17/09/2026

EU – Armenia

Տասնամյակներ շարունակ Հայաստանը ընկալվել է որպես Ռուսաստանի ազդեցության գոտու մաս

Ամերիկյան The Hill-ը ծավալուն անդրադարձ է հրապարակել Հարավային Կովկասում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրողությունների մասին՝ կենտրոնանալով Հայաստանի, ԱՄՆ-ի աճող ներգրավվածության և TRIPP նախագծի վրա։

Հոդվածի առանցքում պարզ, բայց էական դիտարկում է․ Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող այս փոքր տարածաշրջանը վերածվում է ամերիկյան ռազմավարական հետաքրքրության նոր տարածքի։ Հայաստանը տարածքով փոքր պետություն է, բայց նրա աշխարհագրությունն այսօր ձեռք է բերում իր չափերին անհամեմատ մեծ ռազմավարական նշանակություն։

Հյուսիսում Ռուսաստանն է, հարավում՝ Իրանը, արևմուտքում՝ Թուրքիան, արևելքում՝ Ադրբեջանը։ Այս աշխարհագրությունը դարեր շարունակ Հայաստանի հնարավորությունները սահմանափակող գործոն է եղել․ Հարավային Կովկասը մեծ տերությունների համար հաճախ եղել է ազդեցության համար մրցակցության տարածք, իսկ տարածաշրջանի պետությունները՝ այդ մրցակցության պայմաններին հարմարվողներ։Այժմ փոխվում է ոչ թե Հայաստանի աշխարհագրությունը, այլ այդ աշխարհագրության քաղաքական արժեքը։

Այժմ փոխվում է այդ աշխարհագրության քաղաքական նշանակությունը։ The Hill-ի վերլուծաբան Ռոբերտ Շերմանը Հարավային Կովկասը բնորոշում է որպես Ռուսաստանի «հետնաբակ» և Իրանի «շեմ», սակայն նրա հոդվածի գլխավոր արձանագրումն ավելի էական է․ Միացյալ Նահանգներն այստեղ այլևս պարզապես դիվանագիտական դերակատար չէ, այլ երկարաժամկետ շահեր ձևավորող ուժ։ TRIPP-ը, զարգացման ընկերությունում ամերիկյան 74 տոկոս մասնակցությունը, ենթակառուցվածքային ներդրումները և տեխնոլոգիական ու ռազմավարական համագործակցության խորացումը նշանակում են, որ Վաշինգտոնի ներկայությունը Հարավային Կովկասում քաղաքականից աստիճանաբար դառնում է նաև տնտեսական և ինստիտուցիոնալ։

Սա արդեն որակապես այլ ներկայություն է։ Մեծ տերությունների ներկայությունը երկարաժամկետ է դառնում այն ժամանակ, երբ քաղաքական հետաքրքրությունը վերածվում է տնտեսական և ռազմավարական շահի։ Ճանապարհը, երկաթուղին, էներգետիկ ու թվային ենթակառուցվածքները այդ շահը դարձնում են շոշափելի՝ տարածաշրջանում ստեղծելով շատ ավելի ամուր կապ, քան կարող է ապահովել որևէ քաղաքական հայտարարություն։

Պատմության մեջ ենթակառուցվածքը միշտ եղել է նաև ազդեցության աշխարհագրություն։ XIX դարում այն գծում էին երկաթուղիները, XX-ում՝ նավթամուղներն ու գազատարները, XXI-ում՝ նաև թվային ցանցերը, տվյալների կենտրոններն ու մատակարարման շղթաները։ Դրանց կառուցումը պարզապես տնտեսական գործունեություն չէ․ ով ձևավորում է կապերը, մասնակցում է նաև այն քաղաքական ու տնտեսական միջավայրի ձևավորմանը, որի ներսում այդ կապերը գործում են։

Այս իմաստով TRIPP-ը պարզապես Սյունիքով անցնող ճանապարհ չէ, այլ Հարավային Կովկասի տնտեսական և ռազմավարական հավասարակշռությունը փոխելու նախագիծ։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանն այստեղ իր ազդեցությունը պահպանել է նաև փոխկապակցված կախվածությունների համակարգով՝ երկաթուղուց ու էներգետիկայից մինչև շուկա և անվտանգություն, որտեղ տնտեսական ներկայությունը միաժամանակ քաղաքական ազդեցության լծակ էր։ Այժմ այդ համակարգում առաջին անգամ ձևավորվում է երկարաժամկետ ամերիկյան տնտեսական և ռազմավարական ներկայություն։

Բայց հենց այստեղ է սկսվում ամենակարևոր սահմանագիծը՝ որտեղ ավարտվում է գործընկերոջ մասնակցությունը և սկսվում Հայաստանի բացառիկ իրավազորությունը։ The Hill-ը կիրառում է «ամերիկացիներին պատկանող միջանցք» ձևակերպումը, սակայն Հայաստանի դեպքում այն չի արտացոլում նախագծի իրավական կառուցվածքը։

TRIPP-ը գործում է Հայաստանի ինքնիշխան տարածքում և հայկական իրավազորության ներքո․ մաքսային, սահմանային, հարկային, ոստիկանական և անվտանգության լիազորությունները մնում են Հայաստանի պետական մարմիններին։ Ամերիկյան մասնակցությունը վերաբերում է զարգացման ընկերության բաժնեմասին և ենթակառուցվածքի կառավարմանը, ոչ թե տարածքի, սահմանների կամ պետական իրավազորության նկատմամբ վերահսկողությանը։ Հենց այս սահմանագծի անխախտ պահպանումն է որոշելու TRIPP-ի քաղաքական արժեքը Հայաստանի համար։

Հայաստանի խնդիրը մի կախվածությունը մյուսով փոխարինելը չէ, այլ կախվածության տրամաբանությունից դուրս գալը։ Դիվերսիֆիկացման իմաստը Մոսկվայի հետ կապերը խզելը չէ, այլ այնպիսի հարաբերությունների համակարգ կառուցելը, որտեղ ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իրանը և ոչ որևէ այլ ուժ Հայաստանի համար անփոխարինելի չեն լինի։ Ընտրության հնարավորությունն է ինքնուրույն արտաքին քաղաքականության իրական հիմքը։

Եվ հենց այս տրամաբանության ամենաբարդ փորձությունը Իրանի հետ հարաբերություններն են։ Վաշինգտոնը մեծացնում է տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ, մինչդեռ Իրանը Հայաստանի համար պարզապես հարևան չէ, այլ սահմանային, առևտրային, էներգետիկ և հաղորդակցային կարևոր ուղղություն։

Այս հանգամանքն առավել զգայուն է դարձնում TRIPP-ի աշխարհագրությունը․ նախագիծը զարգանալու է հայ-իրանական սահմանի անմիջական հարևանությամբ, իսկ նախագահ Թրամփն այդ ներկայությունն արդեն բնորոշել է որպես Իրանի հետ հետագա հարաբերություններում Միացյալ Նահանգներին տրվող «մեծ առավելություն»։

Երևանի համար սա նշանակում է, որ TRIPP-ի տնտեսական նշանակությունն անխուսափելիորեն ուղեկցվելու է նաև աշխարհաքաղաքական հետևանքներով և հենց այստեղ է հասուն արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը։ Հայաստանը պետք է կարողանա Միացյալ Նահանգներին համոզել, որ ամերիկյան ներկայությունը Հայաստանի տարածքում ուժեղ է այն ժամանակ, երբ ուժեղ է հայկական պետությունը, և Իրանին՝ որ Հայաստանի տարածքով կառուցվող ենթակառուցվածքը նրա դեմ ռազմական հենակետ չէ։

Սա արդեն ոչ թե մեծ տերությունների միջև հավասարակշռելու, այլ սեփական շահի շուրջ նրանց տարբեր շահերը համադրելու քաղաքականություն է։ Փոքր պետության հին բնազդը որևէ մեկին չգրգռելն էր, ինքնիշխան պետության խնդիրը՝ ստեղծել այնպիսի հարաբերությունների համակարգ, որտեղ արտաքին ուժերի մրցակցությունը ոչ թե սահմանափակում, այլ ընդլայնում է իր ընտրության հնարավորությունները։

Հայաստանի դեպքում այդ շահը հստակ է՝ անվտանգ և բաց սահմաններ, բազմուղի հաղորդակցություններ, բազմազան շուկաներ, արևմտյան տեխնոլոգիաների հասանելիություն, սեփական պաշտպանունակության ամրապնդում և Իրանի հետ կայուն, կանխատեսելի հարևանություն։

Ուկրաինայի պատերազմից, Ռուսաստանի ռեգիոնալ թուլացումից և Իրանի շուրջ ներկայիս ճգնաժամից հետո Հարավային Կովկասում առաջացել է այնպիսի ռազմավարական բաց, ինչպիսին հազվադեպ է լինում պատմության մեջ։ Այդ բացերը երկար չեն մնում դատարկ։

Հարցն այլևս այն չէ՝ Միացյալ Նահանգները կմտնի՞ Հարավային Կովկաս․ այն արդեն տարածաշրջանում է՝ քաղաքական, տնտեսական և ռազմավարական ներկայությամբ։ Հայաստանի համար վճռորոշն այժմ այն է, թե այս ներգրավվածությունը կվերածվի՞ սեփական պետական կարողությունների, ինքնուրույնության և դիմակայունության աճի, թե՞ երկիրը պարզապես կտեղափոխվի մեկ այլ մեծ տերության ռազմավարական հաշվարկների դաշտ։

Տասնամյակներ շարունակ Հայաստանը ընկալվել է որպես Ռուսաստանի ազդեցության գոտու մաս։ Այսօր պատմական հնարավորությունը այդ տրամաբանությունը մերժելն է՝ ոչ ռուսական կախվածությունը փոխարինել ամերիկյանով, այլ վերջապես դուրս գալ այն պատկերացումից, թե Հայաստանը պարտադիր պետք է որևէ մեծ տերության ազդեցության տարածք լինի։

Ինքնիշխան պետությունը ոչ մեկի «հետնաբակը» չէ։ Նա ինքն է որոշում իր աշխարհագրության նշանակությունը, ձևավորում իր ընտրությունները և դրանք ծառայեցնում սեփական պետական շահին։