեք չի շտապում անմիջապես բացահայտվել։ Այն նստած է ձևի խորքում, լռությունների մեջ, ներքին պայքարի, խտության ու երաժշտական մտքի անընդհատ զարգացման մեջ։ Նրա մոտ նույնիսկ ամենախոր ցավը հաճախ պահում է իր արժանապատվությունը։ Բրամսը կարծես ասում է՝ զգացմունքը պետք չէ գոռալ, որպեսզի այն մեծ լինի։
Իսկ Չայկովսկին այլ է։ Նրա սիրտը չի սիրում փակ դռներ։ Այն բացվում է ամբողջ լայնությամբ՝ սիրո, կարոտի, տագնապի, երջանկության, ողբերգության ու նույնիսկ այն անբացատրելի տխրության առաջ, որն երբեմն մարդուն այցելում է առանց պատճառի։
Եթե Բրամսը զգացմունքը պահում է իր ներսում, ապա Չայկովսկին այն վերածում է ձայնի։ Եվ հենց այդ պատճառով երեկվա ծրագրի առաջին մեծ հանդիպումը՝ Բրամսի Դաշնամուրային կվինտետը, իսկական ներքին դրամա էր։
Դաշնամուրն այստեղ պարզապես մենակատար չէ, իսկ լարայինները՝ պարզապես նրան ուղեկցող խումբ։ Նրանք կարծես հինգ տարբեր անհատականություններ են, որոնք նույն հարցի շուրջ անընդհատ վիճում են, համաձայնվում, բաժանվում ու նորից գտնում միմյանց։ Բրամսի երաժշտության մեջ այդ երկխոսությունը երբեմն այնքան խիտ է, որ թվում է՝ լսում ես ոչ թե հինգ գործիք, այլ մեկ մեծ, անհանգիստ միտք։
Դաշնամուրի մոտ Արմինե Գրիգորյանն էր՝ դաշնակահարուհի, որին վաղուց գիտենք նաև որպես Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն։ Բայց երեկ նա այդ աշխարհում առաջին հերթին երաժիշտ էր։ Եվ Բրամսի հետ դա հատկապես կարևոր է։ Նրա երաժշտությունը պահանջում է ոչ միայն տեխնիկական վարպետություն, այլև ներքին ծանրություն, համբերություն, երաժշտական մտքի երկար շունչ։
Կվինտետը Արմինե Գրիգորյանի և Կամերային նվագախմբի կատարմամբ հենց այդպիսի շունչ ուներ։ Դիրիժորի վահանակի մոտ՝ Վահագն Պապյանը։ Եվ այստեղ ևս մի հետաքրքիր զուգահեռ կար․ Պապյանը ոչ միայն նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, այլև դաշնակահար։ Ես ներկա եմ եղել նրա դաշնամուրային մենահամերգներին, և այդ հանգամանքը, կարծում եմ, որոշակիորեն զգացվում էր նաև երեկվա Բրամսում․ դաշնամուրի հետ երկխոսությունը պարզապես դիրիժորական ղեկավարում չէր, այլ երաժշտական մտածողության շատ ներքին հաղորդակցություն։
Բրամսի Դաշնամուրային կվինտետի երեկվա կատարման առանձին կանգառը, անշուշտ, Արմինե Գրիգորյանի մատների տակի դաշնամուրն էր։ Այս ստեղծագործության մեջ դաշնակահարը չի կարող պարզապես լինել հրաշալի մենակատար։ Բրամսի մոտ դաշնամուրը երբեք չի ստանում միայն «առաջին ձայնի» իրավունք։ Այն պետք է կարողանա և՛ խոսել, և՛ լսել, և՛ վիճել, և՛ զիջել, և՛ նորից իր շուրջը հավաքել մյուս գործիքներին։ Արմինե Գրիգորյանի կատարման մեջ հենց այդ համագործակցային մտածողությունն էր զգալի։ Նրա նվագը ուժեղ էր, բայց ոչ ցուցադրական։ Հագեցած էր, բայց ոչ ծանրաբեռնված։ Էմոցիոնալ էր, բայց զերծ արտաքին էֆեկտից։ Եվ ամենակարևորը՝ դաշնամուրը չէր փորձում գերիշխել լարայինների նկատմամբ. այն նրանց հետ ստեղծում էր մեկ միասնական երաժշտական մարմին։ Բրամսի համար սա սկզբունքային է։
Նրա երաժշտության մեջ տեխնիկական բարդությունը պետք է վերածվի մտքի, իսկ ուժը՝ ներքին լարվածության։ Եվ Արմինե Գրիգորյանի կատարման մեջ հատկապես այդ փոխակերպումն էր հետաքրքիր՝ մատների վարպետությունը լսվում էր ոչ թե որպես տեխնիկական ցուցադրություն, այլ որպես երաժշտական խոսքի բնականություն։ Նրա Բրամսը նաև ուներ այն հազվագյուտ հատկությունը, որը միջազգային քննադատներն առանձնացնում են այս ստեղծագործության լավագույն մեկնաբանություններում՝ հստակություն առանց չորության, ուժ առանց ծանրության, զգացմունքայնություն առանց սենտիմենտալության։
Կվինտետի առաջին իսկ հնչյուններից զգացվում էր, որ դաշնակահարը ոչ միայն գիտի իր պարտիան, այլև գիտի՝ որտեղ է գտնվում ամբողջ ստեղծագործության մեջ։ Եվ դա երկու տարբեր բան է։ Բրամսը պահանջում է ոչ միայն դաշնամուր նվագել, այլև լսել կամերայինի շնչառությունը։ Լսել ջութակներին, լսել ալտերին, լսել թավջութակներին, զգալ այն պահը, երբ դաշնամուրը պետք է առաջ գա, և այն ավելի կարևոր պահը, երբ պետք է հետ քաշվի՝ երաժշտական ամբողջության համար։ Արմինե Գրիգորյանի նվագում այդ ներքին երկխոսությունը շատ կենդանի էր։
Հատկապես հետաքրքիր էր նրա ձայնային պալիտրան՝ Բրամսի մուգ, խտացված հնչերանգներից մինչև ավելի լուսավոր, գրեթե քնարական դրվագներ։ Նրա մոտ ուժեղ ակորդը չէր դառնում պարզապես ուժեղ ձայն, իսկ պիանոն՝ պարզապես ցածր դինամիկա։ Դինամիկան ուներ հոգեբանական նշանակություն։
Այդ պատճառով նրա Բրամսը կարելի է բնութագրել որպես մտածված, հասուն, ներքին լարվածությամբ լի և երաժշտականորեն հավասարակշռված մեկնաբանություն։ Եվ այստեղ մի հետաքրքիր զուգահեռ է առաջանում հենց Բրամսի բնավորության հետ։ Բրամսը մեծ զգացմունքների կոմպոզիտոր է, որը հազվադեպ է թույլ տալիս այդ զգացմունքներին անմիջապես ճչալ։ Արմինե Գրիգորյանի կատարման մեջ նույնպես զգացմունքը չէր գոռում։ Այն ապրում էր ներսում։ Եվ գուցե հենց սա է Բրամսի նկատմամբ ամենամեծ հարգանքը՝ չփորձել նրան ավելի «ռոմանտիկ» դարձնել, քան նա կա, չծանրացնել նրա երաժշտությունը ավելորդ պաթոսով, այլ թույլ տալ, որ նրա հսկայական ներքին դրաման ինքնուրույն բացվի։ Այդ իմաստով Արմինե Գրիգորյանի երեկվա կատարումը կարելի է անվանել ոչ միայն վիրտուոզ, այլև ինտելեկտուալ վիրտուոզ։ Դաշնակահարուհի, որը ոչ միայն նվագում է Բրամսի նոտաները, այլև կարդում է նրա լռությունները։
Եվ հենց այդտեղ է սկսվում իսկական կամերային երաժշտությունը
Բայց եթե Բրամսը մեզ տարավ դեպի մարդու ներաշխարհը, ապա ընդմիջումից հետո Չայկովսկին կարծես բացեց պատուհանները։ «Սերենադը լարայինների համար»՝ և հանկարծ նույն լարայինների հնչողությունը դարձավ ուրիշ աշխարհ։ Չայկովսկու լարայինները երգում են։ Նրանք հիշում են։ Նրանք կարոտում են։ Նրանք երբեմն պարում են՝ կարծես փորձելով մոռանալ, որ իրենց հետևից գալիս է տխրությունը։ Եվ սա է Չայկովսկու մեծ գաղտնիքը․ նա կարողանում է միևնույն երաժշտական տարածության մեջ տեղավորել և՛ տոնախմբությունը, և՛ մենությունը։ Նրա երաժշտության մեջ նույնիսկ ուրախությունը հաճախ ունի իր ստվերը, իսկ տխրությունը՝ գեղեցկություն։
Բրամսն ու Չայկովսկին այս իմաստով ոչ թե հակառակորդներ են, այլ երկու տարբեր պատասխաններ նույն մարդկային հարցին։ Ինչպե՞ս ապրել այն զգացմունքի հետ, որը մարդուց մեծ է։ Բրամսը պատասխանում է՝ այն վերածելով ձևի, կարգի, ներքին դրամատուրգիայի։ Չայկովսկին պատասխանում է՝ այն վերածելով երգի։ Բրամսը կարծես սեղմում է բռունցքը։ Չայկովսկին՝ բացում է ափը։ Բրամսի մոտ սիրտը մտածում է։ Չայկովսկու մոտ միտքն է սկսում սրտով խոսել։
Եվ գուցե հենց այդ պատճառով նրանց կողք կողքի լսելը այնքան հետաքրքիր էր։ Որովհետև երեկ մենք ոչ թե պարզապես երկու կոմպոզիտորի երաժշտություն լսեցինք, այլ հանդիպեցինք երկու տարբեր հոգեբանությունների, երկու տարբեր մշակութային բնավորությունների, երկու տարբեր կերպով ապրած ռոմանտիզմների։ Մեկը՝ խիստ, խոհուն, ներփակ, երբեմն մռայլ, բայց վիթխարի ներքին ուժով։ Մյուսը՝ կրքոտ, բաց, ողբերգական, երգային, երբեմն գրեթե թատերական։ Եվ այդ երկու աշխարհների միջև կանգնած էր Հայաստանի Կամերային նվագախումբը։
Նվագախումբ, որի մասին երեկ կրկին մտածեցի այն պարզ համոզմամբ, որ սա Հայաստանի լավագույն երաժշտական կազմերից մեկն է։ Իսկ առաջին ջութակի մոտ՝ Աստղիկ Վարդանյանը, որի ներկայությունն առանձնահատուկ կարևորություն ունի այն ամբողջ երաժշտական շղթայի մեջ, որով երեկ Բրամսի խտությունը աստիճանաբար հասավ Չայկովսկու լայն, երգող հնչողությանը։
Կարծես երկու տարբեր գետեր էին միացել նույն երեկոյի մեջ։ Բրամսը մեզ տարավ դեպի ներս։ Չայկովսկին՝ դեպի աշխարհ։ Բայց երկուսն էլ վերջում մեզ վերադարձրին նույն տեղը՝ մարդուն։
Եվ գուցե մեծ երաժշտության ամենամեծ հրաշքն էլ հենց սա է․ կոմպոզիտորները կարող են ապրել տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում, ունենալ տարբեր բնավորություններ, տարբեր գեղագիտություն ու տարբեր երաժշտական լեզու, բայց երբ նրանց երաժշտությունը հնչում է կենդանի, մի պահ այլևս ոչ Բրամս կա, ոչ Չայկովսկի։ Մնում է միայն սիրտը։ Եվ երեկ այդ սիրտը բավական երկար էր խոսում։
Ի դեպ, Հայաստանի Կամերային նվագախմբի 2026 – 2027 թթ համերգաշրջանի բացումն ու երաժշտական երեկոն սկսվեց մի պահով, որն իր նշանակությամբ դուրս էր սովորական համերգային արարողակարգից։ ՀՀ օրհներգը։ Նվագախումբը կատարեց այն ոտնկայս, և նույն կերպ այն լսեց նաև հանդիսատեսը։ Մի պահ դահլիճում երաժշտությունից առաջ լռությունն էր խոսում։ Այդ լռության մեջ կար պետություն, հիշողություն, պատկառանք, և գուցե նաև այն պարզ գիտակցումը, որ երաժշտությունը երբեմն կարող է լինել ոչ միայն արվեստ, այլև հանրային արժանապատվության ձև։
Իսկ հետո Վահագն Պապյանը հայտնեց, որ երեկոյի ամբողջ համերգը նվիրված է Կամերային նվագախմբի վերջերս երջանկահիշատակ դարձած կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանի պայծառ հիշատակին։ Եվ հանկարծ երեկվա երաժշտությունը ձեռք բերեց մեկ այլ խորություն։ Հիշատակը երաժշտության ամենալուռ, բայց ամենահզոր թեմաներից մեկն է։
Երեք տասնամյակից ավելի տարիներ նվագախմբի հենասյուներից երաժշտի մասին կարելի է շատ բան ասել, կարելի է թվարկել նրա կատարումները, տարիները, բեմերը, նվագախմբային ճանապարհը։ Բայց երբ նրա անունը հնչում է այն բեմում, որտեղ նա ինքը ժամանակին երաժշտություն է ստեղծել, բառերն այլևս քիչ են։ Մնում է երաժշտությունը։
Եվ գուցե հենց այստեղ էր երեկվա Բրամսի և Չայկովսկու երկխոսության ամենախոր իմաստը։ Բրամսը՝ իր ներքին խոհով, իր ծանր ու խորունկ լռություններով։ Չայկովսկին՝ իր երգով, իր կարոտով, իր երբեմն ողբերգական գեղեցկությամբ։ Երկուսն էլ, յուրովի, երաժշտության մեջ խոսում են բացակայության մասին։ Բրամսը՝ այն լռության, որը մնում է մարդու ներսում։ Չայկովսկին՝ այն զգացմունքի, որը այլևս չես կարող հասցեագրել նրան, ում համար ծնվել էր։
Եվ այդ իմաստով Արայիկ Խաչատրյանի հիշատակին նվիրված համերգը պատահական չէր թվում։ Երաժշտությունը երեկ կարծես ոչ միայն հնչում էր, այլև հիշում էր։ Գուցե հենց սա է երաժշտի ամենամեծ անմահությունը։ Նա հեռանում է բեմից, բայց նրա տեղը բեմում դատարկ չի մնում։ Այն լցնում է երաժշտությունը։ Ու քանի դեռ նրա նվագախումբը շարունակում է նվագել, քանի դեռ նրա գործընկերները շարունակում են նստել նույն բեմում, քանի դեռ առաջին ջութակի աղեղը շարժվում է, իսկ կոնտրաբասի խորը ձայնը հիշողության մեջ շարունակում է արձագանքել, երաժիշտը, մի տեսակ, շարունակում է մնալ նրանց կողքին։ Երեկ այդ ներկայությունը տեսանելի չէր։ Բայց երաժշտության մեջ այն կար։
Եվ գուցե հենց այդ պատճառով Հայաստանի Կամերային նվագախմբի երեկվա համերգը ինձ համար դարձավ ոչ միայն Բրամսի ու Չայկովսկու հանդիպում, այլև մի փոքրիկ արարողություն՝ երաժշտության, հայրենիքի և հիշողության։ Օրհներգից սկսված երեկոն ավարտվեց Չայկովսկու լարայինների հնչողությամբ։ Երկու ծայրերում՝ հայրենիքի անունն ու մարդու հիշատակը։ Իսկ նրանց միջև՝ երաժշտությունը։ Այն միակ լեզուն, որը կարողանում է խոսել և՛ ապրողների, և՛ բացակայողների փոխարեն։

Բաց մի թողեք
«Ռոմեո և Ջուլիետ»-ով՝ դեպի Սունդուկյանի թատրոնի 105-րդ թատերաշրջան. Լուսանկարներ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. Լուսանկար
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի