13/11/2026

EU – Armenia

Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում վերադարձնել տեղահանված ուկրաինացի երեխաներին

Հաստատվել է ուկրաինացի երեխաների տեղահանման առնվազն 20 651 դեպք, իսկ մոտ 1,6 միլիոն երեխա մնում է ռուսական օկուպացիայի տակ։ Քննարկումների ընթացքում մի շարք պատգամավորներ ուկրաինացի երեխաների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը որակել են որպես «ցեղասպանություն»։

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են, որ Ռուսաստանն անհապաղ դադարեցնի ուկրաինացի երեխաների հարկադիր տեղահանման պրակտիկան՝ ընդգծելով Մոսկվայի լիակատար պատասխանատվությունը օկուպացված տարածքներում ապրող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում։

Բանաձևում, որն ընդունվել է 536 կողմ, 8 դեմ և 37 ձեռնպահ ձայներով, եվրոպացի օրենսդիրները դատապարտել են պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների համակարգված տեղահանումը, նրանց հարկադիր տեղափոխումը, ապօրինի որդեգրումը, հարկադիր ռուսացումը, գաղափարական ներարկումն ու ռազմականացումը։

Եվրախորհրդարանը մեկ տարուց ավելի առաջ արդեն իսկ ընդունել էր նմանատիպ բանաձև։

Եվրախորհրդարանի պատգամավորները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ, անվտանգ և անվերապահորեն վերադարձնել Ուկրաինա բոլոր այն ուկրաինացի երեխաներին, ովքեր տեղահանվել կամ հարկադիր տեղափոխվել են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

Ըստ Բրյուսելի տվյալների՝ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ հաստատվել է Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների տեղահանման և հարկադիր տեղափոխման 20 651 դեպք։ Միաժամանակ, գնահատվում է, որ մոտ 1,6 միլիոն ուկրաինացի երեխա մնում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։ 2026 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ օկուպացված տարածքներից տեղահանված, հարկադիր տարված կամ տարհանված երեխաներից 2752-ը վերադարձվել են։

Փաստաթղթում նշվում է, որ երեխաների վերադարձը միջազգային իրավունքով սահմանված պարտավորություն է, որը չի կարող օգտագործվել որպես քաղաքական սակարկությունների առարկա կամ կապվել տարածքային զիջումների, գերիների փոխանակման կամ այլ քաղաքական պայմանավորվածությունների հետ։

Բանաձևի հեղինակները պնդում են, որ նման վերադարձը ոչ միայն հրատապ հումանիտար խնդիր է, այլև պետք է դառ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ ռուսական ուժերի և իշխանությունների գործողությունները ուկրաինացի երեխաների նկատմամբ որակել են որպես ցեղասպանություն։

Այս եզրույթը քննարկման ընթացքում օգտագործել են, մասնավորապես, լատվիացի պատգամավոր Ռիհարդս Կոլսը («Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» խմբակցությունից) և լիտվացի պատգամավոր Պետրաս Աուշտրյավիչյուսը («Վերականգնել Եվրոպան» խմբակցությունից)։ Վերջինս նշել է. «Սրանք ռազմական հանցագործություններ են, հանցագործություններ մարդկության դեմ և ցեղասպանությունը քողարկելու փորձ։ Ուկրաինացի երեխաներն ունեն միայն մեկ հայրենիք՝ Ուկրաինան։ Նրանց տեղն այնտեղ է»։

Ըստ միջազգային իրավունքի՝ երեխաների հարկադիր տեղափոխումը մեկ խմբից մյուսը՝ այդ խումբը ոչնչացնելու մտադրությամբ, համարվում է ցեղասպանություն և ենթակա է պատժի։ Այս մասին իր հրապարակումներից մեկում նշում է «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը», որն ամենամեծ խմբակցությունն ունի Եվրախորհրդարանում։

Քննարկման ընթացքում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը ենթադրություն հայտնեց, որ Ռուսաստանը, հնարավոր է, արդեն իսկ ուղարկում է առևանգված ուկրաինացի երեխաներին՝ կռվելու սեփական երկրի դեմ։

Եվրախորհրդարանը նաև պահանջեց անհապաղ փակել այն առցանց կատալոգները, որոնցում ուկրաինացի երեխաներին առաջարկում են որդեգրման կամ խնամատար ընտանիքներում տեղավորելու համար։

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ արեց ԵՄ անդամ պետություններին ակտիվացնել գործնական համագործակցությունը Ուկրաինայի, միջազգային գործընկերների և մասնագիտացված կազմակերպությունների հետ՝ անհետ կորած և արտաքսված երեխաների նույնականացումը, փաստաթղթավորումը, որոնումը և վերադարձը արագացնելու համար։

Բացի այդ, առաջարկվում է ընդլայնել ԵՄ-ի գործող պատժամիջոցները երեխաների արտաքսմանը մասնակցող պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ։

Եվրոպական խորհրդարան. ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները պետք է պատասխան տան
Եվրոպական խորհրդարանը կրկին լիակատար աջակցություն հայտնեց Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), դրա անկախ և անարգել աշխատանքին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի Դաշնությունում երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ նրա կողմից տրված ձերբակալման օրդերներին։ Օրդերները կապված են պատերազմական հանցագործություն կատարելու մեղադրանքների հետ, մասնավորապես՝ ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման և տեղափոխման։

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները շեշտեցին, որ պատասխանատվությունը պետք է տարածվի ոչ միայն Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այլև այդ հանցագործությունների կատարմանը կամ դրանց նպաստմանը անմիջականորեն ներգրավված անձանց ամբողջ շղթայի վրա։