15/09/2026

EU – Armenia

Միայն մեկ մարդ գիտի գաղտնիքը

Նույնիսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթներ գրողների թիմը տեղյակ չէ, թե ինչ է պարունակում տարեկան ելույթը։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ․ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ունի հինգ փորձառու մասնագետներից բաղկացած՝ մանրակրկիտ ընտրված թիմ, որը զբաղվում է ելույթների պատրաստմամբ։ Սակայն նրանք չեն ղեկավարում քաղաքական օրացույցի ամենակարևոր ելույթի նախապատրաստական ​​աշխատանքները։

Տասնյակ մարդկանցից կարծիքներ են հարցրել այն մասին, թե ինչ պետք է ներառվի Եվրոպական խորհրդարանում չորեքշաբթի օրը կայանալիք նրա մեծ ելույթում։ Հանձնաժողովի նախագահը խորհրդակցել է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հետ, ճաշել ազգային դեսպանների հետ, դիմել բարձրաստիճան պաշտոնյաների և իր 26 գործընկեր-հանձնակատարների հետ մեկնել հատուկ արտագնա հանդիպման՝ մտքերի փոխանակման նպատակով։

Այս բոլոր հանդիպումների ընթացքում ֆոն դեր Լայենը գրառումներ է կատարել, սակայն ոչինչ չի բացահայտել։

Բյորն Զայբերտը՝ նախագահի ամենամտերիմ օգնականը, միակ մարդն է, ով իրականում տեղյակ է նախագծի բովանդակությանը, գիտի կարևորագույն հայտարարությունների մասին և գիտի, թե ինչպես կարող է դեռ փոփոխվել խիստ գաղտնի պահվող տեքստը։

Նույնիսկ ֆոն դեր Լայենի՝ ելույթներ գրող հիմնական թիմը, որը մանրակրկիտ ձևավորվել է նրա կենտրոնամետ կոալիցիայի տարբեր հատվածներից, չէ, որ պատրաստում է այս ելույթի տեքստը։

Հստակ է մեկ բան․ կարծիքների հավաքագրման այս հրապարակային գործընթացը նպաստել է սպասողական մթնոլորտի ձևավորմանը, ինչին ֆոն դեր Լայենը մեծապես ձգտում էր։

«Սա մեծ աղմուկ է բարձրացնում՝ հատկապես VDL-ի (Ուրսուլա ֆոն դեր Լայենի) համար», – նշել է ԵՄ պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իսկ «ահռելի գումարներ» է ծախսել ելույթի քարոզչության վրա։

Նույնն արել է նաև Հանձնաժողովը։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում դրա կայքում տեղադրված հետհաշվարկի ժամացույցը ֆիքսել է յուրաքանչյուր վայրկյանը, իսկ 70 ազդեցիկ գործիչներ (ինֆլյուենսերներ) հրավիրվել են խորհրդարանի դահլիճ՝ նախագահի ուղերձները աշխարհին փոխանցելու համար Երբ Ժան-Կլոդ Յունկերը ելույթ էր ունենում, նրա մերձավոր օգնականները հազվադեպ էին կռահում, թե նա ինչ է ասելու. այնքան մեծ էր նրա հակումը՝ ելույթի ընթացքում ինքնաբուխ շեղումներ անելու։ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Յունկերը խորհրդարանական գործիչ էր, ով սիրում էր բանավեճեր։

Ի տարբերություն նրա՝ զուսպ և զգուշավոր ֆոն դեր Լայենը նախընտրում է հետևել մանրակրկիտ կազմված տեքստին, որը տպագրված դրված է լինում իր առջև՝ թղթապանակի մեջ։ 2020 թվականին նմանատիպ առաջին ելույթից ի վեր՝ դրանց բովանդակությունն ավելի բարդ կառուցվածք է ստացել և ձեռք բերել շատ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական նշանակություն։

«Նախկինում դա կոլեգիալ բնույթի պահ էր, իսկ այժմ վերածվել է գրեթե անձնական ծրագրի», — նշել է մեկ այլ պաշտոնյա։

Հիլդե Վաուտմանսը՝ ֆլամանդացի լիբերալ եվրախորհրդարանականը, ով իր կարիերայի ընթացքում ականատես է եղել նմանատիպ 10 ելույթի, պաշտպանել է ֆոն դեր Լայենի աշխատաոճը։

«Նա հարգում է խորհրդարանը, շատ բաց է. ես կարող եմ նրան հաղորդագրություն գրել կամ զանգահարել, և նա շատ արագ է արձագանքում», — ասել է նա։ «Գուցե պատճառն այն է, որ մենք երկուսս էլ շիկահեր կանայք ենք», — կատակել է նա։

Այս անգամ ունկնդիրների շարքում կլինի նաև Մարկ Քարնին՝ Կանադայի վարչապետը, ով Դավոսում հայտնի ելույթ էր ունեցել՝ կոչ անելով «միջին հզորության պետություններին» միավորվել ավտոկրատների դեմ. նրա ներկայությունը ելույթին լրջության և խորը մտորումների մթնոլորտ կհաղորդի։

Որոշ մանրամասներ արդեն հայտնի են՝ սկսած սոցիալական ցանցերից օգտվելու տարիքային սահմանափակումից այն խմբի համար, որին Հանձնաժողովն անվանում է «երեխաներ», մինչև այն պատմությունը, որը ֆոն դեր Լայենը մտադիր է ներկայացնել առևանգված ուկրաինացի երեխաների մասին։

Սակայն կարող է հնչել ցանկացած հայտարարություն, և նույնիսկ հանձնակատարները, ովքեր պարտաճանաչորեն զբաղեցնելու են իրեն հատկացված տեղերը նրա կողքին, տեղյակ չեն լինելու դրանցից։

Անցյալ տարի Իսրայելի հետ արտոնյալ առևտրային ռեժիմը կասեցնելու նրա առաջարկն անակնկալի բերեց ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասին։

Շոուն գրավիչ դարձնելու համար կիրառվել են ամենատարբեր հնարքներ՝ սկսած հատուկ հյուրերից, որոնց հանդիսատեսը ոտնկայս է ողջունում, մինչև ուղեկցող պատկերներ։

Նրա՝ հեռավորություն պահպանող վարքագիծը ուշադրության է արժանացել հայրենի Գերմանիայում, որտեղ երկուշաբթի օրը հայտնի առավոտյան ռադիոհաղորդումներից մեկն անդրադարձել է հաղորդակցության այդ ոճին։

«Գործընթացում ներդրվող ջանքերն ու ստացվող արձագանքներն իրականում շատ ավելին են, քան թվում է կողքից», — նշել է Հանձնաժողովի պաշտոնյան։