«Լրտեսների նկատմամբ Ավստրիայի մեղմ մոտեցումն այլևս անդառնալիորեն անցյալում է», — հայտնել է արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը։
Վիեննան վաղուց համբավ ունի որպես լրտեսների որջ, սակայն Ավստրիան ուժեղացնում է պայքարը լրտեսության դեմ։
«Ավստրիան այլևս չի լինի «կույր կետ» Եվրոպայի անվտանգության համակարգում», — հինգշաբթի օրը ասել է արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը՝ այն բանից հետո, երբ չորեքշաբթի կառավարությունը հավանություն տվեց լրտեսության դեմ օրենսդրությունը խստացնելու նախագծին։
«Օտարերկրյա հետախուզական ծառայություններն Ավստրիայում գործում են ավելի ու ավելի ագրեսիվ կերպով, — հավելել է կանցլեր Քրիստիան Շտոկերը։ — Մենք վերջ ենք դնում սրան՝ խստացնելով մեր օրենքները։ Դրանով իսկ մենք նաև օգնում ենք պաշտպանել մեր եվրոպացի գործընկերներին և Ավստրիայում տեղակայված բազմաթիվ միջազգային կազմակերպություններին»։
Թեև նոր օրենսդրությունն ուղղված է ընդհանրապես լրտեսության դեմ, այն, ըստ ներքին փաստաթղթի, հանդիսանում է Ռուսաստանի նկատմամբ նախարարության որդեգրած քաղաքականության ավելի լայն փոփոխության մի մասը։
Ավստրիայի գործող Քրեական օրենսգրքի համաձայն՝ գաղտնի հետախուզական ծառայության գործունեությունը կամ դրան աջակցելը պատժելի է, եթե այն վնաս է հասցնում ավստրիական շահերին։ Սակայն այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների դեմ ուղղված լրտեսությունը նույն կերպ չի կարգավորվում. մի բացթողում, որը կառավարությունն այժմ ցանկանում է վերացնել։
Առաջարկվող օրենսդրությունը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում այնպիսի լրտեսության համար, որն ուղղված է Ավստրիայում կենտրոնակայան կամ գրասենյակներ ունեցող ԵՄ հաստատությունների կամ միջազգային կազմակերպությունների դեմ (օրինակ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը)։ Բուն Ավստրիայի դեմ ուղղված լրտեսության համար նախատեսված առավելագույն պատիժը կավելանա՝ հինգ տարուց դառնալով 10 տարի։
Այս տարվա սկզբին Ավստրիան Ռուսաստանից պահանջեց ապամոնտաժել Վիեննայում գտնվող ռուսական դիվանագիտական օբյեկտներում տեղադրված արբանյակային սարքավորումները՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են օգտագործվել լրտեսության նպատակով։ Այդ ժամանակից ի վեր առնվազն երեք սարքավորում հեռացվել է։ 2025 թվականի մարտից ի վեր երկիրը լրտեսության կասկածանքով արտաքսել է ութ ռուս դիվանագետի։
«Լրտեսների նկատմամբ Ավստրիայի մեղմ մոտեցումն այլևս անցյալում է։ Վիեննան մնում է երկխոսության վայր, սակայն այլևս չի լինի լրտեսության կենտրոնատեղի», — հավելեց Մայնլ-Ռայզինգերը՝ ընդունելով, որ Վիեննան վաղուց հայտնի է որպես լրտեսության օջախ։
Ավստրիայի չեզոքությունը և ՆԱՏՕ-ի անդամ չլինելու կարգավիճակը նպաստել են նման համբավի ձևավորմանը։ Սառը պատերազմի տարիներին «Երկաթե վարագույրին» մոտ լինելու հանգամանքը քաղաքը դարձրել էր Արևելքի և Արևմուտքի հետախուզական ծառայությունների հանդիպման վայր։
Օրենքի նախագիծը նաև քրեականացնում է օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից այսպես կոչված «միանգամյա օգտագործման» գործակալների հավաքագրումը և խստացնում պատիժները որոշակի կիբերհանցագործությունների համար։
Ըստ նախարարության խոսնակի՝ ակնկալվում է, որ օրենսդրական ակտը խորհրդարանը կընդունի հաջորդ տարի, իսկ ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարին։
Այս քայլը Եվրոպայի ազգային անվտանգությունն ամրապնդելուն ուղղված ավելի լայն գործընթացի մի մասն է. մի շարք եվրոպական երկրներ վերանայում են իրենց ազգային օրենսդրությունը և ընդլայնում տեղական հետախուզական ծառայությունների լիազորությունները։


Բաց մի թողեք
Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են լեհ ազգայնականների երթին՝ Կրակովում տեղի ունեցած հրաձգությունից օրեր անց
Էստոնիան ցանկանում է, որ Կոստան և Կալլասը ներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցություններում
Ֆոն դեր Լայենը պաշտպանում է Թուրքիայի նախաձեռնությունը՝ ուղղված էլեկտրիֆիկացման գլոբալ նպատակի իրագործմանը