TRIPP-ի շուրջ քննարկումը մինչև հիմա հիմնականում կառուցվել էր քաղաքական պայմանավորվածության շուրջ՝ խաղաղություն, ինքնիշխանություն, ամերիկյան ներգրավվածություն և Հայաստանի տարածքով նոր հաղորդակցություն։ Modern Diplomacy-ի սեպտեմբերի 26-ի վերլուծությունը ուշադրությունը տեղափոխում է ավելի կոշտ հարցի վրա՝ տնտեսական ժամանակի։
Մինչ TRIPP-ի հայկական հատվածը դեռ նախագծման ու կառուցման փուլում է, տարածաշրջանի մյուս դերակատարներն արդեն միլիարդավոր ներդրումներ են ուղղում գործող Տրանսկասպյան երթուղիների ընդլայնմանը։ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը և Եվրամիությունը ձևավորում են բեռնափոխադրումների այն միջավայրը, որի մեջ TRIPP-ը հետագայում պետք է մտնի։ Հայաստանի համար այս փուլում առանցքային ռիսկը ուշացումն է․ ենթակառուցվածքային մրցակցության մեջ ժամանակը կարող է նույնքան կարևոր լինել, որքան աշխարհագրությունը։
Թուրքիայի 224 կիլոմետրանոց Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղին արդեն ապահովված է 2.4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորմամբ, իսկ շինարարությունը մեկնարկել է 2025-ի օգոստոսին։ Այս գիծը Թուրքիայի երկաթուղային ցանցը հասցնում է Նախիջևանի սահման և Ադրբեջանին տալիս լրացուցիչ հաղորդակցային ուղի։
Քաղաքական իմաստը պարզ է․ տարածաշրջանային կապակցվածության մրցակցությունը զարգանում է զուգահեռ ուղղություններով, և TRIPP-ը շուկա է մտնելու արդեն ձևավորվող այլընտրանքների պայմաններում։ Հայաստանի համար այստեղ որոշիչ են դառնում կառուցման արագությունը, սակագնային մրցունակությունը և երթուղու գործնական արդյունավետությունը։
Այստեղ վճռորոշ գործոնը ժամանակն է։ Տրանսպորտային միջանցքի արժեքը ձևավորվում է ոչ միայն երթուղու երկարությամբ, այլ նաև տարիների ընթացքում կուտակված գործարար վստահությամբ։
Բեռնափոխադրողները հարմարեցնում են ժամանակացույցերը, պահեստային ցանցերը, ապահովագրությունը, մաքսային ընթացակարգերն ու պայմանագրերը արդեն գործող ուղղություններին։ Այդ կապերը աստիճանաբար դառնում են շուկայի սովորություն և ստեղծում բարձր մուտքային շեմ նոր երթուղիների համար։ Հետևաբար TRIPP-ի մրցունակությունը կախված է նաև արագ գործարկումից․ ուշացումը կարող է շուկան ամրացնել արդեն կայացած այլընտրանքների շուրջ։
Հայաստանի համար ամենախոսուն նախադեպը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է։ Հայաստանը դուրս մնաց այդ նախագծից, իսկ Վրաստանով անցնող երթուղին տարիների ընթացքում դարձավ ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածք, այլ նաև հաստատված առևտրային ուղի։ 2024-ի արդիականացումից հետո դրա տարեկան թողունակությունը հասել է 5 միլիոն տոննայի, իսկ Ալաթի նավահանգիստը ընդլայնվում է մինչև 25 միլիոն տոննա հզորության նպատակային մակարդակ։
Սա Հայաստանի համար կարևոր հիշեցում է՝ շրջանցող երթուղին ժամանակի ընթացքում կարող է վերածվել շուկայի սովորության, իսկ այդ սովորությունը հետագայում շատ ավելի դժվար է փոխել, քան պարզապես նոր ճանապարհ կառուցելը։
Տրանսկասպյան համակարգի մյուս ուղղություններում ներդրումային մրցակցությունն արդեն արագ ընթացքի մեջ է։ 2024-ին Եվրամիությունն ու միջազգային ֆինանսական կառույցները հայտարարեցին Կենտրոնական Ասիայի տրանսպորտային կապերի զարգացման համար մինչև 10 միլիարդ եվրո ներգրավելու պատրաստակամության մասին։
Այս ծավալը ցույց էր տալիս, որ Տրանսկասպյան ուղղությունն արդեն դիտարկվում է որպես խոշոր ներդրումային և աշխարհատնտեսական նախագիծ, ոչ պարզապես տարանցիկ երթուղի։ 2025-ի Սամարղանդի ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում ներկայացվեց 12 միլիարդ եվրոյի ավելի լայն Global Gateway փաթեթ, որի 3 միլիարդը նախատեսված է տրանսպորտային ենթակառուցվածքների համար։
2026-ին այս շղթան լրացվեց Սև ծով–Հարավային Կովկաս–Կենտրոնական Ասիա տարածաշրջանային հաղորդակցությունների հարթակով, որի նպատակն է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ներդրում և և տարածաշրջանի հաղորդակցային ու տնտեսական ցանցերը միավորել մեկ ամբողջական համակարգում։
Այս թվերը ցույց են տալիս գործընթացի իրական արագությունը։ Տարածաշրջանի ապագա երթուղիները ձևավորվում են արդեն հիմա՝ ներդրումներով, ենթակառուցվածքներով և հաստատվող բեռնահոսքերով։ Ով ավելի շուտ ստեղծի արագ, վստահելի և մրցունակ կապ, նա էլ ավելի մեծ հնարավորություն կունենա ամրացնելու իր տեղը նոր լոգիստիկ քարտեզի վրա։
Շուկան ևս արագորեն ձևավորում է իր նախընտրությունները։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ արդյունավետ ներդրումների և կառավարման դեպքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 2030 թվականը կարող է եռապատկվել, իսկ տարանցման ժամանակը՝ գրեթե կիսվել։
Եվրահանձնաժողովի 2026 թվականի ուսումնասիրությունն արձանագրում է նաև, որ 2022-ից այս ուղղությամբ առևտրի ծավալն արդեն քառապատկվել է։ Հայաստանի համար սա կարևոր ազդակ է․ մրցակցությունն այլևս միայն նախագծերի շուրջ չէ, այլ բեռնահոսքերի, ժամանակի, վստահության և շուկայում կայուն տեղ զբաղեցնելու համար։
Հայաստանի համար այստեղ հարցը շատ ավելի խիստ է դրվում։ TRIPP-ի նշանակությունը չի որոշվելու միայն Մեղրիի 42–43 կիլոմետրանոց հատվածի կառուցմամբ։ Այդ ճանապարհը արժեք կունենա այնքանով, որքանով կկարողանա արագ միանալ արդեն ձևավորված տարածաշրջանային բեռնահոսքերին և դառնալ դրանց բնական ընտրություններից մեկը։
Մրցունակությունը որոշվելու է ոչ միայն աշխարհագրությամբ, այլ ժամանակով, սակագնով, սպասարկման որակով և վստահությամբ։ Այդ հատվածը պետք է ժամանակին միանա արդեն ձևավորվող Տրանսկասպյան ցանցին և դառնա նրա մրցունակ օղակներից մեկը։ Հայաստանի խնդիրը ճանապարհ ունենալը չէ միայն, այլ այդ ճանապարհը բեռնահոսքի, արագության, սակագնի և վստահության տեսանկյունից շուկայի համար նախընտրելի դարձնելը։
Դրա համար որոշիչ է ամբողջ համակարգի արագ և որակյալ գործարկումը։ Նախագծումն ու շինարարությունը պետք է ընթանան առանց երկար ձգձգումների, իսկ երթուղին աշխատի կանխատեսելի սակագներով, արագ մաքսային ընթացակարգերով, թվային փաստաթղթաշրջանառությամբ, ապահովագրական վստահությամբ և հստակ երկաթուղային կառավարմամբ։
TRIPP-ի արժեքը էապես կաճի նաև Թուրքիայի, Սև ծովի և եվրոպական շուկաների հետ արդյունավետ կապի դեպքում։ Էներգետիկ ու տվյալների ենթակառուցվածքների ներառումը կարող է այն վերածել պարզապես տարանցիկ գծից ավելի լայն տնտեսական հանգույցի՝ ստեղծելով արժեք ոչ միայն բեռի անցումից, այլ նաև ծառայություններից, էներգիայից, թվային հոսքերից և ներդրումներից։
Modern Diplomacy-ի հրապարակման հիմնական արժեքը բարձրացրած հարցի մեջ է։ «Իրական հաղթողների» մասին եզրակացությունը դեռ վերլուծական վարկած է, իսկ ներկայացված ներդրումային որոշ թվեր՝ լրացուցիչ ճշտման կարիք ունեցող տվյալներ։ Բայց հոդվածը ճիշտ է մատնանշում մրցակցության առանցքը՝ տարածաշրջանային երթուղիների ապագան որոշվում է արդեն հիմա, և ժամանակը այստեղ դառնում է նույնքան կարևոր գործոն, որքան կապիտալն ու աշխարհագրությունը։
Բայց հոդվածը դնում է շատ ճիշտ հարց՝ ենթակառուցվածքը ինքնին դեռ մրցունակություն չէ։ Հայաստանը կարող է կառուցել TRIPP-ը, բայց եթե այն ուշ միանա արդեն ձևավորված բեռնահոսքերին, շուկան կարող է մինչ այդ կայանալ այլ ուղղությունների շուրջ։ Այդ դեպքում խնդիրը կլինի ոչ ճանապարհի բացակայությունը, այլ ժամանակի կորուստը։
TRIPP-ի առավելությունն այս փուլում նախ և առաջ քաղաքական կապիտալն է։ Նախագիծն ունի Վաշինգտոնի բարձր մակարդակի աջակցությունը, նախատեսվող հայ-ամերիկյան համատեղ կառավարման մեխանիզմ և ուղիղ կապ խաղաղության գործընթացի հետ։ Հայաստանի համար դրա նշանակությունն ավելի լայն է․ TRIPP-ը կարող է փոխել տասնամյակներով փակված տարածաշրջանային աշխարհագրությունը և երկիրը վերադարձնել արևելք–արևմուտք հաղորդակցությունների հիմնական հոսքերի մեջ։
ԱՄՆ – Ադրբեջան ռազմավարական գործընկերության փաստաթուղթն էլ TRIPP-ը դիտարկում է արդեն որպես Միջին միջանցքի ավելի մեծ համակարգի մաս՝ տրանսպորտը կապելով էներգետիկ, թվային, մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետ։ Այսպիսով նախագծի արժեքը միայն ճանապարհը չէ, այլ այն քաղաքական հենքը, որը կարող է ճանապարհին տալ շուկա, կապեր և երկարաժամկետ նշանակություն։Այդ քաղաքական կապիտալը հիմա տնտեսական ժամանակի պետք է վերածել։
TRIPP-ի հայկական հատվածի երկարությունը մեծ չէ, բայց դրա տնտեսական արժեքը որոշվելու է ժամանակի նկատմամբ մրցակցությամբ։ Մի քանի տարվա ուշացումը կարող է բավարար լինել, որպեսզի բեռնահոսքերը, պայմանագրային կապերն ու լոգիստիկ սովորությունները հաստատվեն այլ ուղղություններով։ Երթուղու ֆիզիկական կառուցումը այս պատմության միայն առաջին փուլն է։ Մրցունակ միջանցք ձևավորվում է կանխատեսելի սակագնով, արագ սպասարկմամբ, վստահելի մաքսային ռեժիմով և երկարաժամկետ գործարար վստահությամբ։
Հայաստանի առաջադրանքը պարզապես TRIPP-ը կառուցելը չէ։ Պետք է այն գործարկել այն պահին, երբ տարածաշրջանային բեռնափոխադրումների քարտեզը դեռ բաց է վերադասավորման համար։ Այդ դեպքում աշխարհագրական դիրքը կարող է վերածվել տնտեսական առավելության։ Ուշացման դեպքում նույն աշխարհագրությունը կարող է մնալ չօգտագործված հնարավորություն։

Բաց մի թողեք
Մարդասիրական արժեքների փլուզո՞ւմ…
Կրքոտ հռետորը
Երկրների դերերը՝ տարանցիկ դիրքից դեպի տարածաշրջանային հանգույց